воскресенье, 25 ноября 2018 г.

Ես եմ


 download
Ողջույն: Ես Մերին եմ: 2018-2019 թթ. շրջանավարտ:

Ծնվել եմ Միացյալ Նահանգներում: Մի քանի տարի ապրել եմ աշխարհի ամենասիրուն քաղաքներից մեկում, և հասկացել, որ Երևանն ամենահարազատն է: Իմ սրտի քաղաքն է՝ սիրելի փողոցներով, սիրելի դեմքերով, հարազատ մարդկանցով լի:
Սիրում եմ ապրել կյանքը՝ իր բոլոր գույներով: Մեր օրերը հաջորդում են իրար՝ մեկը մեկից տարբեր, սև ու սպիտակ, երկար ու կարճ: Բայց նրանք բոլորը մեկ ընդհանուր հատկություն ունեն: Նրանցից ոչ մեկը երբեք նորից չենք ապրելու:
Անմնացորդ կարող եմ տրվել այն ամենին, ինչը կարող է հետաքրքիր ու հաճելի լինել ինձ համար: Սիրում եմ ամեն ինչի իդեալական ձևը՝ իդեալիստ եմ: Երբեմն շփոթում են քմահաճության, բծախնդրության հետ, բայց իդեալիզմը ամեն բան կատարյալ անելու ու տեսնելու ցանկությունն է: Մոտիվացվում եմ ամենատարբեր ու ծայրահեղ բաներից: Ամենաանծանոթ մարդն էլ կարող է դառնալ իմ մոտիվացիայի աղբյուրը:
Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այստեղ անցկացրել եմ իմ ամենատարբեր ու պայծառ տարիները: Կրթահամալիրը ինձ տվել է ամենակարևորները: Տվել է անփոխարինելի ու թանկ ընկերներ: Կրթահամալիրը սիրելի է դարձել հենց իր միջավայրի շնորհիվ: Ունեմ ամենաջերմ հիշողությունները, որ տարիների ընթացքում հավաքվել են մեկը մյուսի հետևից: Մենք ենք եղել մեր հիշողությունների ստեղծողը, մեր ամեն արկածի հեղինակը ու կազմակերպողը: Կրթահամալիրում անցկացրած տարիները չեմ փոխի ոչնչի հետ: Կրթահամալիրում ես վերագտել և բացահայտել եմ ինձ: Կրթահամալիրը մեծ դեր ունի իմ կյանքում, քանի որ այստեղ գտել եմ այն, ինչ վստահ եմ ուրիշ ոչ մի տեղ չէի գտնի:
Կրթահամալիրում սովորելու տարիներիս ունեցել եմ հաջողություններ: Մասնակցել եմ բազում նախագծերի, ստուգատեսերի, քննարկումների: Եղել եմ ՏՏ ոլորտի նախագահի մրցանակակրի հավակնորդ: Ղեկավարել եմ «Շողակն» պատանեկան ամսագիրը, այնուհետև դարձել «Լապտեր» պատանեկան ամսագրի խմբագիր:
Կրթահամալիրում երազանքները նպատակներ են դառնում, իսկ նպատակները՝ արդյունք: Բոլորն էլ ունեն երազանքներ, նպատակներ, ցանկություններ: Ես էլ: Նպատակներ, որոնց շատ մոտ եմ կանգնած և չեմ վախենում դժվարություններից, քանզի պայքարել է պետք սեփական երազանքների համար: Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում կյաքից: Տարիների ընթացքում սովորել եմ սիրել ու ատել, ընկնել և բարձրանալ, սխալվել և սխալները ուղղել, նվիրվել ու հիասթափվել, աշխատել ու գնահատվել: Կարևորեցի անկեղծությունն, հավատարմությունն ու ընկերությունը:
Պահ է գալիս, որ ստիպված ենք լինում բաժանվել մեր ապրած տարիներից: Ամեն պատմություն ունի սկիզբ և վերջ: Շնորհակալ եմ իմ այս տարիների համար: Այս փուլն էլ կավարտվի, սակայն կմնան ամենաջերմ հիշողությունները դպրոցական տարիներից:
Մի օր վերադառնալու եմ ու պատմեմ իմ կյանքի, հիշողությունների ու գրանցած հաջողությունների մասին: Մնաք բարով…

Комментариев нет:

Отправить комментарий