среда, 24 мая 2017 г.

Մի անուշ թախիծ

Կարդացի Վանո Սիրադեղյանի «Սիրելու տարիք» պատմվածքը:
Ի վերջո, որն է սիրելու տարիքը: Երբ արտաքնապես ամեն ինչ գրեթե անփոփոխ է, բայց ոգիդ դառնում է տոկուն: Ու դու չես վախենում կռվից, բայց և գիտես, որ կրկին ջարդված ես տուն վերադառնալու: Երբ ոգիդ այնքան ուժեղ է դարձել, որ այլևս չի մտածում միայնակ տասի դեմ կռիվ դուրս գալուց առաջ: Նա մի նպատակ ունի` այդքանից հետո նայել աղջկա աչքերի մեջ շիտակ հայացքով: Որպեսզի նա չնկատի տղայի կոտրված մարմինը, չխղճա նրան: Չէ՞ որ սիրո մեջ կարևորը աչքերն են ու ոգու ամրությունը, կրակն ու այրումը: Մնացածը կուղղես, կբուժես, բայց սերը ետ չես բերի, երբ կմարի կրակը, իսկ ոգին կլինի կոտրված:
«Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, և նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն» :
 Գեղեցիկը միշտ էլ պետք է գնահատել, բայց այն չպետք է հափշտակի ձեր միտքը: Գուցե դուք սկսեք գերագնահատել այն, ինչն իրականում գոյություն էլ չունի և ընդամենը ձեր երևակայության արդյունքն է: Դուք կույր եք, իսկ ձեզ շրջապատող ցանկացած բան, որը տեսնում եք այդ մթության մեջ, ձեր մտքերն են: Մեր օրերում մարդկանց մեջ կորել է ուշադրությունն ու զգոնությունը։ Նրանք այստեղ են, բայց նրանց սրտերն ու մտքերը դեռ երազում են գեղեցիկի մասին, մինչդեռ կյանքն արդեն սկսել է հարվածել իրականության բռունցքով։

Комментариев нет:

Отправить комментарий