вторник, 1 августа 2017 г.

Այս կյանքում ոչինչ քոնը չէ …


Մի՞թե արժե կամ հնարավոր է բոլորին սիրել։ Միևնույն է,  կարողանալու դեպքում էլ ոչ ոք չի հավատա և չի սիրի քեզ: 

Կասեն, որ կեղծավոր ես, որ դիմակ կա քո դեմքին, չմտածելով, որ այսպես թե այնպես, բոլորս ենք դիմակներ կրում քաղաքավարությունից դրդված. հենց այդ ժամանակ էլ կորցնում ենք անկեղծությունը․․․  

Ծաղրածուն էլ է ժպիտ նկարում դեմքին, որ հանդիսատեսը չտեսնի իր դեմքի հոգնածությունը․․․

Արտաքին ժպիտը նորմալ է, վատն այն է, որ կան մարդիկ, որոնց դիմակները մի քանիսն են․ նրանք դիմակների տակ դժվարանում են գտնել իրենց իրական դեմքը…

Բնությունը նման է մարդկանց։ Ծովը կարող է լինել անաղմուկ և հանդարտ, բայց ներսում ունենալ հանելուկներ, գաղտնիքներ և հարստություններ, իսկ գետը կարող է լինել աղմկոտ, բայց խորքում ունենալ միայն խճաքարեր, իսկ երեսին՝ փրփուր․․․

Այս կյանքում ոչինչ քոնը չէ … 

Սա այն ժամանակ ես հասկանում, երբ նայում ես այն միայնակ շան աչքերին, որն իր տիրոջն է սպասում․․․  

Սակայն տերը մոռացել է նրա մասին, մտածելով, որ կենդանիները մտածել չգիտեն․․․ 

Կամ այն թռչունին, որ այսօր սրա հետ է թռչում, իսկ վաղը` մեկ ուրիշի։ 


Երբ նայում ես երկնքին ու սավառնող թռչուններին, հասկանում ես, որ պետք է լինել թռչունի նման։ 
Հարկավոր է ազատ ճախրել ու չսեփականացնել ոչ ոքի: 
Երջանիկ է պետք ապրել կյանքը, քանզի ևս մեկ անգամ ապրելու երկրորդ հնարավորությունը չես ունենալու։ Երջանկությունը պիտի գտնես քո մեջ՝ քո հոգում և սրտում: 
Մի՛ կապեք ձեր երջանկությունը մարդու կամ շրջապատի հետ, որովհետև քեզնից կարող են խլել ամենաթանկը։ Մինչդեռ քո հոգում ապրող երջանկությունը երբեք չես կորցնի: Այն ոչ ոք չի կարող քեզնից խլել։

Комментариев нет:

Отправить комментарий