Առաջ կարծում էի, որ ավելի լավ է մեռնեմ քան ինձ համար թանկ ու սիրելի մարդկանցից հեռու լինեմ:
Հետո հասկացա, որ մահը անվերականգնելի երևույթ է, ու ավելի լավ է մարդիկ լինեն հեռու, բայց երջանիկ: Ու միայն վերջերս հասկացա, որ մահն իրոք անվերականգնելի երևույթ է, որ լավ է լինեն առողջ, թեկուզ հեռու լինեն, բայց վստահ լինեմ, որ ամեն բան կարգին է, որ կենդանի են, որ ապրում են: Ինչ են զգում մարդիկ, երբ հասկանում են այս ամենը, չգիտեի: Դրա համար, երբ բանը հասնում էր մարդկային կորուստներին, լռությունը միակ բանն էր, որ կարող էի տալ մարդկանց. էլ պետք չէր խոսել ու հույս տալ, որովհետև անցել է ու հետ բերելն անհնար էր, դատարկությունը չէր լցվելու միենույն է: Միասին լռելը միակ տարբերակն էր ու այն իրոք օգնում էր: Հիմա մարմնովս դող է անցնում, երբ գիտակցում եմ, որ նույն թմրած վիճակը ինձ էլ կարող է հասնել: Սարսափում եմ, երբ մտածում եմ ինչ կլինի նրանց հետ, ով հնարավոր է, որ գնա անհայտությանն ընդառաջ: Ու ես սա չէի հասկանա, ու չհասկացա, ինչքան էլ դրության մեջ մտնել էի փորձում, մինչև ինքս չզգացի, թե այդ վախը ինչպես պատեց մարմինս, ու ինչպես սրտիցս քար ընկավ, երբ ամեն բան կարգավորվեց...
Комментариев нет:
Отправить комментарий