среда, 24 мая 2017 г.

Կխեղդեմ իմ մեջ լռության լացն ու ․․․

Մարդը գնում է դեպի ամբոխի աղմուկը, որպեսզի խեղդի իր մեջ սեփական լռության լացը…
-Թագոր
Ինձ նույնպես այդպես էր թվում, սակայն հիմա ես կարող եմ չհամաձայնվել այս մտքի հետ։ Ընդհակառակը` գնալով դեպի ամբոխը ես ավելի լռակյաց եմ դառնում։ Լսելն ինձ համար ավելի հետաքրքիր է ու իմ խոսելն էլ առանձնապես ոչ մի էական տարբերություն չի տալիս։ Բայց ամբոխները լինում են տարբեր։ Կան այնպիսինները, որոնց պարզապես լսելուց այնքան բան կարող ես սովորել։ Բայց պատահում է նաև հակառակ երևույթը, ցավոք սրտի ավելի շատ, երբ ցանկություն էլ չի լինում լսելու ու դու փորձում ես որքան հնարավոր է շուտ փախչել այդ ամբոխից։ 
Իրականում այդ աղմկոտ ամբոխները չեն կարող ոչ մի կերպ խեղդել իմ մեջ եղած լռության լացը։ Նրանք կամ ավելի ալեկոծում կամ հանդարտեցնում են այն։
Գուցե ինչ-որ անհատներ, որ գարուն կբերեն ինձ ու կկարողանան ոչ միայն խեղդել, այլև այդ թրջված լռության վրա արմատներ ծլել նորի, գեղեցիկի։ Սակայն ես սովորությանս համաձայն էլի մոռացած կլինեմ գարնան խելագար բնավորության մասին, որը կարող էր փոքր կարկուտով փչացնել ծաղկի բոլոր բողբոջները։ Իսկ հետո ի՞նչ կմնա այնտեղ.՝ կիսաթաց, թոշնած բնություն։ Ես էլ լինելով այդ բնության ամենահասարակ մասնիկը` այլևս ոչ մի ճար չունենալով կպոկվեմ ծառից՝ ամբոխից, դառնալով առանձին տերև՝ անհատ։ Գուցե այդպես ավելի՞ լավ կլինի, հա՛, անկասկած լավ կլինի։ Այլևս հույս չեմ դնի այդ աղմկոտ ամբոխի վրա։ Ինքս կխեղդեմ իմ լռության լացն ու ․․․

Комментариев нет:

Отправить комментарий