среда, 24 мая 2017 г.

Անժամկետ

Չէի զգում ժամանակը, սովը: Պարզապես կայի և ցանկանում էի լինել այդ պահին  հավերժ:
Լռելու ժամանակ չկար, անհավատալի էր, բայց անընդհատ ուզում էի խոսել: Վախենում էի ամեն ինչ կրկին թողնել անավարտ:

Երբ պարապությունը խեղդում է քեզ, և դու ձանձրանում ես, երեսուն րոպեն էլ քեզ համար մի անվերջություն է թվում: Իսկ երկար սպասելուց հետո, երբ հանկարծ գիտակցում  ես, որ փակ աչքերի երևակայական կյանքը ուր-որ է կդառնա իրական, երեսուն ժամն էլ բավական չի լինի հավերժություն դառնալու համար:
Հաճելի է, երբ աչքերը փակելիս հիշում ես պահերը, ոչ թե պատկերացնում դրանք: Քանի որ ես հոգնել էի…
Ամեն պատկերացում տանում էր ինձ այս իրականությունից հարյուր մետր այն կողմ` դարձնելով ավելի միայնակ ու ցրված: Թողնելով ինձ ինքս իմ հետ: Ախր, ինձանից էլ էի հոգնել: Իսկ ցրվածության պատճառը գալիս էր երևակայության ավելցուկից:
Ուզում եմ կրկին զգալ այդ հոգևոր սնունդը: Այո, զգալ, ոչ թե գնել: Քանի որ այն ամենը, ինչը կապված է հոգու հետ, անհնար է գնել: Դա զգացողությունների մի կույտ է, որը պետք է արթնանա ներսից:  Ու օգնի ազատվել ֆիզիկական քաղցից և ոչ միայն:

Комментариев нет:

Отправить комментарий