Ես բարձրացա տանիք, որպեսզի նետվեմ...
Ընկնելու պահին ինձ մի երազ նվիրեցիր, բայց երբ ցանկացա բացել աչքերս, հասկացա, որ փակ չեն: Ինձ թևեր տվեցիր և ես թռչեցի վեր՝ քեզ հետ:
Ես չզգացի այդ բախման ցավը, չտեսա գետինը մոտիկից, բայց զգացի թե ինչպես դատարկվեց այդ բեռն իմ մեջից: Հիմա ես թեթև եմ, հիմա ես ազատ եմ, բարձր այդ բոլոր տանիքներից:
Ձմեռ է: Բայց տարօրինակն այն է, որ անձրև է տեղում ու քաղաքն ամբողջությամբ ցեխով պատում: Իսկ ես ձյուն եմ տեսնում, ճերմակ, մաքուր՝ քեզ հետ վերևում: Ցուրտ է, բայց եթե չգրկեիր, օդն այդքան սառը չէր թվա հետո: Այլևս չեմ ուզում բաց թողել: Հոգնել եմ բոլոր տատանումներից, անկումներից հազարավոր և հիմա վերջապես գտել եմ այն պահը, երբ ամեն ինչ կանգ է առնում:
Արի հավերժ թռչենք, զգալով շունչը ձմռան ու տեսնելով արևը հեռվում, որ իր մեղմ ժպիտով մեզ ինչ-որ բան է փորձում հասկացնել: Ու եթե պետք է նայեմ ներքև, ապա միայն ծիծաղի համար, քանի որ արդեն չեմ վախենում բարձրությունից:
Իսկ դուք այդտեղ այդպես էլ մնացիք ներքևում՝ ցեխի մեջ կորած ու հիմա ուշադիր ինձ եք հետևում: Գուցե հիանում, գուցե փոշմանում, գուցե անպատվում, բայց ես այլևս ետ չեմ գալու: Ոչ, ես չեմ չվել ու չեմ գտել տաք երկներ, ես իմ ազատության սերն եմ գտել, ով չի կտրել թևերս ու չի պահել ինձ վանդակում:
Комментариев нет:
Отправить комментарий