среда, 2 апреля 2025 г.

Նանկիչի Նիիմի «Գոն աղվեսը»

 Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Այս պատմությունն ինձ պատմել է մեր գյուղի ծերունի Մոհեյը, երբ ես դեռ փոքր էի:

Վաղ ժամանակներից Նակայամա տեղամասում, որը գյուղից հեռու չէր, կար մի ամրոց։ Մի ժամանակ, ասում են, այնտեղ ապրում էր Նակայամա անունով մի ազնվական պարոն։

Իսկ ամրոցից ոչ հեռու՝ լեռան վրա, ապրում էր Գոն անունով աղվեսի ձագը։ Նա մեն-մենակ ապրում էր անտառում, մի փոսի մեջ, որը փորել էր պտերների խիտ թավուտների մեջտեղում։

Երեկոյան, երբեմն նաև ցերեկը, Գոնը գնում էր գյուղ՝ չարաճճիություն անելու։ Կա՛մ  կարտոֆիլ էր փորում դաշտում և դես ու դեն գցում, կա՛մ կանճրակի չորացրած թեփուկը վառում, կա՛մ քաշքշում էր պղպեղը, որը գյուղացիները կախում էին բակում։ Մի խոսքով, ամեն տեսակի անկարգություններ։

Աշնանային մի օր երեք օր անընդմեջ հորդառատ անձրև տեղաց, և աղվեսի ձագը ստիպված էր նստել իր բնում։ Երբ անձրևը դադարեց, Գոնը սողաց դուրս և նայեց շուրջը՝ երկինքը բյուրեղյա մաքուր էր, իսկ  մոտակայքում սուլում էր փոքրիկ թռչուն:

Գոնը գնաց  գյուղի մոտ՝ գետի վրա, կառուցված ամբարտակի մոտ: Այնտեղ, ջրի երկայնքով, աճում էր միսկանթուս, որի ցողունների վրա դեռ շողշողում էին անձրևի կաթիլները։ Գետակը, որում ջուրը  սովորաբար շատ քիչ էր լինում, եռօրյա անձրևից զգալիորեն վարարել էր։ Նույնիսկ ափի մոտ աճող միսկանթուսն, որին գետն երբեք չէր հասնում,  կիսով չափ հայտնվել էր դեղնավուն ջրի մեջ՝ օրորվելով պղտոր հոսքում։ Եվ մածուցիկ, թաց ճանապարհով աղվեսն  իջնավ դեպի ափ։

Հանկարծ գետում նա նկատեց կանգնած մարդ: Գոնն անմիջապես սողաց խիտ խոտերի մեջ և, փորձելով չաղմկել, սկսեց այնտեցիղ նայել։

—  Դա Հյոջուն է,  — հասկացավ Գոնը:

Հյոջուն՝ բարձրացրած  հնամաշ սև կիմոնոնյով,  մինչև գոտկատեղը կանգնած   ջրում թափ տալով մաքրում էր թարփիկը՝ ձկների համար հյուսած թակարդը: Նրա  խատիկամի  կապն անընթաթ սողում էր ճակատից, իսկ այտին՝  կարծես փոքր գորտնուկ, օրորվում էր կպած փոքրիկ ծաղկաթերթ։

Վերևում ամրացված էր մի պարկ, որի մեջ Հյոջուն լցնում էր որսը: Նա անմիջապես բարձրացրեց այդ պարկը  ջրից։ Ներսում փայտի կտորների, չորացած տերևների, խոտերի, արմատների խառնաշփոթ էր, բայց մեկ-մեկ շողում էր մի փայլուն թեփուկիկ: Դրանք գեր օձաձկներն էին և հաստափոր բրամեր: Հյոջուն պարկի պարունակությունը՝ որսի և աղբի խառնուրդը, լցրեց  մեծ զամբյուղի մեջ, իսկ պարկը նորից կապեց և իջեցրեց ջրի մեջ: Զամբյուղը ափ բարձրացրեց ու թողեց այն և ինչ-ինչ պատճառներով գնաց հոսանքի հակառակ ուղությամբ։

Հենց Հյոջուն անհետացավ տեսադաշտից, Գոնը դուրս թռավ թաքստոցից և վազեց դեպի զամբյուղը՝ նա ուզում էր մի փոքր զվարճանալ: Նա  հանեց զամբյուղից  ձկները և մեկը մյուսի հետևից  ետ նետեց ջուրն այնպես, որ նրանք հայտնվեն գետի հոսանքից  ավելի ներքև։ Ձուկը բարձր ձայնով ընկնում էր և անմիջապես անհետանում պղտոր ջրի մեջ:

Վերջում մնաց մի շատ գեր օձաձուկ, որին աղվեսը, որքան էլ ջանում էր, չէր կարողանում բռնել թաթիկներով, քանի որ այն չափազանց լպրծուն ու ճարպիկ էր։ Զայրացած Գոնը գլուխը մտցրեց զամբյուղի մեջ և ատամներով ամուր բռնեց օձաձուկը, իսկ այն փաթաթվեց աղվեսի վզին ու շատ ուժեղ սեղմեց։ Եվ հենց այդ ժամանակ երևաց Հյոջուն.

— Հեյ, ի՞նչ ես անում, կարմրահեր գող, — բղավեց նա զայրացած:

Գոնը, վախեցած, անմիջապես ոտքի կանգնեց։ Նա ուզում է թոթափել օձաձկին, բայց այն այնքան ամուր էր կպչել, որ չկարողացավ պոկել նրան: Անելիք չկար, ուստի  վազեց այնքան արագ, որքան կարող էր։

Բնից ոչ հեռու, լաստենի տակ, աղվեսը կանգ առավ, որպեսզի տեսնի, թե արդյոք   կարողացել է փախչել հետապնդումից։ Այո, Հյոջուն ոչ մի տեղ չէր երևում:

Գոնը թեթևությամբ շունչ քաշեց, կծեց օձաձկի գլուխը և վերջապես քաշելով այն իրենից, ցած նետեց՝ թողնելով խոտերի վրա։

Տաս օր անց Գոնը՝ գալով գյուղ, նկատեց անսովոր բան։ Բակերից մեկում գյուղացի Յասկեի կինը թզենու տակ նստած սև էր ներկում ատամները։ Մյուսում՝ դարբին Շիմբեյի մոտ, կինը նստած բակում սանրում էր իր բաց մազերը։

— Գյուղում, կարծես, ինչ-որ բան է պատահել, — որոշեց Գոնը։- Ի՞նչ կարող է դա լինել: Միգուցե աշնանային տո՞ն։ Բայց եթե տոն է, պետք է թմբուկներ ու ֆլեյտաներ լինեն և, իհարկե, բոլորը պետք է գնան բլրի վրա գտնվող տաճար:

Մտածելիս Գոնն ինքն էլ չնկատեց, թե ինչպես հասավ բակում կարմիր ջրհորով տուն, որտեղ ապրում էր Հյոջուն: Փոքրիկ, խարխուլ տանն անսովոր շատ մարդ կար։ Տան առաջ դրված մանղալում կրակ էր վառվում, որի շուրջ եռանդով շարժվում  էին դսնավուր կիմոնոներով կանայք՝ իրանը կապած կտորով։ Կրակի վրա մի հսկայական թավա էր դրված,իսկ նրա մեջ ինչ-որ բան թշշում։

— Հուղարկավորություն է,- հասկացավ փոքրիկ աղվեսը,- Հյոջուի ընտանիքում ինչ-որ մեկը մահացել է:

Կեսօրից հետո Գոնը գնաց գերեզմանատուն, որտեղ թաքնվեց Բուդդաների արձանների ստվերում։ Եղանակը հիասքանչ էր, երևում էր, թե ինչպես է արևը խաղում հեռվում՝ արտացոլվելով հին ամրոցի տանիքում։ Ամբողջ գերեզմանատունը սփռված էր ծաղկած շուշաններով, կարծես ծածկվել է կարմիր գորգով։ Շուտով գյուղի կողմից տարածվեցին զանգի երկարաձիգ ղողանջյունները՝ «Դոն-ն՛», «Դոն-ն՛», «Դոն-ն՛»։ Թաղման արարողությունը սկսվեց:

Հեռվում երևաց սպիտակ շորերով մարդկանց թափորը։ Կամաց-կամաց լսելի դարձավ խոսակցությունը, և, ահա, թափորը մտավ գերեզմանատուն։ Անցնող մարդիկ իրենց հետևից թողնում էին  տրորած շուշաններ։

Գոնը գլուխը դուրս հանեց թաքստոցից՝ ավելի լավ տեսնելու համար: Հյոջուն իր առջև հանգուցյալի անունով տախտակ էր տանում։ Նրա դեմքը՝ սովորաբար նույնքան կարմիր, որքան չմաքրած քաղցր կարտոֆիլը, այսօր կարծես գունաթափ էր կամ հանգչած։

—  Օ՜հ, Հյոջուի մայրն է մահացածը, — կռահեց Գոնը և անմիջապես գլուխը խոնարհեց։

Երեկոյան Գոնը պառկած իր բնում մտածում էր. «Հյոջուի մայրը, հավանաբար, արդեն չէր կարողանում վեր կենալ անկողնուց և ասաց, թե ինչպես է ուզում ուտել մի քանի համեղ օձաձուկ:  Եվ նա տեղադրեց թարփիկը: Եվ ես գողացա օձաձուկը զվարճանքի համար: Եվ դրա պատճառով Հյոջուն չկարողացավ այդ օձաձուկը պատրաստել իր մոր համար: Դրանից հետո մայրը մահացավ և հավանաբար շարունակեց մտածել. «Ա՜հ, ես այնպես տապակած օձաձուկ եմ ուզում»:  Այդպես էլ մահացավ:  Ինչո՞ւ  այդպես վարվեցի»:

Հյոջուն իր բակի ջրհորի մոտ հացահատիկ էր կեղևում։

Հյոջուն միշտ մոր հետ էր ապրում,  իրենց աղքատ տնակում։ Այժմ մայրը չկա   և նա  բոլորովին  մենակ էր։

—  Նա հիմա բոլորովին մենակ է, ինչպես ես, — մտածեց փոքրիկ աղվեսը  նայելով նրա տանը կից մառանիկի հետևից:

Երբ Գոնը դուրս եկավ բակից և պատրաստվում էր տուն գնալ, ինչ-որ տեղից  լսվեց ծովատառեխ վաճառողի ձայնը։

— Ծովատառեխ, ծովատառեխ: Էժան ծովատառեխ: Լավ ծովատառեխ: Թարմ ծովատառեխ:

Գոնը շտապեց դեպի ձայնը։ Հենց այդ ժամանակ Յասկեի կինը բացեց տան դուռը և բղավեց. «Հե՜յ, բեր այստեղ ծովատառեխը»։ Վաճառողը թողեց իր սայլը ճանապարհի եզրին, վերցրեց մի գրկաչափ փայլուն թեփուկներով ծովատառեխ և շարժվեց դեպի Յասկեի տուն։

Գոնը,  գլուխը չկորցրեց, օգտվեց պահից, սայլից հինգ-վեց ձուկ հափշտակեց  ու վազեց հետ։ Հասնելով Հյոջուի  տան մոտ, նա գաղտագողի անցավ դեպի հետևի դուռը և ներս նետեց ծովատառեխը, որից հետո նորից գնաց դեպի իր բունը։  Բլրով բարձրանալիս նա ճանապարհի կեսից շրջվեց  և հեռվում տեսավ, թե ինչպես է Հյոջուն՝ նստած ջրհորի մոտ, շարունակում հացահատիկ կեղևել:

Փոքրիկ աղվեսը մտածեց, որ այսօր  մեկ բարի գործ է արել՝ յուրովի ներողություն խնդրելով գողացած օձաձկի համար։

Հաջորդ օրը Գոնը հավաքեց շատ շագանակ և շարժվեց դեպի Հյոջուի տուն։ Գաղտագողի սողաց դեպի հետևի դուռը և նայեց ներս։ Գյուղացին՝ ամանը ձեռքում, մտացիր ճաշում էր, ակնհայտորեն  ինչ-որ բանի մասին մտածելով։ Եվ, տարօրինակ բան, նրա այտին թարմ կապտուկ կար։ Գոնը չհասցրեց մտածել. «Ի՞նչ է պատահել»,  ինչպես Հյոջուն խոսեց ինքն իրեն.

— Ո՞վ է  բերել այդ ծովատառեխը: Այժմ նրանք ինձ գող կանվանեն, անգամ վաճառողը կպավ ինձ ու պոկ չեկավ, — մրթմրթաց նա։

Գոնը չէր կարողանում հավատալ, որ ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ Խեղճ Հյոջուն նույնիսկ ծովատառեխի պտաճառով  պատժվեց՝ ահա թե ինչ կապտուկ ունի հիմա: Աղվեսի ձագը խնամքով շագանակները դասավորեց մուտքի դիմաց և վերադարձավ բուն։

Հաջորդ ու հաջորդ օրերը Գոնը շարունակում էր գալ Հյոջուի տուն՝ բերելով շագանակներ։ Շուտով, բացի շագանակներից, նա սկսեց երկու-երեք մածուտակե սունկ բերել։

Մի օր հիանալի լուսնյակ երեկո էր, և Գոնը դուրս եկավ բնից չարաճճիություն անելու տրամադրությամբ։ Երբ վազում էր Նակայամա ամրոցից դեպի գյուղ տանող ճանապարհի կողքով, նա զգաց, որ մոտակայքում ինչ-որ մեկը կա։ Ծղրիդների ճռռոցի միջով լսվում էր մարդկային խոսք։

Գոնը պառկեց ճանապարհից ոչ հեռու և ականջ դրեց խոսակցությանը։ Ձայները կամաց-կամաց մոտենում էին, և, ահա, ճանապարհին հայտնվեցին Հյոջուն և մեկ այլ գյուղացի՝ Կասկեն։

— Ա-ա… դե… Կասկե,— երկարացնելով ասաց Հյոջուն։

— Ի՞նչ:

— Դե, ինձ հետ տարօրինակ բաներ են կատարվում:

— Ի՞նչ բաներ:

— Մորս մահից հետո, չեմ հասկանում,  ո՞վ է ամեն օր շագանակ ու սունկ բերում։

— Եվ ո՞վ:

— Ասում եմ չէ՞, չգիտեմ: Ինչ-որ մեկը բերում է այն ժամանակ, երբ ես չեմ նայում:

Գոնը զգուշությամբ գնաց նրանց հետևից։

—  Իսկապե՞ս:

— Այո, ճիշտ եմ ասում  քեզ: Եթե չես հավատում, վաղը արի ու ես քեզ ցույց կտամ այդ շագանակները:

— Պատահում է…

Եվ նրանք լռեցին։

Հանկարծ, առանց որևէ պատճառի, Կասկեն հետ նայեց։ Վախեցած աղվեսը կծկվեց  ու քարացավ՝ փորձելով լինել անտեսանելի: Կասկեն չնկատեց նրան, շրջվեց և շարունակեց ճանապարհը: Տղամարդիկ հասան Կիչիբեյ անունով մի գյուղացու տուն և ներս մտան։ Տնից կոչնազանգի ձայներ լսվեցին։ Տան լույսը   վառվում էր և  պատուհաններից կարելի էր տեսնել սափրված գլխով մի վանականի։

«Նրանք եկել են  Բուդդային աղոթելու», — մտածեց Գոնը, թաքնվելով բակի ջրհորի հետևում: Շուտով ևս երեք մարդ եկան Կիչիբեյի մոտ։ Փոքրիկ աղվեսը լսում էր, թե ինչպես են  մարդկանց ձայները սուտրաներ վանկարկում:

Գոնը թաքնված մնաց  ջրհորի հետևում մինչև ծառայության ավարտը՝ սպասելով, որ Հյոջուն և Կասկեն հետ գնան: Հետո փոքրիկ աղվեսը վազեց նրանց հետևից՝  լինելով այնպիսի հեռավորության վրա, որ լսվի խոսակցությունը՝  գնաց Հյոջուի հետքերով։

Միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն անցնում էին ամրոցի մոտով, Կասկեն վերջապես ասաց.

—Այդ բանը, որի մասին խոսում էիր, Աստվածն է ուղարկում:

—Մի՞թե, —  Հյոջուն զարմացած նայեց իր ընկերոջը:

—Ես անընդհատ մտածում էի, թե ինչպես կարող է դա լինել: Դե, պարզ է, դա մարդ չէ, այլ Աստված: Աստված օգնում է քեզ: Դու այնքան միայնակ ես մնացել, որ  այժմ նա խղճում է քեզ և տարբեր տեսակի օգնություն  ուղարկում։

—Ահա թե ինչպես….

—Այո: Ճշմարտություն եմ քեզ ասում: Այնպես որ, ամեն օր շնորհակալություն հայտնի նրան:

—Պարզ է:

«Այ քեզ հերյուրանք,  — մտածեց Գոնը, —  ես ամեն օր սունկ ու շագանակ բերեմ, ու երախտագիտություն չստանամ, իսկ Աստծուն ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեն։  Ուրեմն ինձ կարելի է դնել մի կողմ…»:

Հաջորդ օրը Գոնը նորից շագանակներով շտապեց Հյոջուի տուն ։ Այդ ժամանակ գյուղացին  պարան էր հյուսում խորդանոցում, ուստի Գոնը կամացուկ հետևի դռնով սահեց ուղիղ տուն։

Եվ ինչպե՞ս կարող էր պատահել, որ հենց այդ պահին Հյոջուն գլուխը բարձրացրեց։ «Վա՜յ, աղվե՞ս է գաղտագողի եկել ինձ մոտ: Ախր սա գող Գոնն է, ով գողացավ օձաձուկը: Նորից եկել է   չարաճճիություն անելու»:

—Դե, բռնվիր, —  այս խոսքերով նա վերցրեց անկյունում կանգնած հրացանը և վառոդ լցրեց մեջը։

Նա աննկատ գնաց դռան մոտ, որտեղից դուրս էր գալիս աղվեսը և – «Բա՛մ», — կրակեց:  Գոնը ընկավ։ Հյոջուն մոտեցավ նրան, նայեց տուն, և անմիջապես նկատեց  հատակին դրված շագանակների  կոկիկ կույտը։

—Ա՜հ, — նա ապշած նայում էր փռված աղվեսի ձագին:

—Գոն, դո՞ւ էիր շագանակ  բերում:

Գոնը, հավաքելով իր վերջին ուժերը, միայն կարողացավ  թեթևակի գլխով անել։

Հյոջուն գցեց ատրճանակը և ընկավ ծնկի։ Հրացանի փողից կապտավուն ծուխ էր դուրս գալիս։

1930թ.

Աղբյուրը.

Нанкити Ниими «Лисёнок Гон»

Комментариев нет:

Отправить комментарий