вторник, 28 февраля 2017 г.

Անհասցե նամակներ

Նամակներ, որոնք չունեն հասցե։ Նրանք գոյություն ունեն, դա անհերքելի փաստ է, բայց ո՞ւմ համար են․․․։
Նամակներ, որտեղ խոսվում է իմ մասին, ինչ որ մեկի մասին, մեկ ուրիշի մասին էլ։ Այնտեղ խոսվում է ամեն ինչի մասին։ Եվ ահա ես գրում եմ 6-րդ անհասցե նամակը։ Նույնիսկ ծիծաղելու է։ Նամակում պատմում եմ իմ արկածների մասին, իմ զգացմունքների և արտասովոր կանխագուշակումներիս մասին՝ հաճախ իրական, հաճախ հորինված։ Ասես ինձ հետևում են անցյալի, հիշողության ուրվականները, որոնց ես ուզում եմ մոռանալ՝ գրելով անհասցե նամակներ։ Հնարավոր է մի օր ես ցույց կտամ այդ նամակներից մեկը, բյաց մինչ այդ թույլ տվեք հանգստանամ։ Հոգնել եմ ուրիշներին իմ մտքերը բացատրելուց։ Միևնույն է դրանք նույնպես անհասցե են, ինչպես իմ 6-րդ նամակը։ Հիմա, հենց հիմա ես ուզում եմ խզբզել այդ նամակները, բայց երբ կարդում եմ կրկին, հասկանում եմ, որ ջնջելով գրած մտքերը չեմ ազատվի իրակններից։ Միևնուն է ինչ կանեմ ես այդ նամակների հետ, դա նույնքան անհեթեթ է ինչպես այրել քարտեզը այն հույսով, որ քարտեզի վրա նշված վայրն էլ կայրվի։ Իմ անհասցե նամակները իմ ստվերներն են, որոնք հետևում են ինձ միշտ և ամենուր։ Բացակայում է միայն լույսը, որի շնորհիվ մարդիկ կտեսնեն այդ ստվերները։ Նայում եմ նամակներին կրկին, կարդում և վերլուծում ամեն տողը, ասես փորձում եմ վերլուծել ինքս ինձ։ Հետո ուզում եմ ինչ որ մեկին ցույց տամ իմ հերթական հաջողված նամակներից մեկը, բայց նայում եմ շուրջս ու հիշում, որ ոչ ոքի դա չի հետաքրքրի։ Մարդիկ, որոնց ես ճանաչում եմ երբեք չեն տեսել ու չեն տեսնի իմ անհասցե նամակները, այդպես ճիշտ կլինի։ Քանի նրանք անհասցե են․ ես գրում եմ դրանք անկեղծ, առանց ավելորդ չափազանցությունների և գեղեցիկ տողերի, ուղղակի գրում եմ ինչ մտքինս է։ Անհասցե նամակներ, նրանք կան և ոչ ոք չի կարող դա հերքել, բայց ո՞ւմ համար․․․։ 

Комментариев нет:

Отправить комментарий