воскресенье, 5 декабря 2021 г.

Ժամանակակից հայ գրականություն․ Գրիգ

 ՆԿՈՒՂԸ / Գրիգ

Վերլուծություն՝

Միշտ մի բան մնում է անհասկանալի մինչև վերջ: Այս գրողին առաջին անգամ էի կարդում ու ուսումնասիրում: Միշտ էլ, երբ գրողը անծանոթ է լինում քեզ, իր ոճը, գրելաձևը քեզ հարազատ չի լինում, ավելի հետաքրքրությամբ ու ոգևորությամբ ես կարդում: Հենց այդպես էլ եղավ այս անգամ: Բավականին սիրուն ու հետաքրքիր ոճ ունի գրողը, կարողանում է այնպես անել, որպեսզի գեղարվեստական, պատմողական մասը շատ երկար ու ձանձրալի չլինի, իսկ երկխոսությունները՝ անիմաստ չլինեն: Այս երկու կարևոր հանգամանքների կոնտրաստը այսպիսի սիրուն գործ է ստեղծում: Այդ կոնտրաստի փոքրիկ անկյունում էլ թողնում է իմաստուն աֆորիզմներ, որոնք միանգամից աչքդ են ծակում և գերում: Պատմվածքում գրողը ներկայացնում է իր մանկությունը հոր հետ՝ աղքատ միջավայրում: Նրանք ապրում էին նկուղում, իրենց հետ էլ ապրում էին հետաքրքիր գործունեություն վարող, արվեստով ոգեշնչված, սակայն կարիքավոր մարդիկ, բացի մեկից, ով էլ հենց վարձել էր նկուղը: Հետաքրքիր է, բայց հենց այն մարդիկ, ովքեր իրենց ստեղծականությամբ են ցանկանում գումար աշխատել, հիմնականում գնահատված չեն, սակայն չէ որ հենց ամենաբարդ գործերից մեկը այդ կրեատիվ մտածողություն ունենալն է, ավելին ասեմ՝ այս կյանքում ամենակարևոր բանը հենց այդ ուրույն, տարբերվող միտքն ունենալն ու կառավարել կարողանալն է: Չնայած այս սիրուն խոսքերի, միշտ էլ այդպիսի գործունեություն վարող մարդիկ չքավորության մեջ են լինում: Երկար եմ մտածել, թե ի վերջո ովքե՞ր էին նրանք և ի՞նչն էր միավորում այդ տարբեր մարդկանց, երևի աղքատների միակ հարստությունը` հույսը: Իրոք մտածելու տեղիք տվեց այս նախադասությունը: Ոչինչ չի կարող փրկել քեզ որպես անձ, եթե դու ինքդ կորցրել ես հույսը: Ախր, ամենակարևոր բանը, որ մինչև վերջ պետք է մնա քո հոգում հենց դա է, քանի որ առանց հույսի փակվում են բոլոր դռները, բոլոր հնարավորությունները, թվում է թե խամրում է ողջ աշխարհը: Իրոք, հույսը լույսի պես մի բան է, որ անընդհատ ապրում է քո ներաշխարհում է, ուժեղանում, թուլանում, սակայն պետք է երբեք թույլ չտաս, որ այդ մոմի լույսը հանգի, կորի, այն կարող է թուլանալ, սակայն երբ կորի, կկորի քո միտքը, կկորես դու ու քո ապրելու ցանկությունը: Աղքատները պատմվածքում իրոք հարուստ են, եթե ունեն այդ հույսը: Այն, թե ինչքան հարազատ կերպով է հեղինակը ներկայացնում իր հոր հետ անցկացրած ժամանակը, այդ մթնոլորտը, երբ բոլորով նստում էին նկուղում, խոսում, քննարկում, ապրում, աննկարագրելի է: Այդ մթնոլորտը միանգամից դարձավ հարազատ ինձ, ես կարծես ենթագիտակցորեն արդեն պատկերացնում էի նկուղում դրված աթոռները, այդ մարդկանց, իրենց տեսքը, դեմքերը, ամեն բան… Հեղինակի կողմից դա իրոք մեծ կատարված աշխատանք է: Պատմվածքի վերջում, նկուղում ապրող հերոսներից մեկը կարծես խելագարվում է և տարօրինակ բաներ ասելով հեռանում այդտեղից: Ինչ էր ցանկանում նա դրանով հասկացնել, իրականում մինչև վերջ ես ինքս էլ չկարողացա հասկանալ, սակայն դա հաստատ խելագարված մարդու խոսքեր չէին, կարծես այդտեղ մի ուրիշ, խորհրդավոր բան կար, որ ուզում էր նա հասկացնել մեզ:

ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԻՄ ԱԶԳԻ, ԻՄ ՄԱՍԻՆ/ԳՐԻԳ

Վերլուծություն՝

Պատերազմը փոխում է ամեն բան: Դու արթնանում ես մի օր, ու հասկանում, որ այն, ինչ երեկ քեզ համար կարևոր էր, մեկ վայրկյանում դառնում է անկարևոր, այն, ինչ դու համարում էիր սարսափելի իրադարձություն, որտեղ ուղղակի ելք չկա, միանգամից դառնում է անցողիկ իրավիճակ: Փոխվում ես դու… Փոխվում են քո մտքերն ու արժեքները, փոխվում են քո համոզմունքներն ու սկզբունքները ու թվում է, թե ինչը կարող է ուղղակիորեն խառնել ողջ ներաշխարհդ: Այո, հենց պատերազմը: Պատերազմը մեծ ուժ ունի, ունի հզոր ազդեցություն, ու դու ուզած, թե չուզած, ակամայից տրվում ես այդ ազդեցությանը, այդտեղ չի գործում ոչ բանականությունը, ոչ միտքը, ոչ ենթագիտակցությունը, դու ուղղակի անջատվում ես ու քարանում: Ավելին ասեմ՝ այդտեղ անգամ չեն գործում ճիշտ էմոցիաները, այդտեղ խառնվում են քո բոլոր զգացմունքներն ու ապրումները, հաճախ դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ապրում, ինչի միջով ես անցնում, ինչն է քեզ ոգևորում, ինչը տխրեցնում, ինչը կոտրում, դու չես հասկանում ու վերջ, որովհետև պատերազմը փակում է հասկացման ու ընկալման բոլոր ծակերը: Պատմվածքը պատերազմյան օրերի մասին է, ինչպես են մարդիկ կորցնում իրենց անդորրը ու սովորական առօրյան, ինչպես են երեխաները ապրում սարսափի մեջ, ինչպես է անցնում իրենց օրը, որը չունի ոչ մի ապահովագրություն: Իրականում, այստեղ նաև խոսվում է այս հարցի միակողմանի լինելու մասին: Պատմվածքի վերջում հեղինակը հանդես է գալիս այսպիսի արտահայտությամբ՝ թուր­քե­րը սպա­նե­ցին, քեզ նա­յե­լով ա­սում է աղջ­նա­կը, թուր­քե­րը սպա­նե­ցին՝ զրկե­լով քեզ որ­ևէ բառ ար­տա­բե­րե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից ա­սում է, թուր­քե­րը սպա­նե­ցին, ա­սում է, և ­դու հա­վա­տում ես… Իրոք, եթե խորանանք, ապա կհասկանանք, որ փոքրուց մենք նույնպես այս հարցին նայում ենք միայն միակողմանի, չենք տեսնում ուրիշի ցավը, ու այո, չնայած, որ մեր ցավը միգուցե ավելի մեծ է, դրանից դիմացինի ցավը անկարևոր, աննկատելի չպետք է դառնա:

Հեղինակ՝ Անի Արղության

Комментариев нет:

Отправить комментарий