четверг, 8 ноября 2018 г.

Ես եմ


Ես Գոհար Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ այստեղ արդեն 7 տարի։ Շատ ու շատ հիշողություններ կապված են այստեղի հետ։ Արդեն հազար անգամ, ամեն տարի գրել եմ, թե ինչ է ինձ համար այս դպրոցը և այստեղի մարդիկ։ Չեմ ուզում կրկնվել։
Կպատմեմ ինձնից։ Դժվար թե ասեմ, որ դպրոցական կյանքը հեշտ է։ Այն իր հետ բերում է շատ բարդություններ և դեռահասության հետ կապ ունեցող խնդիրներ։ Մենք բոլորս աշխատում ենք լինել ընկերասեր, բարի ու մարդամոտ, բայց միևնույն ժամանակ չկորցնել առանձնահատկությունը։ Դա հանգեցնում է պարադոքսի։ Եվ գալիս է ժամանակ, երբ այդ մեթոդը չի աշխատում։ Մենք համարյա չենք շփվում ընկերների հետ դպրոցում, միշտ ականջակալներով ենք, իսկ տանը հակառակը՝ ցանկանում ենք շփում։ Դա շատերի մոտ է նկատվում, չէ որ մենք ռոբոտ չենք։ Եվ ահա ևս մեկ մարդ միացավ քո շրջապատին։  Դա ուրախ բան է, բայց դրա պատճառով կիսվում է ուշադրությունը։ Ես բազմաթիվ անգամ հերքել եմ դա, բայց հետո հասկացա, որ հենց դրանից եմ նեղվում։ Ինձ պետք են անհատականություններ, խմբերը ինձ համար չեն։ Խմբերում դու կորում ես ուրիշների ստվերի տակ՝ այն մարդկանց, ովքեր քեզնից ավելի տաղանդավոր են և մարդամոտ։ Երևի դա է աշակերտի դպրոցական խնդիրներից հիմնականը, կամ էլ միայն իմ։
Այս 7 տարվա ուսումը ինձ տվել է կյանքի փորձ։ Թե ինչպես պետք է հաղթահարել դժվարությունները, լինել այնպիսին, ինչպիսին կաս և ուղղակի վայելել կյանքը՝ բաց չթողելով ոչ մի հնարավորություն։ Շուտով ավարտում եմ` կտանեմ ինձ հետ միայն դրականը։ Այն արևը, որ լուսավորում է մեր դասասենյակները, այն բոլոր ծիծաղաշարժ պատմություններն ու խորիմաստ քննարկումները ինձ հետ կմնան միշտ։ Իմ դասարանցիների այդ անհոգ ժպիտները, տխուր պահերը, միջանցքները, որտեղով մենք քայլել ենք համ ուրախ, համ անհույս պահերին։ Գտել ենք մեզ այստեղ և շարունակում ենք կյանքի ուղին արդեն գիտելիքների և փորձի հսկայական պաշարով։ 
Եվ ահա, «Ես եմ»-ի իմ վերջին նյութը։ Ու ես միշտ էլ հպարտությամբ կասեմ, որ ես եմ՝ <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի շրջանավարտս։

Комментариев нет:

Отправить комментарий