среда, 24 мая 2017 г.

Փնտրեցի․․․․չգտնելով հորինեցի


Հոգուս դատարկությունը, ծանր քարերով լցված, կարծես նորից թեթևացավ։ 
Հիմա այն իսկապես դատարկ է, առանց թաքնված, բայց գուցե` երեսիս արտահայտված խնդիրների։

Վերջապես բաց թողեցի իմ մուգ ամպը, որը միշտ գլխավերևումս պահած, պարտականության նման  քաշ էի տալիս ամենուր, ինչպես պայուսակս, բայց այն գոնե պետքական էր։
Իսկ ես չեմ սիրում անպետք իրեր, այդ իսկ պատճառով որոշեցի մի փոքրիկ մաքրություն կազմակերպել և ազատել ինձ դրանցից։
Բայց ինչքան էլ այն փոքրիկ թվար, պարզվում է` լավ էլ փոշի էր կուտակվել ու մտել սրտե տնակիս ամենամութ, ամենախորը անկյունները։ Իսկ ես վախենում եմ մթությունից՝ մարդկային մթությունից, նույնիսկ սեփական: Գիշերն անգամ այնքան մութ չէ, որքան մարդը։ Ոչ էլ ձեռքս սիրտ արեցի մտցնել  այդ խորը անկյունները, չուզեցա ևս մեկ անգամ ցավեցնել ինձ` նմանվելով մյուսներին: Քանի որ միշտ փորձել եմ ինքնուրույն մաքրվել, բայց իրականում ավելի ու ավելի եմ խորացրել այդ կույտն իմ մեջ։
Ու որքան էլ, որ սիրեմ մենությունն ու նախընտրեմ հեռու մնալ ամբոխից, դրա կրկնակի անգամ միշտ ուզեցել եմ, որ ինչ-որ մեկը, ում անունը Դու է, կրկին քշի-տանի բոլոր փոշիներն իմ միջից, այս անգամ գուցե` իրեն էլ: Չէ՞ որ մենակ քայլելուս ցանկությունը քեզ փողոցում մենակ հանդիպելուս հույսն էր։ Բայց դու չկաս արդեն դրսում, միայն ներսումս ես։ Գուցե չես էլ եղել, այդ ես եմ քեզ հորինել, սիրելով՝ սրբացրել, ատելով էլ՝ փոշի դարձրել:

Комментариев нет:

Отправить комментарий