четверг, 2 февраля 2017 г.

Նպատակ` գաղափարի սահմաններից դուրս

Մենք միշտ մտածում ենք ապագայի մասին, միշտ փորձում ենք կանխատեսել, սահմանափակել, գծել, հաշվարկել, պատկերացնել, հասկանալ, կոնկրետացնել, պլանավորել, ճշգրտացնել, դարձնել այնպես, ինչես մեզ հաճելի է այսօր: Ինչպիսին կուզեինք, որ լիներ մեր այսօրը:
Նրանք, ովքեր ավելի շատ մտածում են ապագայի մասին, իրենց այսօրը զոհաբերում են, որպեսզի ավելի լավը դարձնեն իրենց վաղվա օրը, համարվում են ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդիկ: Բայց ինչով է պակաս այսօրը: Ախր, վաղն էլ այսօրվա նման կդառնա այսօր և ինչպես մնացած այսօրները նույնպես կզոհաբերվեն վաղվա օրը ավելի լավը դարձնելու համար։ Այն վաղվա օրը, որը նույնպես այսօր է դառնալու և զոհաբելվելու է վաղվա օրը լավը դարձնելու համար: Երբ ես ֆիլմ եմ ցանկանում դիտել, ոչ ոքից կարծիք չեմ հարցնում, չեմ նայում այդ ֆիլմը ներկայացնող կարճ հոլովակները, չեմ կարդում սյուժեն, ուղղակի նայում եմ, որպեսզի անսպասելի ու հանկարծակի զգացողությունները, որոնք, իմ կարծիքով, ամենահաճելիներն են, ավելի շատ ունենամ, ավելի շատ վերապրեմ։ Նույն կերպ էլ կյանքում։ Եթե ցանկանում ես ապագայում այդ հաճելի զգացողությունները ավելի շատ ունենալ և վերապրել, չպետք է նայես ուրիշներին, չպետք է հաշվի առնես կողմնակի անձանց կարծիքը։ Այլ ընտրես քո ճանապարհը և շռայլացնես ներկադ։ Ոչ թե ապրես ապագայի մասին երազելով: Վաղվա օրը այնքան անիրական և անորոշ է, ինչքան մեր  երազները: Այսօրը երեկվա համար վաղն է, և ըստ մեր պլանների` այսօրը պետք է ավելի լավը լիներ, քան երեկը, բայց չգիտես ինչու մարդկանց մեծամասնությունը իրենց ամբողջ կյանքը ապրում են կարոտելով ու հիշելով երեկը, ասելով` առաջ ավելի լավ էր, քան հիմա: Համարյա բոլորը դա գիտեն և գիտակցում են, բայց չգիտես ինչու բոլորը շարունակում են պլանավորել իրենց վաղվա օրը` անհարգելով այսօրը: Ամեն ինչին տվել են անուններ, սահմաններ ու սահմանափակումներ: Մանկություն, պատանեկություն, չափահաս տարիք, ծերություն և այլն: Սա կյանք է: Պետք չէ այն սահմանել: Սա կյանք է, և այն այքան հարաբերական ու բազմազան է, որ այս աշխարհում ապրող և ապրած բոլոր մարդիկ իրենց կյանքը ապրել են յուրովի: Սահմանել` նշանակում է սահմանափակել: Բայց խնդիրը այն է, որ  հնարավոր չի սահմանափակել անսահմանափակը՝ կյանքը: Երբ մարդը հասկանում է, որ չի կարող սահմանափակել կյանքը, ստիպված սահմանափակում է ինքն իրեն` դառնալով մոխրագույն, անզգամ, անորակ և միապաղաղ էակ: Ինչո՞ւ է այդպես: Մարդիկ սովոր են իրենց կյանքը դնել սենյակների մեջ: Առաջին հայացքից կասեի, որ մարդու բնույթն է այդպես, բայց չէ: Մարդն ունի միտք ու հոգի, նա ունակ է փոխել իր բնույթը: Դուրս գանք կաղապարներից, գծենք նոր քարտեզներ: Մենք բոլորս անցնում ենք նույն ուղիով, և բոլորը թողնում են իրենց ոտնահետքը այդ ուղու վրա, որի պատճառով այդ ուղին քանդվել է, դարձրել անհարթ, անհավասար, կեղտոտ, անգույն: Այս բացարձակ աշխարհում, այս անսահմանափակ գաղափարների մեջ բոլորը անցնում են նույն ճանապարհով, յուրաքանչյուրը պետք է անցնի իր իսկ սեփական ստեղծած, մտածած, գծած, քանդակած ճանապարհով, որտեղ ինքը կլինի թագավորը, աշխատողը, օրենքը, բժիշկը՝ ամեն ինչը: Կան մարդիկ, որոնք կառչում են անցյալից ու չեն շարժվում ներկայով։ Չեն գիտակցում, որ մարդկությունը զարգանում է ։ Նրանք մնում են անցյալում։ Իսկ ինչու՞ եք այդպես անում։ Ինչո՞ւ եք կայացնում որոշումներ և կառչում դրանցից։ Ինչու չեք ընդունում նոր մտքեր ու գաղափարներ, չէ որ մարդու երևակայությունը անծայրածիր է։ Ինչու չեք ապրում ներկայով, վայելում ներկան։ Այն այնքան գեղեցիկ է, և մի համեմատեք այն անցյալի հետ։ Անցյալը երբեք ետ չեք բերի։ Հարցը նրանում է, որ մենք կարող ենք հորինել, շենացնել, կառուցել, զարդարել ու մեր մասնիկը ներառել ներկայում, ոչ թե անցյալում։ Հիմիկվա մեր սերունդը ավելի խիզախ է, չի մեծացել սովետական դաստիրակությամբ և կարող է փոխել շատ բան, բայց չի անում։ Մարդիկ չափից դուրս տարօրինակ են: Նրանք չեն վախենում պատերազմ գնալուց, բայց վախենում են մասսայում իրենց ուրույն կարծիքը բարձրաձայնելուց: Կարող են հաղթահարել սովը, բայց ոչ ամբոխի ճնշումը: Ի՞նչ է օրենքը, ի՞նչ է քաղաքավարությունը, ի՞նչ է հայոյանքը, ի՞նչ է գոհաբանությունը: Ես մտածում եմ․ արդյոք բացասական է այն երևույթը, որը բոլորը  համարում են բացասական: Եթե բոլորը համարում են բացասական, դա դեռ չի նշանակում, որ դա բացասական է: Ի՞նչ, եթե վատը լավն է, իսկ լավը՝ վատը: Ի՞նչ, եթե մարդ սպանելը լավ բան է: Ի՞նչ, եթե ով չաշխատի՝ նա կուտի: Ինչ եթե, ինչ եթե, ինչ եթե և այսպիսի միլյիարդավոր ինչ եթեներ: Ինչո՞ւ մարդիկ չեն վերցնում ու ստեղծում իրենց սեփական ինչ եթեները: Ինչո՞ւ հետևեմ այն առաջնորդին, որին ես չեմ ընտրել: Ես հասել եմ գիտակցության տարիքի և հանկարծ բոլորը ինձ ասում են, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Ինչը՝ լավ, ինչը՝ վատ: Ինչու՞ չեմ կարող ասել․«Տո ձեր ինչ գործն ա»: Ես չե՞մ կարող որոշել` ինչն է իմ համար լավ: Ոչ, որովհետև դու երեխա ես: Իսկ մտածել եք` ի՞նչ է երեխան։ Երեխան նույն պատանին է, երեխան նույն մեծահասակն ու ծերն է, ուղղակի ավելի քիչ կյանքի փորձ ունի, քան մյուսները: Իմ ընկերները ասում են` ես հիմա երեխա եմ, կմեծանամ նոր կանեմ այսինչ բանը: Սխալ գաղափար է: Մարդը փոքր չի լինում: Բոլորին թվում է, որ երբ նրանք դառնում են 18 տարեկան, մի գերբնական ուժ բացում է իրենց աչքերը և ուղեղի ծալքերը:  Հիմարություն․․․ Ես եմ որոշում, թե ես քանի տարեկան եմ: Իսկ ի՞նչ, եթե օրը 24 ժամ չէ, իսկ րոպեն 60 վարկյան: Ես եմ ուզում որոշեմ, երբ է սկսվում իմ օրը և երբ է այն վերջանում: Անորոշ գաղափարներ, որոնք մեզ կերակրում են` անվանվելով փաստեր: Փաստը այն է, ինչը դու ընդունում ես ու հավատում: Ինձ համար մեկ է, ով ինչ է ասում: 
Ես դեմ եմ համասեռամոլությանը: Բայց այդ մարդիկ շատ խիզախ են: Եվ նրանք իրենց առանձնահատուկ մոտեցումը ունեն ամենաբնազդային, ամենաբնական հարցում: Ինչու մի մարդ այնքան է հասնում, որ արդեն ընտրում է` լինի տղա, թե աղջիկ, իսկ մի մարդ չի լսում իր նախընտրած երաժշտությունը, որ հանկարծ հարևանները չբամբասեն: Այս գաղափարները ուղղակի թարս ապտակ են հասցնում իմ բանականությանը: Կարող եմ հազարավոր գրքեր գրել այս գաղափարների շուրջը: Ինչ է բարոյականությունը: Ով է սահմանել այն: Համարենք ես շատ տարօրինակ մարդ եմ, ունեմ շատ տարօրինակ արժեքների համակարգ, և սահմանում եմ իմ բարոյականությունը: Անբարոյական է այն մարդը, ով դավաճանում է իր կնոջը, ծեծում է նրան, բարձր հայհոյում է փողոցում, գողանում է, սպանում է, բռնաբարում է և այլն: Ինչո՞ւ պետք է հալածվեմ նրա համար, որ իմ բարոյականության պատկերացումը ուրիշ է: Թող ինչքան ուզեն ասեն, որ բարոյականությունը հարաբերական է: Այն սահմանում է մասսան, ամբոխը: Յուրաքանչյուր ժողովուրդ մասսա է, որը ունի իր ուրույն պատկերացումը բարոյականության վերաբերյալ: Անկախ իմ կամքից ծնվել եմ այնպիսի մասսայի մեջ, որի բարոյականության պատկերացումը ինձ հարմար չէ։ Ի՞նչ է, ողջ կյանքս պետք է ապրեմ ինձ համար անբարո կյանքով: Այսինքն, եթե ես ապրում եմ այն բարոյական սահմանումով, որը ինձ հարմար չէ, ես դառնում եմ անբարոյական և իմ ողջ կյանքը անբարոյականություն է:
Մի խոսքով` ես դեմ եմ համակարգին, ես դեմ եմ սահմաններին, դեմ եմ կծկված մտածելակերպներին, ես մասսան չեմ, մի խառնեք ինձ ամբոխի հետ, ես տարբերվում եմ, չեմ ցանկանում ենթարկվել, ուզում եմ ապրել անկախ մասսայի հորինած գաղափարների, գրեմ իմ գիրքը, ոչ թե կարդամ կամ մշակեմ  ուրիշի վատ ձեռագրով գրվածը։ Իսկ եթե դա հնարավոր չէ, ավելի լավ է մեռնեմ, քան թողեմ, որ այս թարախը` այս ինֆեկցիան առաջնորդի ինձ:

Комментариев нет:

Отправить комментарий