среда, 24 мая 2017 г.

Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…

Այս աղտոտված աշխարհում մենք արդեն գրեթե մոռացել ենք, թե ինչ է մարդկային պահվածքը։ Կարող ենք մեզ պահել կենդանու, քարի նման, բայց մարդ լինելը մոռացել ենք։ Գիտենք ամեն ինչի գինը, բայց գնահատել չգիտենք։ Այն ինչ վաղ ժամանակներում չկար անգամ՝ սրբացրել ենք, իսկ թանկը սկսել անտեսել։
Մարդկային արժանիքները ինձ համար անհասկանալի են դարձել, գուցե ես եմ հնացել։ Քանի որ դրանք այլևս կապ չունեն մարդու հետ։ Այլևս ոչ մեկ չի մտածում հոգու մասին։ Ամենավայրենի կենդանին դարձել է հենց ինքը՝ մարդը։
Փողոցով քայլում ես ու քեզ սպանում են, կրակում, մորթում ու ամենացավոտն այն է, որ դա մարդկանց այլևս չի զարմացնում։ Իսկ եթե լիներ հակառակը՝ ստանայիր ծաղիկներ, գրկախառնություն, քաղցրավենիք անծանոթի կողմից, զարմանալի կլիներ այնպես չէ՞, գուցե անգամ զայրանար որևէ մեկը, ունենալով չար ետին մտքեր ու փորձեր գտնել այդ ամենի մեջ թաքնված վատը, որն իրականում չկա։
Դու այդ ամենը անում ես հենց այնպես, ցանկանալով կիսել քո մեջի բարությունը։ Գուցե նույնը չստանաս, անգամ լսես անտեղի վիրավորանք ու ծեծ ուտես, բայց պետք չէ չարանալ, նրա համար, որ բարի ես եղել այն մարդկանց հանդեպ, ովքեր այդ բարությունը ընկալել են, որպես թուլություն։ Դիմադրի՛ր, եթե դու կարողանում ես բարի ու քնքուշ լինել այս աղտոտված աշխարհում, ուրեմն արդեն ուժեղ ես։

Комментариев нет:

Отправить комментарий