четверг, 2 февраля 2017 г.

Այլընտրանք․․․

Մարդիկ սիրում են երազել, պատկերացնել իրենց ուզած աշխարհում, ոմանք երազում են չարություն, ոմանք՝ բարություն, ոմանք՝ գերբնական ուժ, ոմանք՝ հարստություն, ոմանք էլ՝ չեն երազում:
Այդ երազանքները նման են մի անծայրածիր տարածքի, որտեղ մտածածդ ու ցանկացածդ դառնում է իրականություն: Այդ ամենը այնքա՜ն հաճելի է։ Ուզում ես աբողջ կյանքդ պառկել, աչքերդ փակել ու երազել: Բայց ամենը սահման ու վերջ ունի, ու, երբ մի պահ դու  սթափվում ես, վեր ես կենում և հիասթափված շարունակում ես ապրել: Ապրել՝ հասկանալով, որ դու չես համապատասխանում քո երազանքներին: Հասկանալ, որ այն ամենը, ինչ դու երազում ես, այդպես էլ չի դառնա իրականություն, որովհետև տեղի պիտի ունենա հրաշք կամ մոգություն, իսկ մենք հասուն մարդիկ ենք և գիտենք, որ հրաշքները և մոգությունն միայն հեքիաթներում են լինում:
Այսպիսով, հայտնվելով անելանելի վիճակում՝ մարդ սկսում է թերագնահատել ինքն իրեն, թուլանալ ու քայքայվել ներսից, ցանկանալ մեռնել, ուղղակի մեռնել: Դու սկսում ես նսեմացնել քեզ ինքդ քո աչքում, և ամեն մի խելոքի կամ հիմարի ասած երկար կամ բարակ խոսքը ընդունում ես սրտիդ շատ մոտիկ և ինքստինքյան քեզ գցում ես մի այնպիսի խորը հոգեկան և ֆիզիկական փոսի մեջ, որ շատ մեծ հետք է թողնում քո կյանքում: Բայց այս ամենը ընդամենը մտածելակերպի հարց է: Այն մարմինը, հոգին, բնավորությունը, կյանքը, շունչը, որը տրվել է քեզ, պետք է սիրել և գնահատել: Թքած ունելնալ այն երազանքների վրա, որոնք չեն համապատասխանում քեզ, չէ՞ որ դու ես ստեղծում երազանքները, ուրեմն ստեղծիր երազանքներ, որոնք համապատասխանում են քեզ, քո առօրյային։ Գնահատիր այն, ինչ ունես, գնահատիր այն, ինչ կաս, որպեսզի ուրիշներն էլ սկսեն գնահատել և սիրել քեզ: Ոչ ոքի մի գերադասիր քեզանից ավելի: Հազար բան լսիր, բայց ընդունիր մեկը, որովհետև ոչ բոլորի կարծիքն այնքան արժե, որպեսզի դու փոխես քո հայացքները կամ որոշումները: Նույնիսկ դա ուղղակի կարծիք է, որոնք մարդիկ կարող են արտահայտել ինքստինքյան և առանց մտածելու՝ չհասկանալով, որ այդ կարծիքը կարող է շատ բան փոխել ինչ-որ մեկի կյանքում: Սեր, հարգանք, լավատեսություն, կարեկցանք, հոգատարություն, գոհունակություն․ ահա թե ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Եթե մեծամասնությունը մտածում է, որ այն, ինչը լավ է, դա դեռ չի նշանակում, որ դա լավ է: Պետք չէ փոշեկուլի պես մեզ վեր վերցնել այն ամենը, ինչ մեզ բացասական լիցքեր է հաղորդում, այլ անտեսել ու մոռանալ, գնահատել ցանկացած մանրուք ու առավելություն, որը ունես կամ ձեռք ես բերել: Իհարկե, հրաշալի կլիներ, որ այն ամենը ինչ մենք երազում և ցանկանում էինք՝ իրականություն դառնար, բայց այս կյանքը շատ դաժան ու անարդար է այդպիսի ճոխությունների համար, ուրեմն՝ որպեսզի չխորտակվենք, պետք է լինել ուժեղ ու իմաստուն և ապրել կյանքը գոհ ու երջանիկ, չէ՞ որ մեկ անգամ ենք ապրում…

Комментариев нет:

Отправить комментарий