Ես Լուսինե Ավետիսյանն եմ։
Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տասներկուերորդ դասրանում։ Այս ուսումնական տարվանից արդեն ավարտում եմ իմ սիրելի կրթահամալիրը։ Շատ կկարոտեմ մեր ճամփորդությունները, նախագծային շաբաթները։ Այս դպրոցը ինձ ընձեռնել է շատ հնարավորություններ, տվել է ազատություն իմ մտքերի և կարծիքների համար, ինչը չկար իմ նախորդ դպրոցում, որտեղ դասղեկը քո բանտի պահակն էր, տնօրենը` բանտատերը, մի բան սխալ անելու դեպքում քո վրա բղավում էին և անարգում։ Ի տարբերություն դրա` իմ ներկայիս ուսումնական հաստատությունում ինձ բացատրում են իմ սխալը, և բարի ու հաճելի խորհրդի տեսքով հորդորում ճիշտ վարվել մյուս անգամ։ Այս մեթոդը ավելի հասկանալի և ընդունելի է։ Այն հիմնված է ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե վախի և հնազանդության։ Մեր կրթահամալիրը կարծես մի մեծ լիբերալ ընտանիք լինի` պատրաստ միշտ փոփոխությունների դեպի լավը։ Ցանկացած դասաժամի ոչ միայն սովորելն է մեր գլխավոր նպատակը, այլ նաև ստեղծել ուժեղ ընկերական ու բարիդրացիական կապեր աշակերտներիս միջև։ Ցանկացած ուսուցիչ մեր դպրոցում ունի առանձնահատուկ ուսուցման մեթոդներ, և յուրաքանչյուրս կարող ենք ընտրել մեզ համար համահունչ ուսումնական պլան, ինչը դրախտային է։
Ես միայն այս տարվա սեպտեմբերին կողմնորոշվեցի, թե ինչ ուղղությամբ կշարունակեմ իմ ուսումը` գրաֆիկ-դիզայն, ինչի համար ես պետք է հանձնեմ գծագրություն, գծանկար և կոմպոզիցիա։ Դրա համար իմ կրթահամալիրը ինձ մեր Գեղարվեստի դպրոցում առաջարկում է գծանկարի ժամեր։ Դրա համար ես ընտրել եմ միայն երկու լրացուցիչ առարկա` գունանկար և գծանկար, իսկ մնացած ազատ ժամանակը զբաղվում եմ իմ պարապունքներով։
Իմ դպրոցը ինձ տվել է հնարավորություն սովորել մտածել ուրիշ ուղիներով, ինչը ինձ գեղանկարչության արվեստը ուսումնասիրելիս հիմա շատ է պետք գալիս։ Նաև իմ մաթեմատիկայի դասավանդողը ինձ սովորեցրել է` ինչպես մաթեմատիկայի մեջ, այնպես էլ կյանքում անլուծելի խնդիրներ չկան և միշտ պետք է գնալ մինչև վերջ։
Բացի այդ ամենից, այստեղի առավելություններից է այն, որ այստեղ հնարավորություն կա բավականին էժան գումարով ճամփորդել, ինչը չկար իմ մյուս ավագ դպրոցում։ Այս տարվա մարտին եղել ենք Վրաստանում` ուսումնասիրել հարևան երկրի էկոլոգիական, հասարակական խնդիրները, սովորել, թե ինչպես են նրանք այդ խնդիրների լուծումները տեսնում, և հակառակը` մենք ներկայանում էինք մեր փորձով ու խորհուդներով։ Նաև ձեռք բերեցինք վրացահայ ընկերներ, ի դեպ, նրանց հետ մինչ այժմ էլ կապ ենք պահում և հանդիպում, եթե նրանք հյուր են գալիս մեզ։
Այս ամենը ամփոփելով` կասեմ, որ մեր կրթահամալիրը սովորեցրեց կյանքին նոր կողմով նայել, դպրոցին տեսնել ոչ թե բանտ, այլ ազատ ու դրական մի հաստատություն։
Հեղինակ` Լուսինե Ավետիսյան
Հեղինակ` Լուսինե Ավետիսյան
Комментариев нет:
Отправить комментарий