среда, 24 мая 2017 г.

Երեք նստարան

Պիտի նստեինք այգու բոլոր նստարաններին ու դեռ շատ նայեինք նույն ուղղությամբ․․․
Ամեն նստարան մեկ օրվա պատմություն ուներ։
Մի բան հաստատ կգտնեինք, որ տարօրինակ կթվար մեզ ու կծիծաղեինք: Իսկ գուցե մենք էինք տարօրինակը: Իսկ գուցե մենք պարզապես ուզում էինք ծիծաղել առանց պատճառ:
Ես մենակ էի այս մեծ թաղամասում, բայց դու եկար այս ցուրտ եղանակին: Ափսոս, քեզանից հետոյի սառնությունը քեզանից առաջվա սառնությունը չէ: Այլևս դիմանալու չէ, չնայած, որ հիմա ես նույնպես մենակ չեմ, շուրջս հոգիներն են՝ քո, նրա, բոլորի...…Չէի էլ ուզում մտածել, թե ինչ կլինի հետո, քանի որ գիտեի` չի լինի: Բայց այդ այգում ես երջանիկ էի: Երեք նստարան ու զրույցներ անավարտ: Չնայած, որ այդ անավարտն իրականում վաղուց ավարտված էր: Քանի որ բառերի արանքում եղած լռությունն էր մերը, անկեղծը, երբ խոսում էին զգացմունքները, որ այդպես էլ մնացին նստարանի տակ ընկած: Դու մոռացար դրանք, իսկ ես դիտավորյալ չուզեցա վերցնել, բայց չդիմացա: Երկուսիս տեղը միայնակ ամբողջը քաշ տվեցի: Ողողվեցի սուտ զգացմունքներով, որոնք իմը չէին, բայց քոնն էլ չէին արդեն: Դրանք չէին ջերմացնում, ոչ էլ սառեցնում, այլ պարզապես բուրում էին: Բուրում հիշողություններով` սուրճի և թեյի, թխվածքների տարբեր, չորացած բնությամբ և իմ ու քո օծանելիքներով: Չեմ ուզում լվանալ վերնաշապիկս, քանի որ միակն է, որ պահում է այդ բուրմունքն իր մեջ: Ես խանդում եմ իրեն, բայց և չեմ ուզում կորցնել: Չնայած արդեն ուշ է, իմ աչքերից հոսող կաթիլները վաղուց են դա արել իմ փոխարեն:

Комментариев нет:

Отправить комментарий