Գիշեր է։ Ուր-որ է կքնեմ։ Դու այստեղ ես, ինչ-որ մի տեղ իմ կողքին։ Աչքերս փակվում
են։ Ասես հետևում ես ինձ, լուռ դիտում, թե ինչպես եմ քնում։ Գիտես, ես արդեն սովորել
եմ քեզ։ Անգիր գիտեմ քո բոլոր սովորությունները։ Օգնի քնեմ․․․։
Շատ մութ է դրսում,
դատարկ ինպես երբեք։ Այնտեղ շատ ցուրտ է։ Ահա, կարծես լսում եմ դռան թակոցը։ Ուզում
ես ներս մտնել։ Երջանիկ եմ, որ ունեմ քեզ, որ ունեմ քեզ զգալու և բացահայտելու հնարավորություն։
Ինչ-որ մի տեղ՝ հեռվում թաղված են պատճառները, դրանց ես ծանոթ չեմ։ Չգիտեմ, թե ինչու
եմ քեզ սիրում, ինչու եմ ուզում քո ամեն մի մասնիկ ինձնով անել և ապրել քո ուրախությամբ։
Ժպտա ինձ։ Թող հիանամ քո անծայրածիր զգացմունքների ալիքով։ Նրանք քշում են ինձ դեպի
երազներ, որտեղ անպայման կլինես դու։ Ինձ ես նայում, ես՝ քեզ։ Սա մեր պահն է, միայն
մեր երազը։ Եկ ինձ հետ։ Ուզում եմ ցույց տամ քեզ մի աշխարհ, որտեղ չկան ուրիշները,
որը միայն քեզ համար է ստեղծված։ Դեռ կողքիս ես։ Տեսնես ինչպիսին ես հիմա։ Հաստատ ավելի
բարձրահասակ, թիկնեղ, բայց նույն ժպիտով, որով գերել ես ինձ դեռ անհիշելի ժամանակներից։
Դարձա քոնը, քո երազով ապրեցի, ուզեցի անէանալ։ Մենք անհետացանք մեր ստեղծած երազում,
չարթնացա էլ ես. մնացի այնտեղ՝ քո հետ։ Գիշեր էր։
Комментариев нет:
Отправить комментарий