пятница, 14 сентября 2018 г.

Իմ ներսում գտնվող երեխան


Իմ ներսում գտնվող երեխան, իմ ներսի երեխան, այլևս չի ցանկանում խաղալ մենակ:

Սկզբից նրան նստեցնում էին քայլասայլակի մեջ, տալիս էին չխչխկաններ և գնում էին խոհանոց: Եվ երբեմն նայում էին դռան ետևից՝ ստուգում էին:
Նստա՞ծ է: Նստած է: Խաղո՞ւմ է: Խաղում է:
Եվ ոտքի թաթերի վրա կրկին հեռանում էին:
Հետո նրա համար գնում էին գրքեր, խորանարդիկներ, կամ էլ կոնստրուկտոր: Տարբեր տիկնիկներ, տուն-տունիկ, ապրանքատար, տարբեր գունավոր մեքենաներ, ալմբոներ և ներկեր…
Նա գիտի, ինչպես մենակ խաղալ: Նա հիանալի կարողանում է զբաղեցնել ինքն իրեն:
Ի՞նչ եք ասում: Ինչքա՜ն ինքնուրույն երեխա է:
Այո-այո, ինքներս անչափ ուրախ ենք…
Իմ ներսի երեխայի բախտը շատ է բերել: Նա հենց սկզբից գիտեր, որ կան ժամանակներ, երբ հարկավոր է կարողանալ խաղալ մենակ: Զննել խալու և պաստառների վրայի նախշերը: Կարդալ տառերը, լռության մեջ, շարժելով շրթունքները: Հասկանալ Սիրո և Մահի մասին:
Վախենալ թե՛ մեկից, թե՛ մյուսից:
Ցանկանալ և՛ առաջինը և՛ երկրորդը:
Նստել կոտրված տաշտակի առջև: Չվերջացրած շշի առջև: Պատշգամբում՝ ծխախոտը ձեռքին: Անկողնու մեջ՝ արցունքները աչքերին: Անծանոթ քաղաքի կայարանում: Հիվանդանոցի միջանցքում: Նստարանին՝ գերեզմանի մոտ…
Իմ ներսի երեխան արդեն սովորել է գրեթե բոլոր խաղերը, բայց այլևս չի ցանկանում խաղալ մենակ:
Նա այլևս չի՛ ցանկանում:
Որովհետև՝ ախր, պետք է չէ՞ որ ինչ-որ մի տեղ մնացած լինեն երեխաներ:
Նկարը՝ Annie Spratt
Աղբյուր՝ Ребенок, внутри меня, не хочет играть один

Комментариев нет:

Отправить комментарий