Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի
Ուիլյամ Ֆինչը, երեք օր անընդմեջ, վաղ առավոտից բարձրանում էր ձեղնահարկ և մինչև երեկո կամացուկ կանգնում կիսախավարի մեջ՝ միջանցիկ քամու տակ։ Նոյեմբերը մոտենում էր ավարտին, և միստր Ֆինչը երեք օր այդպես միայնակ կանգնած մնաց՝ զգալով, որ Ժամանակը խաղաղ է. սպիտակ փաթիլները լռելյայն թափվում են կապարի անծայրածիր երկնքից՝ տանիքը ծածկելով սառը բմբուլով և փոշոտելով քիվերը։ Նա կանգնում էր անշարժ՝ փակ կոպերով։
Երկար, մոխրագույն օրերը ձգվում էին, արևը չէր երևում, ձեղնահարկը ցնցվում էր քամուց, ինչպես խարխուլ նավը՝ ալիքների վրա, ճռռում ու կավարներից թափ տալիս տասնամյակների ընթացքում կուտակված փոշին։ Շուրջբոլորը ախուվախ էր անում, հառաչում ու ճռնչում, իսկ Ուիլյամ Ֆինչը կանգնում և ներշնչվում էր ինչպես նրբագեղ օծանելիք՝ նուրբ բույրերով և հաղորդակցվում այնտեղի վաղուցվա կուտակված գանձերին:
— Ա՜հ,-խորը շունչ:
Ներքևում նրա կինը՝ Կորան, երբեք չէր լսում, որ ամուսինը քայլում է ձեղնահարկում կամ շարժվում։ Նրան միայն թվում էր, որ ամուսինը աղմկոտ շնչում է այնտեղ՝ քամուց չորս կողմից փչող ձեղնահարկում: Այդպես դանդաղ, կանոնավոր, խորը աշխատում են հին դարբնոցային արտադրամասերը:
— Ծիծաղելի է, -մրթմրթաց նա:
Երրորդ օրը, երբ նա շտապ իջավ ընթրիքի, ժպիտը դեմքից չէր հեռանում՝ նա ժպտում էր ձանձրալի պատերին, խորդուբորդ ափսեներին, քերծված գդալներին ու պատառաքաղներին և, նույնիսկ՝ սեփական կնոջը։
— Ինչո՞ւ ես այդպես ուրախ, — հարցրեց կինը:
— Պարզապես տրամադրությունս լավ է։ Գերազանց է, — ծիծաղեց ամուսինը:
Նա չափից դուրս ուրախ էր։ Բուռն ուրախություն էր խմորվում ու եռում նրա մեջ, մի քիչ էլ ու դուրս կթափվի: Կինը խոժոռվեց.
— Ի՞նչ հոտ է գալիս քեզնից:
— Հո՞տ: Հոտ է գալի՞ս։ Ինչպե՞ս թե հոտ է գալիս, – Ֆինչը բարձրացրեց ալեհեր գլուխը։
Կինը կասկածելի հոտ առավ.
— Պարիլյակի:
— Դա հնարավո՛ր չէ:
Նրա նյարդային ուրախությունը հանկարծ դադարեց, ասես կնոջ խոսքերը մի տեսակ անջատիչ լինեին։ Նա ապշած էր, շփոթված և հանկարծակի տագնապեց։
— Որտե՞ղ էիր այսօր առավոտյան, – հարցրեց Կորան:
— Դե դու գիտես, ձեղնահարկն էի մաքրում:
— Ցնորքներով տարվել էիր հին ու անպետք իրերի մեջ։ Ես ոչ մի ձայն չեմ լսել։ Մտածեցի, գուցե դու այնտեղ՝ ձեղնահարկում չես: Իսկ սա ի՞նչ է, – նա ցույց տվեց մատով:
— Այ քեզ բան, սա որտեղի՞ց:
Անհայտ է, թե ում Ուիլյամ Ֆինչը ուղղեց այդ հարցը։ Նա մեծ տարակուսանքով հայացքը հառեց հեծանիվի սև մետաղական ամրակներին, որոնցով սեղմված էր տաբատը ոսկրոտ կոճերի մոտ։
— Գտա ձեղնահարկում, — պատասխանեց նա ինքն իրեն: – Հիշու՞մ ես, Կորա, ինչպես էինք մենք զբոսնում գյուղական ճանապարհով: Քառասուն տարի առաջ էր, վաղ առավոտ էր, և մենք երիտասարդ էինք։
— Եթե դու այսօր չմաքրես ձեղնահարկը, ես ինքս կգամ այնտեղ և բոլոր անպիտան իրերը դուրս կշպրտեմ:
— Ո՛չ, ո՛չ, — բղավեց նա: — Ես այնտեղ ամեն ինչ դասավորում եմ այնպես, ինչպես ինձ հարմար է:
Կինը սառնությամբ նայեց նրան։
Ճաշի ժամանակ նա մի փոքր հանգստացավ և նորից զվարթացավ։
— Գիտե՞ս, Կորա, ինչ է ձեղնահարկը, – խանդավառությամբ խոսեց նա։ — Ամեն ձեղնահարկ կարծես Ժամանակի մեքենա լինի, որտեղ ինձ նման հիմար ծերերը կարող են քառասուն տարով հետ գնալ, մի երանելի ժամանակ, երբ ամբողջ տարին անամպ ամառ է, իսկ երեխաները չափից շատ պաղպաղակ են ուտում: Հիշո՞ւմ ես՝ ինչ համեղ էր պաղպաղակը։ Դու անգամ թաշկինակով էիր այն փաթաթել։
Կորան անհանգիստ կծկվեց։
«Եվ գուցե դա հնարավոր է», — մտածեց նա՝ կիսափակելով աչքերը, փորձելով նորից այդ ամենը տեսնել և հիշել։ Ի վերջո, ի՞նչ է ձեղնահարկը: Ժամանակն ինքն է շնչում այնտեղ։ Այնտեղ ամեն ինչ կապված է անցած տարիների հետ, ամեն ինչ այլ դարի տիկնիկներ ու բոժոժներ են։ Յուրաքանչյուր դարակ նման է փոքրիկ սարկոֆագի, որտեղ թաքնված են հազարավոր երեկվա օրեր: Այո, ձեղնահարկը մութ, գողտրիկ անկյուն է՝ լի Ժամանակով և, եթե կանգնես հենց մեջտեղում ու ուղիղ, ամբողջ բարձրությամբ, փակ աչքերով մտածես, մտածես ու ներշնչես Անցյալի հոտը, և ձեռքերդ մեկնես, դիպչես Անցյալին, այդ ժամանակ… Օ՜ այդ ժամանակ…
Նա սթափվեց: Պարզվում է, որ ինչ-որ բան, բայց ոչ ամեն ինչ, նա մտածում էր բարձրաձայն։ Կորան հապճեպ ուտում էր։
— Բայց իսկապես հետաքրքիր է, արդյո՞ք հնարավոր է հիրավի ճամփորդել Ժամանակի մեջ, – հարցրեց Ուիլյամը՝ նայելով կնոջ մազերին: — Եվ մեր ձեղնահարկը դրա համար ամենահամապատասխան տեղն է, ավելի լավը չես գտնի, չէ:
— Հին ժամանակներում էլ ոչ բոլոր օրերն էին անխռով, — ասաց նա: — Պարզապես հիշողությունդ է խենթ: Հիշում ես ամեն լավը, բայց մոռանում՝ վատը։ Այն ժամանակ էլ միշտ ամառ չէր:
— Ինչ-որ առումով հենց այդպես էր։
— Ոչ, այդպես չէր:
— Ինչ եմ ուզում ասել, — շշնջաց Ուիլյամը և թեքվեց առաջ, որպեսզի ավելի լավ տեսնի ճաշասենյակի մերկ պատին հայտնված նկարը: — Պարզապես պետք է ավելի զգույշ վարել միանվակը, պահպանել հավասարակշռությունը, հավասարակշռել տարիների միջև, ձեռքերը դեպի կողքերը, զգույշ-զգույշ, տարեցտարի էլ ավելի զգույշ: Մեկ ամիս անցկացնել ինը հարյուր իննում, մեկ օր ինը հարյուրում, մեկ ամիս կամ երկու շաբաթ էլի ինչ-որ տեղ, ասենք՝ ինը հարյուր հինգում, ութ հարյուր իննսունութում, և այդպես՝ մինչև կյանքի վերջ, երբեք դուրս չես գա ամառից:
— Ի՞նչ միանվակ։
— Դե, գիտես, մի բարձր միանիվ հեծանիվ, ամբողջը քրոմապատ, այդպիսի հեծանիվներ կրկեսի դերասաններն են վարում և ձեռնածություն անում ամենատարբեր իրերով: Հիմնական խորամանկությունը հավասարակշռություն պահպանելն է, որպեսզի չընկնես, և հետո այդ բոլոր փայլուն իրերը չթռչեն օդում, բարձր-բարձր, շողշողալով, փայլելով, կայծկլտալով, ինչ-որ գունագեղ բան է փայլում ՝ կարմիր, դեղին, կապույտ, կանաչ, սպիտակ, ոսկեգույն: … Քո գլխավերևում թռչում են այդ բոլոր հունիսները, հուլիսներն ու օգոստոսները, քանի՞սն են եղել աշխարհում, իսկ դու վերև թռցրու, ինչպես գնդակներ և ժպտա: Ամբողջ հարցը հավասարակշռության մեջ է, Կորա, հավասարակշռության մեջ:
— Տրա-տա-տա, — ասաց նա: — Շատախոս, բլբլան:
* * *
Նա մագլցելով՝ վեր բարձրացավ երկար սառը աստիճաններով դեպի ձեղնահարկ։ Նա դողում էր:
Այնպիսի ձմեռային գիշերներ կային, երբ նա արթնանում էր մինչև ոսկորը սառած, ականջներում ղողանջում էին սառցե զանգերը, սառնամանիքը կսմթում էր ամեն նյարդը, ասես ներսից փշոտ հրավառություն էր բռնկվում, և շլացուցիչ սպիտակ կայծերը ցրվում էին, և կիզիչ ձյունը թափվում էր ենթագիտակցության լուռ թաքնված հովիտների վրա: Ցուրտ-ցուրտ էր, այնքան ցուրտ, որ նույնիսկ երկար-երկար տոթ ամառը իր բոլոր կանաչ ջահերով և տաք բրոնզե արևով չէր հալեցնի սառցե պատյանը, որը շղթայել էր նրա ամբողջ էությունը՝ կպահանջվեր ոչ թե մեկ, այլ մոտ երկու տասնյակ ամառ։ Գիշերը՝ անկողնում, նա ամբողջությամբ կարծես հսկայական անպարկեշտ սառցաբեկոր լիներ, ձնառատ կուռք, և նրա մեջ բարձրանում է անկապ երազների ձնաբուքը, սառցե բյուրեղների եռուզեռը: Իսկ պատերի ետևում իջել է հավերժական ձմեռ, կապարագույն երկինքը պատել է ամեն ինչ և ծանր մամլիչի պես սեղմում է մարդկանց՝ խաղողի ողկույզները, մանրացնում գույներն ու բանականությունը և հենց՝ կյանքը: Միայն երեխաներ են կենդանի մնացել և դեսուդեն են նետվում դահուկներով, սահնակներով թռչում են սառցե լեռներից, որոնց լանջերին, ինչպես հայելու մեջ, արտացոլվում է այս ճնշող երկաթե վահանը և իջնում ավելի և ավելի ներքև՝ ամեն օր ու ամեն անվերջ գիշեր:
Ուիլյամ Ֆինչը բացեց ձեղնահարկի դռնակը։ Բայց ահա՛: Նրա շուրջ պտտվելով վերև է բարձրանում մառային փոշին։ Այստեղ՝ ձեղնահարկում, փոշին եռում էր շոգից՝ պահպանված վաղեմի տոթ օրերից։ Նա կամացուկ փակեց դուռն իր հետևից։ Նրա շուրթերին ժպիտ խաղաց։
Ձեղնահարկը լուռ էր, ինչպես սև ամպն ամպրոպից առաջ։ Միայն ժամանակ առ ժամանակ Կորան լսում էր ամուսնու անորոշ մրմնջոցը վերևից։
Կեսօրվա ժամը հինգին միստր Ֆինչը կանգնեց խոհանոցի շեմին՝ երգելով. «Օ՜հ, իմ ոսկե երազներ», թափահարեց իր նոր ծղոտե գլխարկը և բղավեց, կարծես ուզում էր վախեցնել փոքրիկ երեխային.
— Ո՜ւ։
— Ամբողջ օրը քնա՞ծ ես մնացել, — մռթմռթաց կինը: — Ես քեզ չորս անգամ կանչել եմ, գոնե պատասխանեիր։
— Քնա՞ծ, — հարցրեց նա, մի րոպե մտածեց ու քրթմնջաց, բայց անմիջապես ձեռքով փակեց բերանը։ — Այո, միգուցե հենց այդպես է։
Միայն այդ ժամանակ նա նկատեց։
— Աստված իմ, որտեղի՞ց ես ճարել այս հնոտիքը:
Ուիլյամի հագին կարմիր գծավոր, ինչպես սառնաշաքար, սերթուկ էր, բարձր ու ձիգ սպիտակ օձիք և կրեմագույն տաբատ։ Իսկ ծղոտե գլխարկից այնպիսի հոտ էր գալիս, ասես մի բուռ թարմ չոր խոտ էին նետվել օդ։
— Հին սնդուկի մեջ եմ գտել:
Կորան հոտոտեց.
— Նավթալինի հոտ չի գալիս: Եվ տեսքից էլ կարծես թե նոր է:
— Ո՛չ, ո՛չ, — հապճեպ առարկեց Ուիլյամը: Կնոջ քննադատական հայացքի ներքո նա ակնհայտորեն անհանգստություն էր զգում։
— Ժամանակ գտար դիմակահանդեսի համար, — ասաց Կորան:
— Արդեն զվարճանալ չի՞ կարելի:
— Դու միայն զվարճանալ գիտես: — Նա զայրացած փակեց վառարանը։ — Աստված վկա, ես նստած եմ տանը և քեզ համար գուլպաներ եմ գործում, իսկ դու այդ ժամանակ խանութում կանանց արմունկը բռնած ման ես գալիս, կարծես նրանք առանց քեզ չեն գտնի՝ որտեղ է մուտքը և որտեղ՝ ելքը:
Բայց Ուիլյամը խուսափեց վեճից։
— Լսիր, Կորա, — աչքերը գետնին հառեց՝ զննելով բոլորովին նոր, ճթճթան ծղոտե գլխարկի հատակը: — Հաճելի կլիներ, չէ՞, որ գնայինք զբոսնելու, ինչպես անում էինք անցյալում կիրակի օրերին: Դու՝ մետաքսե հովանոցի տակ, և որ երկար կիսաշրջազգեստները խշխշան, իսկ հետո նստեինք դեղատան երկաթե ոտքերով աթոռների վրա և որ հոտ գար… Հիշու՞մ ես, թե ինչ հոտ ուներ մի ժամանակ դեղատունը: Ինչո՞ւ հիմա նման հոտ չի գալիս: Կխնդրենք երկու բաժակ պարիլյակի հեղուկ, իսկ հետո ման կգանք մեր 1910 թվականի «Ֆորդով» դեպի Հեմինգուեյի գետափ, կընթրենք առանձնասենյակում և կլսենք փողավոր նվագախումբ: Ուզո՞ւմ ես:
— Ընթրիքը պատրաստ է: Եվ հանիր այդ հիմար լաթերը, վերջ տուր կատակներիդ:
Ուիլյամը չէր նահանջում։
— Լավ, իսկ եթե այսպե՞ս հնարավոր լիներ՝ ցանկանայիր ու գնայիր, — ասաց նա՝ հայացքը չկտրելով կնոջից։ – Դաշտեր, ճանապարհի երկու կողմերում կաղնու ծառեր են, հանդարտ, ինչպես հին ժամանակներում, երբ այս խելագար մեքենաները ամենուր չէին շտապում՝ կգնայի՞ր։
— Այդ ճանապարհների վրա սարսափելի փոշի էր: Պապուասների պես սև էիք վերադառնում տուն: Ի դեպ, — Կորան սեղանից վերցրեց շաքարամանը ու թափ տվեց,-յս առավոտ ես քառասուն դոլար ունեի այստեղ դրած: Իսկ հիմա չկա: Միգուցե այս կոստյո՞ւմն ես պատվիրել թատերական արհեստանոցում։ Այն նոր է, բոլորովին նոր, և ոչ մի սնդուկի մեջ չի եղել:
— Ես…-, Ուիլյամն ձայնը կտրեց։
Նրա կինը կես ժամ մոլեգնեց, բայց նա այդպես էլ չպաշտպանվեց։ Ամբողջ տունը ցնցվում էր նոյեմբերյան քամու պոռթկումներից, և Կորայի ելույթների ներքո կապարագույն, սառած երկնքից նորից սկսեց ձյուն տեղալ։
— Պատասխանի՛ր ինձ, — բղավեց նա: -Դու լրիվ խելագարվե՞լ ես: Քամուն տալ դժվարությամբ վաստակած գումարը լաթի վրա, որը նույնիսկ չի կարելի հագնել:
— Ձեղնահարկում…, — սկսեց Ուիլյամը:
Կորան, առանց լսելու, գնաց հյուրասենյակ։
Ձյունը ամբողջ ուժով տեղում էր, ցուրտ էր ու մութ՝ իսկական նոյեմբերյան երեկո։ Կորան լսեց, որ Ուիլյամը նորից դանդաղ բարձրանում էր սանդուղքով դեպի ձեղնահարկ, Անցյալի փոշոտ պահոց, մռայլ փոս, որտեղ միայն կա հին հագուստ, փտած չորսուններ և Ժամանակ դեպի ուրիշ, հատուկ աշխարհ, ամենևին այլ, քան այստեղ՝ ներքևում:
Նա իջեցրեց մտոցի կափարիչը։ Գրպանի լապտերը վառվեց, նրան այլ ուղեկից պետք չէր: Այո, ամեն ինչ այստեղ է՝ Ժամանակը, որը հավաքված ու սեղմված է, ինչպես ճապոնական թղթե ծաղիկը: Հիշողության մեկ հպում, և ամեն ինչ կբացվի, կվերածվի մտքի թափանցիկ ցողի, գարնանային զեփյուռի, հիանալի ծաղիկների՝ հսկայական, որոնց նմանը կյանքում չկան: Դուրս քաշիր կոմոդի պահարաններից ցանկացածը և փոշու թիկնոցի տակ կգտնես ազգական քույրերին, մորաքույրներին և տատիկներին: Այո, իհարկե, այստեղ թաքնվել է Ժամանակը։ Զգում ես նրա շունչը՝ այն տարածվել է օդում, դրանք անհոգի անիվներ ու զսպանակներ չեն։
Այժմ ամբողջ տունն այնտեղ՝ ներքևում, այնքան հեռու էր, որքան ցանկացած անցած օր։ Աչքերը կիսափակելով՝ Ուիլյամը նորից ու նորից ուսումնասիրում էր սպասելիքներով լի լուռ ձեղնահարկը։
Այստեղ՝ բյուրեղյա ջահի մեջ, նիրհում էին ծիածանները և վաղ առավոտները ու կեսօրերը, այնքան շողշողուն, ինչպես երիտասարդ գետերը, որոնք անխոնջ հոսում են Ժամանակի միջով: Լապտերի ճառագայթը արթնացրեց նրանց, և նրանք կենդանացան և դողացին, և ծիածանները բարձրացան ստվերների միջով և ներկեցին դրանք վառ գույներով՝ սալորի, ելակի, խաղողի և թարմ կտրատած կիտրոնի գույն, և ամպրոպից հետո երկնքի գույն, երբ քամին հենց նոր ցրեց ամպերը, և երևաց մաքուր կապույտը: Իսկ ձեղնահարկի փոշին վառվում և ծխում էր խունկի պես: Ժամանակն էր վառվում, և մնում էր միայն երկար նայել կրակին: Իսկապես, այս ձեղնահարկը հիանալի Ժամանակի մեքենա է, այո, իհարկե, այդպես է որ կա: Միայն ձեռք տուր այն կախազարդերին և դռան բռնակներին, քաշիր առասանների թելերը, զրնգա ապակիով, բարձրացու փոշու մրրիկ, բաց արա սսնդուկի կափարիչը և, ինչպես երգեհոն, աշխատիր հին բուխարու փչակներով մինչև աչքերդ չլցվի վաղուց հանգած կրակի անթեղով ու մոխիրով, և ահա, եթե կարողանաս նվագել այս հնագույն գործիքը, եթե շոյես այս տաք ու բարդ մեխանիզմի յուրաքանչյուր մասնիկը, նրա անհամար լծակները, շարժիչներն ու անջատիչները, այն միջոցին, այն միջոցին… Օ՜, այն միջոցին…
Նա թափահարեց ձեռքերը, ուստի եկեք դիրիժորենք, հանդիսավոր և հրամայաբար ղեկավարենք այս նվագախումբը: Գլխում հնչում էր երաժշտություն։ Սերտ փակված շուրթերով նա կառավարում էր մի հսկայական մեքենա, ամպրոպային անաղմուկ երգեհոն՝ բասեր, տենորներ, սոպրանո, ցածրաձայն, բարձրաձայն, և վերջապես, վերջապես ակորդ, որը ցնցում էր մինչև խորք, և նա փակեց աչքերը։
Ժամը իննին կինը լսեց նրա կանչը:
— Կորա՛։
Նա բարձրացավ վերև։ Ամուսինը նայում էր ձեղնահարկի մտոցից ու ժպտում։ Թափահարեց գլխարկով։
— Մնա՛ս բարով, Կորա։
— Ի՞նչ ես խոսում:
— Ես լավ մտածել եմ, ես մտածել եմ երեք օր և ուզում եմ քեզ հրաժեշտ տալ։
— Իջի՛ր այնտեղից, հիմար:
— Երեկ բանկից հինգ հարյուր դոլար եմ վերցրել։ Ես վաղուց էի դրա մասին մտածում։ Իսկ երբ դա պատահեց, ուրեմն ահա… Կորա… — Նա պոռթկումով ձեռքը մեկնեց նրան։ -Վերջին անգամ եմ հարցնում, կգա՞ս ինձ հետ:
— Ձեղնահա՞րկ: Իջեցրու սանդուղքը, Ուիլյամ Ֆինչ։ Ես կբարձրանամ և քեզ դուրս կքաշեմ այդ կեղտոտ փոսից։
— Ես գնում եմ Հեմինգուեյի գետափ՝ ձկան ապուր ուտելու, — ասաց Ուիլյամը,- և նվագախմբին կպատվիրեմ նվագել «Ծովածոցի վրա փայլում է լուսինը»: Գնանք, Կորա, գնանք…
Նրա մեկնած ձեռքը կանչում էր։
Կորան մեծ ուշադրությամբ նայում էր նրա հեզ, հարցական դեմքին։
— Մնա՛ս բարով,— ասաց Ուիլյամը։
Նա անաղմուկ թափահարեց ձեռքը։ Եվ, ահա, երևում է մտոցը՝ ոչ դեմք, ոչ ծղոտե գլխարկ:
— Ուիլյամ, — զիլ ձայնով բղավեց Կորան։
Ձեղնահարկում մութ էր և հանգիստ։
Նա բղավելով շտապեց աթոռի հետևից, ճռնչալով բարձրացավ այս փտահոտ մթության մեջ: Շտապ լապտերով լուսավորեց անկյունները։
— Ուիլյամ, Ուիլյամ։
Մութ ու դատարկ։ Ամբողջ տունը ցնցվում է ձմռան քամու հարվածներից։
Հանկարծ նա տեսավ՝ ձեղնահարկի ամենահեռու անկյունում, դեպի արևմուտք, պատուհանը բաց է։
Սայթաքելով՝ նա ոտքերը քաշ տալով գնաց այնտեղ։ Շունչը պահած մի քիչ հապաղեց։ Դանդաղ բացեց պատուհանը։ Դրսից սանդուղք էր ամրացված, որի մյուս ծայրը հենվում էր ծածկապատշգամբի տանիքին։
Կորան հետ քաշվեց։
Բաց պատուհանից դուրս փայլում էին խնձորենիների կանաչ սաղարթները, հուլիսյան տաք մթնշաղ էր։ Ցածրաձայն շառաչյունով պայթում էր հրավառությունը: Հեռվից լսվում էին ծիծաղ ու զվարթ ձայներ։ Օդում բոցավառվում էին տոնական հրթիռներ՝ կարմիր, սպիտակ, երկնագույն, ցրիվ գալիս, մարում…
Նա շրխկացրեց պատուհանը, գլուխը պտտվում էր, քիչ էր մնում ընկներ։
— Ուի՛լյամ։
Ետևում՝ հատակի մտոցից, ցուրտ ձմեռային լույս էր ներթափանցում ներքևից։ Կորան կռացավ: Ներքևում՝ նոյեմբերյան ցուրտ աշխարհում, որտեղ նրան վիճակված էր անցկացնել ևս երեսուն տարի, ձյունը խշխշալով լիզում էր պատուհանների ապակին:
Նա այլևս չմոտեցավ այդ պատուհանին: Նա միայնակ նստած էր մթության մեջ և շնչում միակ հոտը, որն այստեղ՝ ձեղնահարկում, մնում էր թարմ և ուժեղ: Այն չէր ցրվում, այն ձգձգվում էր օդում, ինչպես խաղաղության և գոհունակության հառաչանք։ Նա ամբողջ կրծքով շնչեց այն։
Վաղեմի, այդքան ծանոթ պարիլյակի անմոռանալի հոտ էր..:
Աղբյուր.
Комментариев нет:
Отправить комментарий