суббота, 4 февраля 2017 г.

Տխրությանս գունավոր հերոսը

Նա ուրիշ է…
Նրա համար դժվար է ապրել, որովհետև նա ապրել չգիտի, որովհետև նա չի կարողանում ապրել մարդկանց մեջ, իսկ առանց նրանց էլ ապրելն անհնար է թվում: 

Նրա կարոտն է, որ երբեք չի ավարտվում… 
Ասում են նրա փոքրիկ, շատ փոքրիկ կարոտը, շատ է մեծացել, բայց նա, միևնույն է, քարշ է տալիս իր հետ, ինչպես հիշողություններն ենք  կյանքի ընթացքում քարշ տալիս մեզ հետ:
Նրա աչքերը մեծ են ու գեղեցիկ: Նա իր աչքերի մեջ մի ամբողջ աշխարհ է պահում ու նրա աչքերի մեջ հրդեհներ են, որովհետև մարդիկ վառում են իր աշխարհը, որ տաքանան, բայց նա, մեկ է, սիրում է մարդկանց: Նա իր երազները քանդում է ու սպանում է, որ մարդիկ դրանք իրենց ուզած ձևով հավաքեն:
Նա աշխարհ է, գունավոր հեքիաթ ու մի ողջ կյանք: Մի մոլորակ է, որը լքում են, բայց միշտ իրենց գրպանում պահում: Մի կորած հեքիաթ ու գտնված երազ:
Նա ոչինչ չի ուզում, բացի ազատությունից, նա ուզում է ճախրել ու հեռու տանել իրենից իր իսկ ցավը: Նա ուրիշ է, ու իր կյանքում նույնիսկ դատարկությունը գույն ունի, իսկ տխրությունը գունավորում է իր աչքերը ու դրանք ավելի գեղեցիկ դարձնում:

Ես էլ եմ ուրիշ… Ես նրան պահում եմ գրպանումս: Խորհրդավոր ուրիշ եմ ես, որովհետև գունավոր տխրությանս հերոսին՝ նրան, երբեք ոչ ոք չի ճանաչի: Նա ուրիշ է… Նա անուն չունի, անանուն է ձեզ համար: Այլևս մի փնտրեք նրան, նրա աչքերը, մեկ է, չեք գտնի, որովհետև նա էլ չկա … Չկա ոչ մի տեղ...

Комментариев нет:

Отправить комментарий