Մենք դարձել ենք քարեր
պատերի,
թաց ասֆալտի,
ծովում
ու կամ օվկիանոսում
տիղմոտ քարեր ենք։
Ու կամուրջներ են մեզանով կառուցել.
Քայլում են մեր վրայով,
դոփում,
գոռում,
սիրում իրար,
մեր միջոցով իրենց կյանքից զրկում,
թռչել սովորում։
Դե, իսկ մենք,
մենք ուղղակի քարեր ենք։
Ինչ կարող ենք անել,
բայց ապրում ենք,
ողջ ենք մենք։
Ասում են, թե քարի մեջ արյուն կա,
բայց քո մեջ ոչինչ չկա.
դու սառն ես,
հիմար ես,
սահմանափակ ես։
Մեկ-մեկ էլ հրաբուխ ենք,
ժայթքում ենք,
թափվում իրար վրա,
գրկում իրար։
Չէ, չէ, ճամփորդ ենք
գալիս ենք,
գնում։
Ախր, չէ,
Էդ էլ չէ։
Դու,
դու ամեն ինչ ես։
Էն բարձր շենքն ես,
տանիքն ես,
առավոտվա սև սուրճս,
ցերեկվա վառող, անտանելի արևը,
լուսինն ես աստղերով,
երկինքս,
մոլորակս,
տիեզերքս։
Հետո... ոչինչ ես
ու ամեն ինչը։
Ճիչն ես դատարկության մեջ։
Բայց միևնույն ժամանակ աստղազարդ գիշերվա տեսք ունեցող երիտասարդն ես։
Հեղինակ՝ Անուշ Ազիզբեկյան
Комментариев нет:
Отправить комментарий