понедельник, 1 мая 2017 г.

Ուղղակի խավար է շուրջս



Երբ ահավոր իրավիճակում ես, քեզ պետք է ընդամենը մի փոքրիկ հույս, կապ չունի` ինչ. անձնավորություն, աստված, աշխատանք, երևույթ, և դու այնպիսի ուժով կկախվես դրանից, որ ակամայից կպատվես վարդագույնով, հոգիդ կլցվի հանգստությամբ, դու ամեն ինչի վրա աչք կփակես, անգամ, եթե քո հույսի աղբյուրը բազում անգամ քեզ հուսախաբ է արել, դավաճանել է, դու, միևնույն է, ատամներով կկառչես այդ հույսից, քանի որ այն միակ բանն է, որ դու ունես այդ դժվար իրավիճակում: 
Անգամ, եթե վստահ ես, որ հերթական անգամ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, միևնույն է, դու մինչև հոգուդ խորքը կվստահես այդ հույսին: Երբ շուրջդ քաոս է ու աչքիդ առաջ հատիկ-հատիկ փշրվում են նպատակներդ ու հեռանկարներդ, այն բոլոր քարտեզները, որը գծել ես, դու սկսում ես փնտրել, փնտրել այնպես, ինչպես անապատում օրերով ծարավ մնացածը կսկսի փնտրել ջուր՝ հանկարծակի հայտված ինչ-որ քաղաքում, ծանոթ, անծանոթ, հարուստ, աղքատ, հիվանդ, առողջ, մեծ, փոքր, տգեղ, գեղեցիկ, միևնույն է, դու թքած ունես ամեն ինչի վրա, միայն գիտես, որ տվյալ պահին քեզ ջուր է հարկավոր այնպես, ինչպես երբեք հարկավոր չի եղել: Դու միանգամից երանի կտաս այն վատին, որը քո հայտնված տվյալ իրավիճակում ամենալավն է: Աջ ու ձախ ջուր կխնդրես: Բայց լինում են կյանքեր, որոնցում բավականին հաճախ են տիրում քաոսներ, ու մարդիկ  ուղղակիորեն չեն ուզում կամ չեն կարողանում ևս մեկ անգամ կառչել իրենց հազարավոր անգամ հուսախաբ արած հույսին, անգամ, եթե դա նրանց միակ հույսն է, կապ չունի ուր են, ինչ են անում, միևնույնն է, նրանք չեն ուզում հերթական անգամ խաբված լինել, ուղղակի չեն ուզում, նրանց հարկավոր է այդ հույսը այնքան, ինչքան թմրամոլին թմրանյութ, երբ նրա մոտ արդեն սկսվել է կախվածությունը չբավարարելու պատճառով մղձաղանջներ ու նոպաներ:
Բայց նրանք գիտեն, որ հերթական անգամ ընունելով այդ թմրանյութը, ավելի են ուժեղացնելու այդ կախվածությունը  ու էլի են ուզելու թմրանյութ, քանի որ վաղ թե ուշ ազդեցությունը կորելու է: Ուզում են հրաժարվել այդ թմրանյութի հույսից, ուզում են մի քայլով մոտենալ այդ կախվածությունից հրաժարվելուն, որպեսզի հաջորդ անգամ քաոսի ժամանակ կարողանան կառավարել իրենց ու չընկնեն խուճապած գիտակցության կողմից նրանց առաջարկվող կեղծ հույսի ազդեցությանից ունեցած ժամանակավոր ուղեղի անջատման գիրկը: Քանի որ բազում անգամներ քաոսի մեջ վստահելով այդ թմրանյութին՝ այնքան են ուժեղացրել այդ կախումը, որ ուղղակի քաոսն ու անհաջողությունը ասոցացնում են այդ թմրանյութի հետ: Նրանց թվում է, որ սա վերջն է, նրանք իրենց հույս են տալիս ևս մեկ անգամ և վերջ: Բայց այդ հույսի ազդեցության տակ երբեք չեն հիշի ու գնահատի այդ հույսը, որովհետև անհրաժեշտություն չկա, որովհետև վտանգ չկա: Դու խղճուկ ես դառնում կախվածության ժամանակ, բայց պատրաստ ես ամեն ինչի, որպեսզի հոգիդ հանգստանա ու չտագնապի այնպես, ինչպես հիմա իմը: Քանի որ աչքերիդ առաջ ուղղակի մթնում է ու չես կարողանում սառը դատել, քանի որ տագնապած ես, ու միակ ելքը, որ երևում է՝ հույսն է, որից արդեն սիրտդ խառնում է: Բայց մի կողմից էլ այլևս չես կարողանում մնալ այդ խավարի մեջ, քանի որ չգիտես հաջորդ հարվածը երբ կլինի ու որտեղից, ուզում ես փախչել, հանել, արթնանալ կամ մեռնել. ելքեր, որոնք կամ չկան, կամ էլ կործանարար են: 
Չգիտես՝ գնաս, թե մնաս տեղումդ, քանի որ դու ուղղակի ոչինչ չես տեսնում, ի վիճակի չես գնահատելու իրավիճակը, որովհետև ուղղակի չգիտես՝ ինչ է կատարվում շուրջդ, հանկարծակի հարցեր են առաջանում. ինչու այսպես եղավ, ուր եմ ես, ինչու եմ այս վիճակում, ինչպես դուրս գամ այս իրավիճակից, ումից օգնություն խնդրեմ, ում հետ խոսեմ, ով կարող է ինձ օգնել: Գոռում ես օգնություն, բայց այնքան տարօրինակ է այդ իրավիճակը, որ անգամ ինքդ չես լսում կոկորդումդ եղած ամբողջ ուժով գոռացած հույսի, ուժի, հավատի ու գիտակցության խղճուկ աղաղակները:
Որպեսզի կարողանաս միշտ հավասարակշռություն պահես այս կյանքում, հարկավոր է պարբերաբար քեզ կողքից նայես, որպեսզի դատես ինքդ քեզ ու քո արաքները ուրիշի աչքերով, բայց երբ փորձում եմ նայել կողքից, ոչինչ չեմ տեսնում, քանի որ ՈՒՂՂԱԿԻ ԽԱՎԱՐ Է ՇՈՒՐՋՍ, մեջս, սրտումս, գլխումս ու մտքումս, և այդ խավարը այքան թունդ է, որ  կարողանում եմ շոշափել, այդ խավարը լցվում է գրպաններս ու ավելացնում է  քաշս, որին  սովոր չեմ ու, որը  ճանապարհս դարձնում է ավելի դժվար ու տանջալից: Եվ այսքան տանջանքների մեջ  դեռ մեջս ուժ եմ փորձում գտնել, որպեսզի չհանձնվեմ ու չտրվեմ հույսի ժամանակավոր լույսին: Լույսը ցրում է խավարը շուրջս, բայց ոչ իմ մեջ: Իմ մեջ մնում է խավարի մի չափաբաժն, որը ստիպում է ինձ անընդհատ լավ, թե վատ իրավիճակներում հազալ, անտանելի ձայներ հանել, խռռալ ու թքել: Քեզ զգում ես զզվելի, բայց դա միակ եղանակն է խավարը միջիցդ հանելու: Շատ քիչ հավանական է, բայց և այնպես հնարավոր է, որ խավարը վերանա այդ ծանր, գարշահոտ, սառը ու ցավ պատճառող խավարը, բայց հույսի պարբերաբար չարաշահման հետևանքով առաջացած կախվածությունը դեռ երկար ժամանակ կմնա քեզ հետ: Եվ ով գիտի՝ հնարավոր է, որ մի օր դու ազատվես  խավարից և այդ թմրանյութ հույսի կախվածությունից, բայց ինչքան էլ ազատվես այդ կախվածությունից, այդ թմրանյութը օգտագործելու հետևանքով թևերիդ վրայի ասեղների ծակոցների սպիները, միևնույն է, կմնան մինչև կյանքիդ վերջ և քեզ կհիշեցնեն ինչքան խղճուկ ու նսեմացուցիչ իրավիճակներում ու քաոսներում ես դու եղել: Եվ այդ հիշողությունները օրերից մի օր կստեղծեն մի մեծ ու նոր ու չտեսնված քաոս, որից դուրս գալու համար քեզ հարկավոր կլինի հույս՝ շատ- շատ մեծ չափաբաժնով հույս:

Комментариев нет:

Отправить комментарий