среда, 24 мая 2017 г.

Ես տանն եմ



Մինչ կրթահամալիրի մասին լսելը,հենց այսպիսի միջավայրի մասին էի երազում։

Իհարկե, այստեղ որոշ ժամանակ սովորելուց հետո ես հասկացա, որ իրականում ոչ մեկն էլ չէր կարողացել կրթահամալիրը ներկայացնել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։ Մինչև դու ինքդ քեզ վրա չզգաս, չտեսնես` դու չես կարող պատկերացնել։
Միշտ լարվում եմ, երբ հայտնվում եմ նոր միջավայրում։ Այնպես լավ եմ հիշում, երբ առաջին անգամ ոտք էի դնում կրթահամալիր, այն հինգ մետրը, որ բաժանում էր ինձ դռներից, այն ուղիղ տեղը, որ պետք է անցնեի, հաղթահարեի, պայքարեի ինքս իմ դեմ մինչ կրթահամալիր մտնելը․․․ ի՜նչ ապրումներ էին։
Անհանգստությունից փորս սկսեց ցավել, չգիտեի, թե ներսում ով կա, և ովքեր են ինձ այնտեղից հետևում։ Գուցե չարացած աչքեր, որ սովորաբար հանդիպում էին ինձ մինչ այդ օրը ու փորձում նկատել իմ թերությունները, որոնք այդ պահին չափից շատ էին, չնայած որ ամենաշատը հենց դրանից էի վախենում և փորձում ամեն ինչ ճիշտ անել, բայց հակառակն էր ստացվում։ Սովորականից դանդաղ, ծուռ ու վախվխելով էի քայլում, գլուխս էլ` կախ։
Գուցե ներսից ինձ նայում էին աչքեր, որոնք իմ մեջ արդեն տեսնում էին ապագա սեբաստացու՞ն` իրենց տան անդամի՞ն։
Բայց իրականում, երբ բացեցի դուռը, առաջինը, որ գրավեց իմ ուշադրությունը ՝ անսպասելի բարձր երաժշտությունն էր, լավ եմ հիշում ՝ Coldplay խմբի <<Paradise>>  երգն էր։ Անկախ ինձանից լարվածությունս մի փոքր մարեց։ Միգուցե այդ երգը հենց մեր կրթահամալիրի մասին էր, պարզապես այն ժամանակ դեռ գլխի չէի ընկել։
Իրականում ինձ ոչ մեկն էլ չէր նկատել կրթահամալիր մտնելուց, երբ ես այդ հինգ մետրը քայլելիս քիչ էր մնում փորացավից ընկնեի։ Ես հասկացա մի բան, այստեղ մարդկանց կարևոր չէ, թե դու ինչ տեսք ունես, ինչպես ես քայլում, դու սիրվում ես գործով, քո ինքնատիպ մտքերով։ Ու գրեթե  բոլորն արդեն գտել են իրենց տեղն ու զբաղված են հենց այդ գործով։ Հավես է, երբ մարդ գիտի իր անելիքը ու անում է դա հաճույքով։ Չեմ ուզենա երբեք կրթահամալիրի այս հաճույքով զբաղվածությունը կորի ու բոլորը դառնան պարապ մարդիկ։ Չնայած կարծում եմ` դա անհնար է, քանի որ այստեղ օր օրի ավելանում են մեր զբաղված լինելու հնարավորությունները։ Տիարն ամեն ինչ անում է, որպեսզի մենք գտնենք ինքներս մեզ այս միջավայրում։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի մենք այդ հետաքրքրությունն ու սերը չկորցնենք, քանի որ ստիպած բանը ոչ մեկին պետք չէ։
Սա մեր տունն է, մենք չանենք, ո՞վ պետք է դա անի մեր փոխարեն։ Կուզենք` միասին կնկարենք բոլոր պատերին, չհավանենք` միասին կքանդենք դրանք, փոխարենը միասին մեկ այլ բան կկառուցենք։ Բոլորս գիտենք, հենց նոր գտել ենք կամ դեռ փնտրում ենք մեր անելիքը, բայց, երբ բոլորս հոգով հանդարտ ենք ու շնչում ենք այդ օդը, որ ինքներս ենք ստեղծել ողողված սիրով, ուրեմն մենք բոլորս միասին ենք, բոլորս կրթահամալիրում ենք, բոլորս տանն ենք։

Комментариев нет:

Отправить комментарий