суббота, 19 августа 2017 г.

Ինքնագիտակցություն

Ինքնագիտակցություն, Ինքնագնահատական, ինքնասիրություն, ինքնաբացահայտում:
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Քո անձը գիտակցելով, ուսումնասիրելով քո օրգանիզմը, քո արտաքինը, քո բնավորությունը, քո ճաշակը, քո սիրելը, քեզ սիրելը, ճանաչելով ու հասկանալով, այդ պրոցեսին տրվելով է ձևավորվում ինքնասիրությունը: Կյանքի ընթացքում հասկանալով, կենտրոնանալով ինքդ քո վրա, համակերպվելով ինքդ քո հետ, սկսում ես բացահայտել քո տաղանդները, շնորհները, սովորությունները, հասկանում ես, զննում ես քո դաստիարակությունը, հասկանում ես քո ճաշակը: Տարբեր իրավիճակների, դեպքերի, մարդկանց, երևույթների հետ առնչվելով ու տալով քո գնահատականը՝ հասկանում ես քո հայացքները, գաղափարը մտածելակերպը, դժվարությունները ու ոչ սովորական կյանքային պայմանները ստիպում են, որ հասկանաս, գիտակցես, համակերպվես, սիրես կամ ատես քո առավելություններն ու թերությունները: Այսպես էլ ձևավորվում է ինքնաբացահայտումը: Որոշակիորեն ձևավորելով քո ինքնասիրության ու ինքնաբացահայտման գնահատականը՝ կազմում ես կարծիք ինքդ քո անձի վերաբերյալ: Հասկանալով այդ երկու պրոցեսների վերջնական արդյունքները և դրսևորելով քեզ քո ներկայում՝ ինքնըստինքյան ձևավորում ես ինքնագնահատական: Հաջողություններ, անհաջողություններ, հպարտանալու և հօդս ցնդելու առիթներ: Ուղեղը լվալու կամ ափը բռունցք դարձնելու առիթը չափում ես քո ինքնագնահատականով: Տանում ես զուգահեռներ և անում ես համեմատություններ, գնահատում ես քո առաջադիմությունը կամ հակառակը: Եվ այդ առիթների պարբերաբար գնահատումից ձևավորվում է ինքնագնահատականը: Ուրախությամբ կամ պարտադրված սիրով, կամ էլ անհրաժեշտությունից ելնելով տեղավորում ես քո ինքնագնահատականը, ինքնասիրությունը և ինքնաբացահայտումը սպասելիքների, երազանքների, տրամադրության, պատկերացման նեղ կամ լայն ամանի մեջ և ստանում ես քո անձի, կյանքի ներկայի, ապագայի, անցյալի ինքնագիտակցությունը:
Ինքնագիտակցություն: Երբ քո պատկերացումներն ու սպասելիքները չեն տեղավորվում քո ինքնագիտակցության սահմանների մեջ, դու խուճապի ես մատնվում: Երբ որ քեզ փոքր ժամանակ հարցնում էին` ինչ ես ուզում դառնալ, դու ասում էիր գեներալ, թագավոր կամ նախագահ, բայց ձեռք բերելով ինքնագիտակցություն, հասկանում ես, որ կյանքը քեզ ընդամենը մի աման փլավ է տվել: Ու դու ուզում ես փախչել ինքդ քեզանից, քանի որ մինչև ինքնագիտակցության հասնելը քեզ ոչ մեկը չէր ասել, որ կյանքը քեզ համար ընդամենը մի աման փլավ է պատրաստել: Հանգստացիր ու քո ափսեի չափով ախորժակ պահիր: Ուզում ես ձգտես անհնարինին, բայց ինքնագիտակցությունը կախ է ընկել վզիցդ ու քեզ քաշում է ներքև՝ այնտեղ, ուր քո տեղն է: Համակերպվիր` քո տեղը սա է: Անհնարի մասին պատկերացումը սղոցում է ներվային համակարգդ, իսկ դու նստած փլավ ես ուտում ու չես կշտանում, որովհետև քեզ ասում էին, որ դու ամենալավն ես: Ոչ մեկը չի ասել` վեր ընկիր տեղդ, ինչ ուզում ես արա, բայց գլխիցդ բարձր չես թռչի: Փախչում ես քո ներկայի գիտակցությունից, բայց քեզ թվում է` փախել ես արդեն, էլ քեզ ոչինչ չի հետապնդում, բայց նայում ես քեզ ու հասկանում, որ դու ես քո գիտակցությունը, քեզանից փախչել չի լինի: Քեզ մնում է ինքնասպանության կամ էլ մարդասպանի զոհի կարգավիճակ: Չես կարողանում համակերպվել, որ աշխարհ ես եկել հատուկ, որպեսզի դառնաս մարդասպանի զոհ, որ ընդամենը դա է քո կոչումը: Հավատք, Աստված, բարի փերիներ, ինչի հետևից ես ընկել: Հասկացիր, որ դու խորտակված մարդ ես, թեև կանգնած ես լեռան գագաթին: Դու խորտակված ծնվել ես, և դա է քո ինքնագիտակցությունը:
Ինչքան պարզ և բացահայտված է մեր ինքնագիտակցությունը, այնքան ավելի հասկանալի ու լուսավոր է մեր ճամփան: Երազանքների գիրկը ընկնելուց առաջ մի պահ կանգ առեք, նայեք ինքներդ ձեզ և ըստ ձեր ամանի ախորժակ պահեք, որովհետև, եթե չկշտանաք, ոչ ոք ձեզ ավել չի տալու: Ուզում եք` խլեք ուրիշի բաժինը, բայց զգույշ կլինեք` ձերը չխլեն: Ինքնագիտակցությունը մեր կյանքի քարտեզն է, հաշվի առեք` ոմանք չունեն քարտեզ:

1 комментарий:

  1. Նորայր ջան, էս էն դեպքն է, երբ ռուսը կասեր` ну ты даёшь, ֆրանսիացին` ooh la la, իսկ հայը` առը հա...

    ОтветитьУдалить