среда, 15 февраля 2017 г.

Մեզ չի հասկանա սառն օտարուհին

Կարդացի Տերյանի «Մթնշաղի անուրջներ» և «Երկիր Նաիրի» ժողովածուները և տեսա, զգացի երկու՝ իրարից տարբեր Տերյանների:

Երկուսն էլ կարողացան ինձ հուզել: Մեկն ավելի խորը, ավելի ներքին՝ միայն իմ ու նրա մասին գրածով: Իսկ մյուսն ավելի համընդհանուր` բոլորիս ցավի մասին գրելով: Չգիտեմ՝ որն է ավելի ցավոտ: Այն, որ քո ներսում է, թե այն, որ հավերժ քո կողքին կլինի: Բայց երկուսն էլ շատ անձնական էին և ազդեցիկ: Մարդիկ չպետք է իմանան մեր ցավի մասին: Բանաստեղծություններն այնքան անձնական են, որ հաճելի կլինի դրանք միայնակ ընթերցել: Բայց Տերյանի հետ դու չես կարող միայնակ մնալ: Քեզ հետ կլինեն միշտ ինչ-որ աղոտ պատկերներ, հիշողություններ, մարդիկ գուցե, որ արդեն լքել են քեզ, ձայներ բնության և ինչ-որ հանգիստ երաժշտություն:
Չգիտեմ ինչու «Մթնշաղի անուրջներ»-ն ընթերցելիս ինձ հետ երկու գույներ կային՝ կապույտն ու կանաչը: Գուցե կապույտն իմ արցունքներն էին, ջուրը, որ հոսում էր այդ պահին, իսկ կանաչը հույսն էր, որ մի օր ամեն ինչ կավարտվի ու կրկին կծաղկի:
Պատկերն այլ էր, երբ ընթերցեցի «Երկիր Նաիրին»: Այն երբեմն-երբեմն այնպիսի տեսարաններ էր բերում իմ առաջ, որ դժվարանում էի շարունակել: Ինձ համար դժվար էր ժողովածուն ընթերցելը: Ինչ-որ մեղքի զգացում կար, որ ուրիշներն իմ փոխարեն զգացել են այդ ցավը: Միայն կարմիր էր ու միայն արյուն, ոչ մի դեղին, ոչ մի լույս:

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի, Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ Պատել, պայծառ Նաիրի։

Տերյանը երևի թե չէր էլ կարող պատկերացնել, որ ժողովուրդը կշարունակի ապրել: Անհույս էր թվում ամեն ինչ, բայց հիմա մենք կանք, հենց մենք ենք այդ լույսը։ը:

1 комментарий: