понедельник, 18 декабря 2017 г.

Մոսկվան...

Մոսկվան ուրիշ էր...
Մինչև հիմա հիշելիս՝ սրտիս զարկերը արագանում են: Այնտեղ մնացի ընդամենը երեք օր, բայց այդ երեք օրվա մեջ այնքա՜ն կապվեցի Մոսկվային: Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, բայց այնտեղ շատ լավ էր, հանգիստ էր, ճիշտ՝ ինչպես տանը, մի տեսակ ինձ իմ ափսեի մեջ էի զգում: Մոսկվան ինձ ձգում էր, ձգում է ու երևի մոտ ապագայում էլ կշարունակի ձգել:
Մոսկվա գնացել էի  ռուսերենի օլիմպիադային մասնակցելու համար: Մասնակցեցի, ճիշտ է՝ ինձ ու հայաստանցի երեխաներին նվերներ չտվեցին և հաղթողներ չհայտարարեցին, բայց կոմպլիմենտներ արեցին՝ ասելով, որ մենք ռուսերեն շատ լավ գիտենք, և մեզ գնահատեցին մրցույթից դուրս:
Բացի օլիմպիադայից՝ նաև էքսկուրսիաների մասնակցեցինք: Գնացինք Տիեզերագնացության թանգարան: Ընդհանրապես թանգարաններում ժամանակը դանդաղ է անցնում ու ձանձրալի: Բայց այդ թանգարանը այդպիսին չէր: Չեմ ասում, որ ամենա-ամենահետաքրքիր թանգարանն էր, չէ: Ուղղակի այնտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հետաքրքրող ինչ-որ մի բան: Հետո ավտոբուսով շրջեցինք, մեզ պատմեցին հետաքրքիր պատմություններ Մոսկվայի պատմությունից: Բնականաբար, ուղևորվեցինք նաև դեպի Մոսկվայի սիրտը՝ Կարմիր հրապարակ: Այն ինձ միանգամից գերեց: Այնքա՜ն գեղեցիկ էր, լուսավոր, չնայած, որ արդեն երեկո էր ու բավականին մութ՝ Կարմիր հրապարակը ամբողջությամբ լուսավորվում էր: Չկար ոչ մի մութ անկյուն: Ու այնքան մարդ կար, ինձ համար այնքան արտասովոր էր երեկոյան ժամերին դրսում այդքան մարդու տեսնել: Այնքա՜ն շատ էին: Բայց կար ևս մի բան, որը ինձ գրավեց շատ ավելի, քան Կարմիր հրապարակը: Գիտե՞ք, թե ինչը՝ տոնածառերը: Ես դրանց հանդեպ հատուկ թուլություն ունեմ: Ամեն քայլին կարելի էր տեսնել գեղեցիկ զարդարված մի տոնածառ, էլ չեմ ասում՝ մնացած զարդարանքների մասին: Մինչև Կարմիր հրապարակ մտնելը՝ այնքա՜ն տոնածառեր տեսանք, այնքա՜ն գեղեցիկ էին:
Մի խոսքով՝ Մոսկվան շատ հավանեցի, հետաքրքիր կլիներ այնտեղ ապրելը ու նոր մարդկանց հետ, միջավայրին ծանոթանալը: Ասում եմ նոր միջավայր ու մարդիկ, որովհետև Մոսկվան ու Երևանը շատ տարբեր են, բայց միևնույն ժամանակ երկուսն էլ ունեն յուրահատուկ հմայք:  

Комментариев нет:

Отправить комментарий