Պիտի նստեինք այգու բոլոր նստարաններին ու դեռ շատ նայեինք նույն ուղղությամբ․․․
Ամեն նստարան մեկ օրվա պատմություն ուներ։
Մի բան հաստատ կգտնեինք, որ տարօրինակ կթվար մեզ ու կծիծաղեինք: Իսկ գուցե մենք էինք տարօրինակը: Իսկ գուցե մենք պարզապես ուզում էինք ծիծաղել առանց պատճառ:
Ես մենակ էի այս մեծ թաղամասում, բայց դու եկար այս ցուրտ եղանակին: Ափսոս, քեզանից հետոյի սառնությունը քեզանից առաջվա սառնությունը չէ: Այլևս դիմանալու չէ, չնայած, որ հիմա ես նույնպես մենակ չեմ, շուրջս հոգիներն են՝ քո, նրա, բոլորի...…Չէի էլ ուզում մտածել, թե ինչ կլինի հետո, քանի որ գիտեի` չի լինի: Բայց այդ այգում ես երջանիկ էի:
Երեք նստարան ու զրույցներ անավարտ: Չնայած, որ այդ անավարտն իրականում վաղուց ավարտված էր: Քանի որ բառերի արանքում եղած լռությունն էր մերը, անկեղծը, երբ խոսում էին զգացմունքները, որ այդպես էլ մնացին նստարանի տակ ընկած: Դու մոռացար դրանք, իսկ ես դիտավորյալ չուզեցա վերցնել, բայց չդիմացա: Երկուսիս տեղը միայնակ ամբողջը քաշ տվեցի: Ողողվեցի սուտ զգացմունքներով, որոնք իմը չէին, բայց քոնն էլ չէին արդեն: Դրանք չէին ջերմացնում, ոչ էլ սառեցնում, այլ պարզապես բուրում էին: Բուրում հիշողություններով` սուրճի և թեյի, թխվածքների տարբեր, չորացած բնությամբ և իմ ու քո օծանելիքներով: Չեմ ուզում լվանալ վերնաշապիկս, քանի որ միակն է, որ պահում է այդ բուրմունքն իր մեջ: Ես խանդում եմ իրեն, բայց և չեմ ուզում կորցնել: Չնայած արդեն ուշ է, իմ աչքերից հոսող կաթիլները վաղուց են դա արել իմ փոխարեն:
Комментариев нет:
Отправить комментарий