понедельник, 15 мая 2017 г.

Աղքատ մարդիկ անկեղծ են լինում



Ես շատ երկար ժամանակ եմ երազել հարստանալ: Շատ երկար ժամանակ ցանկացել եմ հասնել բարձունքներին, բայց, երբ առաջ եմ նայում, ուղղակի կոտրվում եմ, փշրվում: Մարդկանց փոխում է այդ փողը, իսկ առանց դրա մարդիկ ուղղակի մեռնում են: Ունևոր անձինք անգամ ուշադրություն չեն դարձնում անփող և սոված մարդկանց: Ում ձեռքը փող կա, նրա դեմքը ուղղակի սևանում է, ինչպես նաև միտքը: Ախր, այնքան կեղծավորություն ու դատարկություն կա այդ մարդկանց մեջ: Ո՞վ պիտի դրանցից մոտենա բարում նստած սրտաճմլիկ տղամարդուն ու առաջարկի իր ընկերությունը: Բա նրանք էլ ո՞ր կյանքով են ապրում: Հա, վատ օրեր էլ են եղել, ես ամբողջն էլ հիշում եմ: Ես ընկերություն եմ արել բազմաթիվ մարդկանց հետ, ում ընկեր եմ համարել, բայց փոքրուց սկսել եմ հասկանալ թե ինչ է ընկերը ու թե ինչ է չակերտավոր ընկերությունը: Էժանագին արարածներ, ովքեր ցանկանում են ամեն տեղից իրենց պետքականը պոկել: Ընկերներն էլ ավազի պես մաղվում են, և մի օր վերջանում են: Հարուստներն էլ, շփվում են միմյանց հետ մի միայն շահերի համար: Իսկ… իսկ եթե երկուսն էլ ոչինչ չունե՞ն: Այդ ժամանակ արդեն հայտնվում է նոր արժեք՝ ընկերը: Ուղղակի այն մարդը, ով ոչինչ չունի, ոչինչ չի թաքցնում ու կեղծավորություն չի անում: Նա իրեն ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին որ կա: Ունեվորները դեռ պիտի երկար ու փուչ կյանք ապրեն և միայն ծերության ժամանակ իրենց նայեն ու հասկանան, որ իրենք ունեն ամեն ինչ, բայց չունեն ոչինչ: Դեռ երկար պիտ լաց լինեն, գիտակցելով, որ չկա այն իսկական մարդը, ում հետ կկիսեն այդ ամեն ինչը, ինչը ունեն: Ես զգացել եմ այն անկեղծ ընկերությունը: Երբ դուք ոչինչ չունեք, բայց ստեղծում եք ձեր իսկ հրաշք օրը ոչինչից ու վայելում ոչ պակաս հաճույք, քան հարուստը: Երբ դու լաց ես լինում դիմացինիդ շալվարի պատռվածով, իսկ դիմացինդ հանգստացնում է քեզ ասելեվ, թե դա ուղղակի նյութական հիմարություն է ու պետք չի օրը փչացնել դրա պատճառով: Բայց դու գիտես, նա ուրիշ չունի: Մի բանով կապում է շալվարը ու շարունակում հետդ քայլել: Սառնասիրտ և բութ էմոցիաներով մարդ լինելով հանդերձ` աչքերս սկսում է լցվել, երբ հիշում եմ` ինչ է մնացել Հայաստանում, իսկ ծնողներս ինձ առաջ են տանում: Ինչու՞ ես պիտի կորցնեմ նման ընկերոջ: Ախր, նման մարդ ես էլ ամբողջ կյանքում չեմ գտնելու: Մարդկանց մեծամասնությունը անգամ չգիտի, թե ինչ է իրականում նշանակում ընկերություն: Ա՛խ, գրողը տանի, ընկերը նա է, ով հրաժարվում է գնալ զբոսանքի սիրած աղջկա հետ, որպեսզի գնա նույն զբոսանքի իր ընկերոջ հետ, քանզի երկուսն էլ պարզ գիտակցում են, որ հավանած աղջիկը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ ընկերը ընդմիշտ է: Եվ ի վերջո, ախր այդպիսի ընկերության համար աշխարհը շատ փոքր է:

Ես ի՞նչ է, պետք է թանկարժեք շորե՞ր հագնեմ, պիտի մեծ ու շքեղ բնակարա՞ն ունենամ, թե՞ պետք է շքեղ մեքենա քշեմ: Իսկ եթե սկսեմ հասարակ ապրել, բա ի՞նչ պիտի անեմ այն գրողի տարած միլիոնները, որ թափած են լինելու փոքրիկ բնակարանում: Տո թքել եմ ես էդ փողի վրա, եթե դա ինձ կխանգարի ունենալ մարդկային արժեքներ: 

Комментариев нет:

Отправить комментарий