четверг, 17 августа 2017 г.

Քեզ կներվի, որովհետև դու սիրեցիր․․

Երեկոյան փորձում էի հիշել, թե որ ֆիլմն եմ նայել առավոտյան, որ այդքան տպավորել է ինձ։ Հետո հասկացա, որ ֆիլմ չէր, ֆիլմից էլ լավ էր՝ գիրք էր։
Գրքի ֆիլմը նկարում ես հենց դու։ Եվ ոչ ոք չի կարող խանգարել քեզ երևակայել։ Հերոսները քոնն են, քո ստեղծածը։ Դու ես ընտրում բոլոր գույներն ու անկյունները, որտեղից պետք է տեսնես դրանք։ Դու ես քո ֆիլմի ռեժիսորն ու միակ դիտորդը։ Այդ ֆիլմը միայն գրքի մասին չէ։ Չէ՞ որ, եթե այն միայն գրքի մասին լիներ, բոլորս նույնը կպատկերեիք մեր մտքում։ Բայց այն մերն է։ Ամենքս յուրովի ենք տեսնում այն` դնելով նրա մեջ մեր հոգին։ Ոմանց համար դա կլինի սև և սպիտակ գույների մեջ։ Ոմանց համար այն կունենա տխուր ավարտ կամ կմնա անավարտ։

Իսկ ես պատկերացրի ընթացքը կյանքի, որով սլանում էր Արմանը` երբեմն ետ մնալով դրանից։ Հենց ետ էր գնում, կյանքը կրկին սև երանգ էր ընդունում։ Իսկ երբ փորձում էր վազել նրան համահունչ, ամեն ինչ տակն ու վրա էր լինում, ասես բոլոր գույները լղոզվում էին։ Պետք էր մի պահ դադարեցնել այդ վազքը։ Կանգնել ու բղավել, թե ինչ ես ուզում, իսկ հետո թուլանալ։ Մարդուն պարզապես մարդ էր պետք, ով կլսեր այդ բղավոցը։ Նա գտավ հեղինակին, ով այնքան ուշադիր էր լսում նրան, որ նրա հետ նորից անցավ այդ սև և սպիտակ ճանապարհներով, վերապրելով բոլոր զգացողությունները, որը հետո փոխանցեց ինձ։

Անցյալն այնքան մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդու կյանքի վրա, որ նա մոռանա ապրել ներկայում։ Բայց դու ոչինչ չես փոխի անցյալումդ, եթե չսկսես փոխվել այսօր։ Եվ ի վերջո մարդիկ չեն փոխվում, պարզապես հայտնվում են ճիշտ դերի մեջ, ճիշտ պահին։ Ես էլ էի այդպես կարծում, երբ հանդիպեցի Մարգարիտին։ Բայց նա ինձ հակառակն ապացուցեց։ 


Սերը փոխում է մարդկանց...

Հետգրություն

 «Կամելիազարդ տիկինը» ընթերցելուց հետո այսպիսի մտորումների մի կույտ էր պտտվում շուրջս։ 

2 комментария:

  1. Մագա ջան, գիտե՞ս` հայ գրականությունն էլ իր «Կամելիազարդ տիկինը» ունի. Նար-Դոս «Քնքուշ լարեր»: Որ ժամանակ գտնես ու կարդաս, կխոսենք հետո:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Կկարդամ անպայման, շնորհակալ եմ խորհուրդ տալու համար:

      Удалить