суббота, 22 мая 2021 г.

Գեղեցիկ բաները ցավից են ստեղծվում

Գեղեցիկ բաները ցավից են ստեղծվում: Երջանկության մասին կարող ես գրել մի քանի տող կամ ավելի, և այդ բավական կլինի, որպեսզի արտահայտես ներսումդ տիրող զգացողությունները, պատմես հոգուդ փոթորիկի մասին, խոսես ներսումդ թռչող թիթեռնիկների մասին: Ցավը…

ցավի մասին կարող ես խոսել, գրել, գոռալ, ճչալ անվերջ ու անսահման, բայց մի՞թե կօգնի: Ոչինչ երբեք բավական չի լինի արտահայտելու այն ցավը, որը զգում ենք: Միայն ցավն ունի մտքերի և անսահման ուժեղ զգացմունքների միահյուսման կարողություն, որը ինչ-որ գեղեցիկի սկիզբ է: Տառապանքը կարող է դառնալ գործիք, որը կարող է ստեղծել անգամ անհավանականը: Ես գիտեմ ցավը: Սկզբում թվում է, թե այնքան ուժեղ ես, որ կարող ես դիմակայել ցավին, բայց հետո… հետո հասկանում ես, որ ցավը ահռելի մեծ է, որ ցավի դիմաց դու փոքրիկ ճնճղուկ ես, ում ցավը, ինչպես փոթորիկը, կարող է տապալել գետնին ու այլևս չկանգնեցնել: Ցավից դրդված ապրելու հիմքեր ես փորձում գտնել, բայց կա՛մ գտնում ես, կա՛մ… Կգա մի օր, երբ ցավը կբթացնի քեզ: Ասում են, ժամանակը բուժում է վերքերը: Իսկապե՞ս… ո՞վ է այդ մխիթարող, բայց ցավեցնող խոսքերի հեղինակը: Ժամանակը չի բուժում վերքերը, այն պարզապես սովորեցնում է ապրել դրանց հետ, կողք — կողքի: Վերքերը չեն լավանում, պարզապես մենք ենք այնքան ուժեղանում, որ սովորում ենք ապրել դրանց հետ ու անգամ երջանիկ լինել, վիրավոր, բայց ՝ երջանիկ: Ցավի մասին պետք է հոգ տանել, սիրել ցավը, սիրել, որովհետև այն մեր կյանքի ամենակարևորի անունն ունի…

Комментариев нет:

Отправить комментарий