<<Կլանող․․․>>, <<Մի շնչով կարդացվող․․․>>, <<Հզոր և հիշողության մեջ մնացող գիրք․․․>>, <<Հուշեր արթնացնող ու հանճարեղ․․․>>, ահա հենց այսպես են նկարագրել
ամերիկացի աֆղան գրող՝ Խալեդ Հոսեյնի <<Օդապարուկ թռցնողը>> գիրքը։ Երևի էլ չհարցնեք, թե ես ինչ կարծիք ունեմ, քանի որ տպավորություններս բառերով նկարագրել գրեթե անհնար է։ Ուղղակի շշմեցնող էր և իրոք մի շնչով կարդացվող։ Այժմ ես վստահ կարող եմ ասել, որ գիրքը այժմ իմ ամենասիրելիններից է, եթե ոչ հենց ամենասիրելին։Վեպը ունի անսահման հետաքրիքր սյուժե՝ հետաքրքիր զարգացումներով։ Գրքում ամփոփված է երկու ընկերների՝ Ամիրի և Հասանի պատմությունը՝ ընկերության, նվիրվածության, դավաճանության, վախի, քաջության և զղջումի մասին։ Ամիրը հարուստ վաճառականի ընտանքից էր, իսկ Հասանը Ամիրի հոր՝ Բաբայի աշխատողի որդին էր, հազարայի որդի։ Նրանք երկու ընկերներ էին՝ տարբեր խավերից, ունեին շատ տարբեր բնավորության գծեր։ Չնայած այս ամենի նրանք ապրում էին կողք կողքի և ժամանակի գրեթե ամբողջ մասը անցկացնում իրար հետ։ Կապ չուներ ամառ, թե ձմեռ, նրանք ապրում էին, ծիծաղում, խաղում․․․ Աֆղանստանում՝ Քաբուլում անցկացվում էր օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթ։ Ամիրը ցանկանում էր հաղթել, հորը ապացուցելու համար, որ քաջ է, վախկոտ չէ և իսկական աֆղան է։ Նա հաղթում է Հասանի քաջության և լավատեսության շնորհիվ։ Ամիրը ուզում էր հաղթել հոր սերն ու ուշադրությանը արժանանալու համար։ Երբ Ամիրը հաղթում է, Հասանը վազում է ընկած օդապարուկի հետևից ասելով․ <<Քեզ համար՝ թեկուզ հազար անգամ․․․>>։
Այստեղ երևում է Հասանի նվիրվածությունն ու սերը՝ Ամիրի նկատմամբ։
Հատկանշական է վեպի երկու գլխավոր հերոսների՝ Ամիրի ու Հասանի մեջ բռնության բացակայությունը, թեպետ այն հատուկ է շատ մահմեդականների, որի արտացոլումը տեսնում ենք Ասեֆի կերպարում։ Ասեֆը ցանկանում էր վերցնել Հասանի ձեռքից ընկած օդապարուկը՝ որը հաղթանակի նշանն էր։ Նա այդ ամենը անում է բռնությամբ և այդ ամենին ականատես է լինում Ամիրը, սակայն վախենալով չի օգնում Հասանին, դավաճանում է նրան և նրա նվիրվածությանը։ Նույնիսկ ճակատագրական պահերին Ամիրը չէր կարողանում իր մեջ սպանել այդ վախը ու կռվել։ Հասանը քաջ գիտակցում էր իր հետ կատարվածը, սակայն նա ինքնակամ իրեն զոհում էր իր սիրելի ընկերոջ համար։
Մեջբերում գրքից․
<<Մի տղա, ով իր պատիվը չի պաշտպանում, դառնում է մի մարդ, ով ոչ մեկի պատիվը չի պաշտպանի>>։
Գրքի սյուժեն կարող եմ պատմել անվերջ, քանի որ անսահման հետաքրքիր է ու շա՜տ ասելիք կա։ Կարծում եմ, որ նման մեկը չի լինի, ով գիրքը կարդալուց չի սրտնեղի կամ չի հուզվի, քանի որ գրքի զարգացումները, իր կլանելու կարողությունը ստիպում է քեզ ներխուժել էջերից այն կողմ ու ապրել այն, ինչ ապրել են հերոսները։
Չեմ ուզում բացահայտել գրքի երկրորդ հատվածը, քանի որ այն անսահման, կրկնում եմ՝ անսահման հետաքրքիր է, լի անսպասելի զարգացումներով, հույզերով, բացահայտումներով, ուրախությամբ և տխրությամբ։ Ուզում եմ, որ դուք ինքներդ կարդաք գիրք, չեմ ցանկանում կորցնել ձեր մեջ հետաքրքրությունը։
«Հին պատմություն է, բայց ես հասկացել եմ, որ ճիշտ չէ, երբ ասում են, թե անցյալը կարող ես թաղել։ Որովհետև անցյալը իր ճանկերով մակերես է դուրս գալիս»:
Գրքի անվանումից արդեն կարելի է կռահել, որ օդապարուկը խորհրդանշական է: Օդապարուկը խորհրդանշում է ճակատագիրը։ Կարծում եմ, որ օդապարուկը խորհրդանշում էր հաղթանակ, ցանկություններ, մի խոսքով այն ամենը, ինչին մարդիկ ձգտում են, պայքարում են՝ իրենց ողջ կյանքի ընթացքում։ Երբեմն այդ պայքարի ճանապարհին մենք ստիպված ենք լինում կատարել զոհողություններ, որոնց համար հետագայում կարող ենք զղջալ։
Հոսեյնը այս վեպով ասում է, որ ոչ մի արարք անհետևանք չի մնում, և գալիս է դրանց համար պատասխան տալու ժամանակը: Բայց այս վեպի համար հատկանշական է այն, որ հատուցումը ոչ միայն պատիժ է, այլ մեղքի զգացումից ազատվելու երջանկություն:
Մեջբերումներ գրքից․
Եթե աչքդ երկնքին չպահես, երկար չես ձգի։
Հայրիկն ասում էր, որ չի կարելի վնասել նույնիսկ վատ մարդկանց։ Քանի որ նրանք չգիտեն, թե լավը որն է, և վատ մարդիկ երբեմն դառնում են լավը։
Ի վերջո կյանքը հնդկական ֆիլմ չէ։ Զենդագին միզգարա, ասում են աֆղանները․ կյանքը շարունակվում է, ուշադրություն չի դարձնում սկզբին, վերջին, քամյաբին կամ նահ-քամին՝ ճգնաժամին կամ կատարսիսին, առաջ է շարժվում, ինչպես քոչիների դանդաղ, փոշոտ քարավանը։
Փակելով Սոհրաբի դուռը՝ ես մտածեցի, որ գուցե այդպես է սկսում փթթել ներումը, ոչ թե հայտնության շեփորներով, այլ երբ ցավը հավաքում է իրերը ու գիշերվա կեսին առանց հայտարարելու չքվում։
Սխալ կլիներ ասել, որ Սոհրաբը հանգիստ էր։ Հանգստությունը խաղաղություն է։ Անխռովություն։ Հանգստություն է, երբ կյանքի «ձայնի ուժգնություն» կոճակը ցածրի վրա է։ Լռություն է, երբ սեղմում ես անջատելու կոճակը։ Ամեն ինչ անջատում ես։Related
Комментариев нет:
Отправить комментарий