Հեղինակ՝ Մանե Ջավադյան
Առնակը վստահ քայլերով շարժվում էր դեպի գյուղի վերջը՝ այնտեղ, որտեղ սկսվում էր լեռնային անտառի սահմանը։ Բլխկը, ցածրաձայն մրթմրթում էր, բայց հետ չէր մնում։ Նրա փոքրիկ ոտքերը փորձում էին պահել Առնակի լայն քայլերի տեմպը։
— Լսի՛ր, երիտասա՛րդ, ես դեռ չեմ համաձայնվել,— ասաց Բլխկը, երբ հասան ճանապարհի այն հատվածը, որտեղ սկսվում էր խիտ բուսականությունը։— Էդ որ դու ասպետ ես, ուրեմն կարող ես առանց մտածելու վազել դեպի վտանգը, բայց ես իմ կյանքի նկատմամբ մի քիչ… հըմ… զգույշ եմ, հասկանո՞ւմ ես։
— Լավ, Բլխկ, մի՛ անհանգստացիր,— քմծիծաղ տվեց Առնակը, ձեռքը խփելով գոբլինի ճաղատ գլխին։— Դու իմ կողքին ես, ես քեզ կպաշտպանեմ։
— Հա՛, ոնց որ անցած անգամ, երբ էդ գյուղացիք ինձ ջրաղացին էին կապել ու ասում էին, թե գորտ են բռնել։
—Հո չսպանեցին, չէ՞,— ժպտաց Առնակը։
Բլխկը մի պահ մտածեց, ապա խորը շունչ քաշեց ու գլուխը կախեց։
— Լավ, դու հաղթեցիր։ Բայց եթե մենք մեռնենք, ես առաջինն եմ քեզ անիծելու։
Առնակը միայն ծիծաղեց ու շարունակեց առաջ շարժվել։
Քիչ անց նրանք հասան մի կետի, որտեղ ճանապարհն անհետացավ։ Առջևում՝ միայն բարձր, խիտ ծառեր էին, որոնց ճյուղերը միմյանց հյուսվելով՝ մռայլ ստվեր էին գցում գետնի վրա։ Քամին այդտեղ տարօրինակ էր՝ ավելի սառն ու ծանր, ասես ինչ-որ բան թաքնված էր խավարում։
—Հա՛, ինչ որ տեղից հիշում եմ, որ սա վատ գաղափար էր,- հանկարծ կանգ առավ Բլխկը։— Ասում են՝ այստեղ ժամանակը կորում է, մարդիկ մոլորվում են ու…
— Ու ո՞չ մեկը չի վերադառնում,— շարունակեց Առնակը, սուր հայացքով նայելով անտառին։— Դե ուրեմն մենք կդառնանք առաջինները։
Նա առանց վարանելու մեկ քայլ առաջ գցեց, ներս մտնելով Անվերջ Անտառի սահմանը։ Բլխկը կանգնեց տեղում, ապա նայեց ետ՝ դեպի գյուղի հեռավոր լույսերը, մի պահ մտածեց ու ծանր հառաչեց։
— Էհ, դու էլ իմ պատիժը եղար,— ասաց նա ու հետևեց իր ընկերոջը՝ չնկատելով, որ մութ ծառերի հետևում ինչ-որ բան սկսեց շարժվել…
Անտառը լուռ էր, բայց այդ լռության տակ ինչ-որ բան կար։ Ինչ-որ շշուկներ, ինչ-որ մեղմ, հազիվ լսելի շրշյուն, որը գալիս էր բոլոր կողմերից, ասես անտեսանելի արարածներ էին հետևում նրանց ամեն քայլին։
— Ինձ ամենևին դուր չի գալիս այս տեղը, — մռթմռթաց Բլխկը, նայելով աջ ու ձախ։
— Ծառերը շատ բարձր են, իսկ հողը… դե ասեմ, որ շարժվում է, կասես, որ խելագարվել եմ։
Առնակը գլուխը թափ տվեց։
— Գիտե՞ս, երբեմն ավելի լավ է չխոսես, քան…
Նա չհասցրեց ավարտել խոսքը, երբ հանկարծ ծառերից մեկը ցնցվեց, ու նրա հաստ բնից դուրս եկավ մի տարօրինակ, վառ կարմիր աչքերով էակ։ Դա փոքրիկ արարած էր, մարմինը ծառի հյուսվածքի պես, իսկ ձեռքերն ու ոտքերը նման էին արմատների։ Նրա երկար մատները ճկվում էին, ասես նա պատրաստվում էր ինչ-որ կախարդական բան անել։
— Ասպետ, դու ո՞վ ես, որ մտել ես մեր անտառը, — էակը խոսեց զարմանալի խռպոտ ձայնով։
Բլխկը արագ թաքնվեց Առնակի թիկունքում։
— Վա՜յ, հիմա մեզ կվերածի լպրծուն գորտերի, տեսնում ե՞ս աչքերը, դրանք լավ բան չեն ասում։
Սակայն Առնակը միայն թեթև ժպտաց։
— Մենք ոչ մեկին վնասելու մտադրություն չունենք, — հանգիստ ասաց նա, — մենք պարզապես փնտրում ենք մի աղջկա, որին այստեղից տարել են։
Ծառանման էակը երկար նայեց նրանց, հետո կամաց խշշաց, ու նրա ձայնը հանկարծ ավելի մեղմ դարձավ։
— Եթե վնասելու մտադրություն չունեք, ուրեմն պետք է զգույշ լինեք։ Անտառը ձեզ հետ խաղալու է։ Նա չի սիրում, երբ ներս են մտնում նրանք, ովքեր այստեղից չեն։
— Այդ դեպքում ինչու՞ եք դուք խաղաղ ապրում,- հարցրեց Բլխկը, դեռ թաքնվելով Առնակի ետևում։
— Որովհետև մենք անտառի մի մասն ենք, — պատասխանեց էակը՝ մատները խաչելով։
Հանկարծ հեռվում ինչ-որ բան շարժվեց։ Երկար, փայլուն թևերով արարածներ թռան խիտ ճյուղերի միջով։ Նրանք առյուծի պես ժանիքներ ունեին, բայց ճախրում էին ինչպես թիթեռներ՝ նրանց թևերը լուսավորվելով մթության մեջ։ Մի պահ լռություն տիրեց։
— Դե, սա արդեն չափազանց է, — շշնջաց Բլխկը, — Առնակ, արի արագ գնանք, գտնենք էդ աղջկան ու հետ գանք, տե՛րը նրան անիծի, ես ու՛ր է մտել։
Հենց այդ պահին ինչ-որ բան անցավ նրանց կողքով՝ արագ, մութ, ու թողեց ետևում մի տարօրինակ հոտ՝ խոնավության ու հողի խառնուրդ։
— Շարժվիր, Բլխկ, — ասաց Առնակը, սեղմելով սուրը ձեռքին։ — Մենք կորցնելու ժամանակ չունենք։
Առնակը հանեց պայուսակից մի մեծ քարտեզ ու փռեց այն Բլխկի դեմքին, ման գալով ճիշտ կետը։
— Ըհն գտա, — նա հավագեց քարտեզը ու հետ դրեց այն։ — Այստեղ մոտակայքում պետք է փոքրիկ աշտարակ լինի, հի՞շում ես Ալկոսին, նա այնտեղ է բնակվում։
— Ալկոսի՞ն, են խփնված պապիի՞ն, որ իրեն հրաշագործի տեղ էր դրել։
— Հա՛, հենց ինքը, ճար չունենք, գնում ենք իրա մոտ։
Комментариев нет:
Отправить комментарий