воскресенье, 18 декабря 2022 г.

Սերգեյ Կոզլով «Ձմեռային հեքիաթ»

 Առավոտից ձյուն էր տեղում: Արջուկը, գլուխը վեր բարձրացրած, նստած էր անտառատափի կոճղին, հաշվում  ու լիզում էր քթին իջնող ձյան փաթիլները։

Փաթիլները ընկնում էին արջուկի քիթիկին և մինչ ամբողջովին կիջնեին՝ արջումը կանգնում էր ոտքի մատերի ծայրերին: Օ՜, ինչ զվարճալի էր դա:

-Յոթերորդ,— շշնջաց արջուկը և հիանալով՝ լիզեց քիթը։

Բայց փաթիլները  կախարդված էին. նրանք չէին հալվում և շարունակում էին այդպես մնալ անգամ արջի փորի մեջ:

-Օ՜, բարև, աղավնյակս — ասացին վեց ձյան փաթիլներ իրենց ընկերուհուն, երբ նա հայտնվեց նրանց կողքին: — Անտառում դեռ քամի չկա՞։ Արջուկը դեռ նստա՞ծ է կոճղի վրա: Օ՜, ինչ զվարճալի է արջուկը:

Արջուկը լսում էր, որ ինչ-որ մեկը խոսում է փորի մեջ, բայց ուշադրություն չէր դարձնում:

Իսկ ձյունը անդադար գալիս ու գալիս էր։ Փաթիլներն ավելի ու ավելի հաճախ էին իջնում արջուկի քթին, նստում և ժպտալով ասում. 

-Բարև, արջուկ:

-Շատ հաճելի է, — ասաց արջուկը: -Դուք վաթսունութերորդն եք, — և լպստեց շրթունքները:

Մինչև երեկո, նա երեք հարյուր ձյան փաթիլ էր կերել, և այնքան մրսեց, որ հազիվ հասավ  արջաորջ և անմիջապես քնեց։ Երազում նա տեսավ, որ ինքը փափուկ ձյան փաթիլ է… Եվ որ նա իջնում է ինչ-որ արջուկի  քթի վրա և ասում. «Բարև, արջուկ», իսկ ի պատասխան լսում է. «Շատ հաճելի է, դու երեք հարյուր քսաներորդ ես…»:

«Լամ-պա-րա-պամ», — հնչեց երաժշտությունը: Արջուկը սկսեց պտտվել մի քաղցր, կախարդական պարով, և երեք հարյուր փաթիլ սկսեցին պտտվել նրա հետ միասին: Նրանք  փայլփում էին շուրջբոլորը և, երբ նա հոգնում էր,  նրան վերցնում էին, և նա պտտվում էր, պտտվում էր, պտտվում էր…

Ամբողջ ձմեռ արջուկը  հիվանդ էր։ Նրա քիթը չոր ու տաք էր, իսկ փորի մեջ ձյան փաթիլներ էին պարում։ Եվ միայն գարնանը, երբ ձնհալքի կաթոցը զնգաց ամբողջ անտառով, և թռչունները վերադարձան, նա բացեց աչքերը և տեսավ աթոռակի վրա նստած ոզնուն։ 

Ոզնին ժպտում էր և շարժում ասեղները։

—  Ի՞նչ ես անում այստեղ, -հարցրեց արջուկը:

— Ես սպասում եմ, որ դու առողջանաս, — պատասխանեց ոզնին:

— Երկար  ժամանա՞կ:

— Ամբողջ ձմեռ: Հենց որ իմացա, որ շատ ձյուն ես կերել,  անմիջապես բերեցի իմ բոլոր պաշարները քեզ մոտ …

— Եվ ամբողջ ձմեռ նստել ես իմ կողքի այն աթոռակի՞ն:

— Այո, ես քեզ եղևնի եփուկ էի տալիս խմելու և չորացրած խոտ էի դնում փորիդ…

— Չեմ հիշում, — ասաց արջուկը:

— Իհա՛րկե չես հիշի,՜ — հոգոց հանեց ոզնին: — Դու ամբողջ ձմեռ  ասում էիր, որ ձյան փաթիլ ես։ Ես այնքան էի վախենում, որ  մինչև գարուն դու կհալվես…

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի


Комментариев нет:

Отправить комментарий