среда, 24 мая 2017 г.

Շատ սիրեք ու շատ ճամփորդեք


ՓՈՔՐԻԿ ՆԱԽԱԲԱՆ-ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ես վերադարձա, կարելի է ասել ամենադժվարն արդեն հաղթահարված է։ Չգրելուս պատճառները տարբեր էին։ Վաղուց էի հասկացել, որ մարդ կարող է հազարավոր պատճառաբանություններ գտնել այն բանի համար, ինչն ինքն իսկապես չի ուզում անել, դրա համար էլ որոշեցի թողնել այդ պատճառները, քանի որ ես միշտ էլ ցանկացել ու գրել եմ, պարզապես ոչ այստեղ։ Բայց գիտեք` զարմանալին ո՞րն է։ Այսքան ժամանակ ինձ հանգիստ չի տվել իմ խիղճը։ Ամեն օր ասում էի․
-Հա-հա, հես է, կնստեմ ու կգրեմ։
Բայց նստում էի թե չէ, տրվում էի մոռացումին ու շեղվում ամենաանպետք բաներով։
Ուղեղումս շատ եմ ստեղծագործել, ափսոս, դրանք չեք կարող ընթերցել։ Ու այսօրն էլ հերթական անբանության օրերից մեկն էր՝ ես խոստացա ինձ, որ կգրեմ ու ոնց տեսնում եք, հրա՜շք, գրում եմ։

ՈՐՏԵՂԻՑ ՍԿՍԵՄ, ԵՍ ԷԼ ՉԳԻՏԵՄ

Սևանն այնքան ուրիշ է հիմա։ Ահա, հենց նոր տվեցի նրա անունն ու աչքիս առաջ ոչ թե կարմիր մարդիկ, աղբը, ռաբիզ երաժշտությունը եկան, այլ Ժայռը, ընկեր Բորիսն ու մի փոքրիկ վրան` լի մեծ մարդկանցով։ Վերջապես գտա ինձ։ Չէ՞ որ տեսարանը, որ մարդ տեսնում է իր առջև, հիմնականում արտացոլանքն է նրա, ինչը թաքնված է իր ներսում: Իսկ այն մնացածն իմը չէր։
Մենք տարբեր ենք, բայց նպատակը մեկն է՝ ճամփորդել։ Դիտավորյալ չասացի ցանկություն, քանի որ ցանկանալն ուրիշ է։ Իսկ մենք մտադրված ենք գնում այդ ճամփորդություններին, պատրաստ ամեն ինչի` և՛ արկածների, և՛ պարելու, և՛ տանջվելու, և՛ հոգնած ջուրը մտնելու։ Քանի գնում,  ոչ թե ավելի եմ ձանձրանում, այլ հակառակը` ավելի եմ սիրահարվում այս ճամբարային առօրյաին ու բոլոր-բոլոր սեբաստացիներին, թե՛ մեծ, թե՛ փոքր։
Այո, ես սիրում եմ տանը մնալ ու գուցե կարողանում եմ օրս կազմակերպել այնպես, որ այն ինձ համար հագեցած թվա, բայց, մեկ է, ճամարային առօրյան լրիվ ուրիշ է։
Ու գիտեք` ես ինչքան ուրախ եմ, որ ճամփորդելու նման հնարավորություն ունեմ։ Այդ լավ պահերը, որ անցկացրել եմ ճամփորդությունների ընթացքում, առանձին-առանձին վերցրած կուզեի նորից վերապրել, դրանք դարձել են ինձ համար քաղցր հուշեր։ Անգամ այնտեղի վեճերը, արցունքները, որ հաճախ թափվել են իմ աչքերից, ես ժպիտով եմ հիշում, չէ՞ որ դրանք այնքան կենցաղային են, երբ նայում ես ջրին։ Ջուրն իր մեջ պահում է բոլոր այդ հիշողությունները ու դրա հետ մեկտեղ այնքան վեր ու հզոր է այդ ամենից։
Ես հասկացա, որ դա վերջն էր, ավելի շուտ մի նոր բանի սկիզբը, երբ ծանրաբեռնված գրաֆիկից ու լարված քննություններից հետո վերջապես մտա  Սևանա սառը ջուրը։ Որը միանգամից մոռացնել տվեց իմ բոլոր ապրումները, տեղիք տալով նորին, ավելի իրականին, որ կապ չունի անգիրի դպրոցի հետ, որը պարզապես իմն է, իմ զգացմունքները։
Մի այլ հաճույք է  մտնել Սևանի լիճ այն մարդկանց հետ, ովքեր քեզ հետ հավասար, գուցե քեզանից էլ շատ տանջվել ու մտածել են քո համար։ Կարծում էի, որ կրթահամալիրի ապակիների ներսում էլ նրանց միշտ բնական ու անկեղծ եմ տեսել, բայց արի ու տես, որ ճամբարը հակառակն է ապացուցում։ Բայց ջուրը միայն օգնեց ինձ ճանաչել ու սիրել բոլորին էլ ավելի շատ։
Լողալ սովորել անգլերենի ուսուցչի, ավելի կոնկրետ՝ միս Բուշի օգնությամբ, ջրի մեջ «Խամ-խամա» պարել, վրանում անձրևից ամբողջովին թրջվել․․․ Ուզում եմ, որ այս տարօրինակ, բայց հիշվող արարքների ցուցակը երբեք չավարտվի։
Ինչպես ասում էր Մարկ Տվենը ՝ միայն երկու բանի համար ենք մենք փոշմանելու մահանալուց հետո՝ որ քիչ ենք սիրել ու քիչ ճամփորդել։

Комментариев нет:

Отправить комментарий