вторник, 21 марта 2017 г.

Կոմիտասը Աբովյանի մասին

«Վաղ պատանեկան օրերես մինչև այսօր իմ հոգու հսկիչն է ան և իմ ուսուցիչը,-ասում է Կոմիտասը:
-Հոգվույս մեջ ամենօրյա արձագանքողը... Աշխատիլ, տքնիլ, պայքարիլ` միայն և միայն ժողովրդիս և մարդկության համար...Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի...Պատանի տարիքիս, Էջմիածնա ճեմարանը ուսանողությանս ատեն երբ առաջին անգամ «Վերք Հայաստանին» կարդացի, հոգվույս մեջ այնպիսի ալեկոծություններ զգացի, որ երբեք չեմ մոռանար...Այդ օրերուն, ընկերոջս մը հետ, վաղ արշալույսին, ճեմարանեն փախչելով և սար ու ձոր կտրելով հասանք Քանաքեռ գյուղ` Աբովյանի ծնած և մեծցած տնակին առջև... Համատարած լռությունը տխրությամբ համակեց մեզ...Քանի մը անգամ անոր տնակին շուրջը պտտեցանք... ոչ ոք տեսանք այնտեղ: Այդ օրը, մեր վերադարձին, Հայաստանյան անծայրածիր դաշտերուն մեջ, մենք քրքրեցինք «Վերքեն» մեր հոգվույն մեջ պահված պատկերներու շարանները... Եվ ուխտեցինք` հավետ մնալ հայ ժողովրդի ճշմարիտ զավակ...»


Նյութի աղբյուրը՝ blognews.am
Նկարի աղբյուրը՝ hy.wikipedia.org


Կոմիտասը և Աբովյանի լուսանկարը

1907 թվի գարնան, երբ առաջին անգամ Փարիզի հայոց առաջնորդարանը գացինք, այնտեղ Կոմիտասի առանձնասենյակին պատին տեսանք Խաչատուր Աբովյանի մեծադիր լուսանկարը: Որքան հոգեթով պատկեր մը ստեղծվեցավ այնտեղ, երբ հայ ժողովուրդի մեծ գուսանը, երգած ատեն, աչքերը հառեց Աբովյանի պատկերին` իբրև ներշնչման աղբյուրի:
Կոմիտասի սրտաշարժ ձայնի ելևէջները կարծես կենդանություն կուտային անոր անշունչ լուսանկարին: Այդ օրերեն մեկը Աբովյանի լուսանկարով հետաքրքրվող հյուրերուն Կոմիտաս հետևյալը ըսավ. «Այս Խաչատուր Աբովյանի լուսանկարը իմ ամենասիրած իրս է. իմ էության հետ մաս կազմող... Մոտ կամ հեռու` ուր որ ճամփորդեմ` հետս կտանիմ զայն: Այս թանկագին նվեր-հիշատակը ինձ տվավ Խրիմյան Հայրիկը` իր կաթողիկոսության առաջին օրերուն»:
1911 թվին` աշնան երեկո մը, հորս հետ այցելեցինք Կոմիտասի Պերա-Լալե փողոցը գտնվող պանսիոնը: Կոմիտասի սենյակի պատին կրկին անգամ տեսա Խաչատուր Աբովյանի Փարիզեն ինծի ծանոթ լուսանկարը: Երբ ուշիուշով դիտեցի Աբովյանի լուսանկարը, մեծ երգիչը, գովելով իմ հետաքրքրասիրությունս, ըսավ. «Ուրեմն` այս օրվընե վերջ` ալ երբեք չմոռնաս, որ մեծանուն Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդական երաժշտությունը հետազոտող երգիչ-երաժիշտ եղած է»...
Աբովյանի մահվան 100-ամյակի առթիվ ՀՍՍՌ Գիտ. ակադեմիայի դահլիճին մեջ, երբ մեր սիրելի վարպետ Դերենիկ Դեմիրճյանը իր ելույթով հայտնաբերեց իր խոր աբովյանագիտությունը, ես առիթեն օգտվելով հարցուցի անոր տասնյակ տարիներ առաջ Կոմիտասի այդ վկայության մասին` ուզելով իմանալ, թե արդյոք Աբովյանի երգիչ-երաժիշտ մը ըլլալուն մասին աղբյուրներ կան: Վարպետի պատասխանը եղավ հետևյալը. «Ոչ միայն երգիչ-երաժիշտ, ապա կիթառ նվագող ալ էր Խաչատուր Աբովյանը»:


Աղավնի Մեսրոպյանի հուշերից
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)


Նյութի աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան ֆեյսբուքյան էջ: 

Комментариев нет:

Отправить комментарий