суббота, 11 декабря 2021 г.

Դոնալդ Բիսեթ «Հեքիաթ առաջին ձյան մասին»

 Վաղուց,  շա՜տ վաղուց Աֆրիկայում ապրում էր մի աղջիկ, ով երբևէ ձյուն չէր տեսել: Աղջկա անունը Ամինատա էր:

Մի անգամ Ամինատան շան հետ քայլում էր այգում: Աղջիկը շատ տխուր էր:

— Ինչու՞ ես թախծում,-հարցրեց շունը: 

Շան անունը Կունուլլու էր:

— Դե, որովհետև ես երբևէ ձյուն չեմ տեսել:

— Հա՜ֆ, ես նույնպես, չեմ տեսել,- տխուր ասաց շունը։

— Ես այնքա՜ն շատ եմ երազում ձյուն տեսնել,- հոգոց հանելով ասաց Ամինատան:

— Հա՜ֆ, ես էլ,- հուսահատ ասաց Կինուլլուն:

Այդ գիշեր, երբ Ամինատան և Կինուլլուն գնացին քնելու, և այգում ոչ ոք չմնաց, ծաղիկները սկսեցին զրուցել:

— Լսեցի՞ր,- հարցրեց սև վարդը մանուշակագույն կրոկուսներին,- Ամինատան ոչ մի անգամ ձյուն չի տեսել:

— Հմմ, մտածել է պետք,- ի պատասխան՝ կրակուսները գլխով արեցին:

— Այնքան լավ աղջիկ է,- իրենց խոսքն ասացին մարգարտածաղիկները,- ամեն երեկո մեզ ցնցուղով ջուր է տալիս:

— Պետք է մի բան անենք,- որոշեցին բոլորը:

— Ես գիտեմ՝ ինչ կարելի է անել,- ասաց հարավային քամին, ով այդ երեկո շրջում էր այգում:

-Սպասեք, ես շուտով կվերադառնամ,- և նա սահեց դեպի հյուսիս:

Սահեց հեռու՜- հեռու՜ , անապատների և սարերի վրայով, ծովերի և հարթավայրերի միջով, անտառների և սառած տունդրայով դեպի Հյուսիսային բևեռ, որտեղ ապրում էր հյուսիսային քամին:

— Քեզ ի՞նչ է պետք, ի՞նչ ես անում այստեղ,- զարմացավ հյուսիսային քամին,- ավելի լավ է գնա այստեղից, թե չէ որ քեզ բռնեցի, է՜…

— Թե կարող ես, բռնի´ր,- ուրախ գոչեց հարավային քամին և ետ փախավ: Հյուսիսային քամին թռավ նրա ետևից: Հարավայինը զեփյուռի պես թեթև էր և շատ ավելի արագընթաց: Նա շտապում էր դեպի տուն` Աֆրիկա, իսկ հյուսիսային քամին ոչ մի կերպ չկարողացավ բռնել նրան:

Հարավային քամին հետը տուն տարավ այնպիսի՜ բուք, այնպիսի՜ մի ցուրտ, որ նույնիսկ ամպերը սառեցին ու փոքրացան, իսկ անձրևի փոխարեն գետնին ձյուն թափվեց։ Սպիտակ ձյան փաթիլներ…

Առավոտյան Ամինատան շան հետ դուրս եկավ այգի և տեսավ, որ շուրջբոլորը ճերմակ է:

— Նայի՜ր, Կունուլլո՛ւ, ի՜նչ գեղեցիկ է, ամեն ինչ այնքա՜ն սպիտակ ու փափուկ է: Սա ձյու՞ն է:

-Հա՜ֆ, ձյուն է, այո՛, -հաստատեցլ շունը:

Իսկ հարավային քամին երկար ճանապարհորդելուց հետո հոգնեց ու թաքնվեց շնաբուծարանում՝ հանգստանալու։ Հյուսիսային քամին էլ հոգնեց նրա ետևից վազելուց և թռավ դեպի Հյուսիսային բևեռ։ Արևը նորից դուրս եկավ, ձյունը հալվեց, և այգում նորից ծաղիկները ծաղկեցին:

Թարգմանությունը՝ Մարինա Ղազանչյանի






Комментариев нет:

Отправить комментарий