понедельник, 3 июля 2017 г.

Չեք պատկերացնի, թե որքան լավ էր

       
Որքա՜ն լավն է Սևանը կեսգիշերից հետո, այնքա՜ն զգացմունքային է ու ներդաշնակ, աստղաշատ ու հմայիչ:
Ու հմայքը վերածվում էր երջանկության ակնթարթների, որ դարձրինք հուշեր: Ապրումներից, սևից, աշխարհից պոկվես ու գնաս Սևանի ափին թիկնելու...
Գնալով ավելի ու ավելի եմ գնահատում մերոնց: «Ժայռում» մեզանից բացի`  լիքը մարդ կար. թափթփվածություն, անմակարդակ երաժշտություն, աղմուկ, բղավոց: Իսկ մենք...ընթերցանության ֆլեշմոբեր էինք անում ջրի ափին, վոլեյբոլ խաղում, լողանում: Իսկ երեկոյան և ցերեկը` մինչ ջուրը մտնելը, ընկեր Նելիի նվագակցությամբ երաժշտական ընդմիջումներ էինք անում, պարում, երգում, ուրախանում էինք: Բա մեր տղերքի պատրաստած անմահական խորովածը... Քանի խորովածից խոսեցինք, սպասեք մի բան պատմեմ: Ուրեմն` տղաները պատրաստվում էին խորոված անել, ու մենք նրանց կանչեցինք, որպեսզի միասին ընթերցենք:  Խորովածի միսը սովորականից շատ էինք գնել, կեսը շամփուրների վրա էր, կեսն էլ տոպրակի մեջ: Մեկ էլ մի բարի շուն եկավ տոպրակի հետևից: Բերանն առավ տոպրակն ու այնպես արագ փախավ, որ ոչ մեկս հետևից չհասանք: Տղաներն ուրախացան, որ գործը քչացավ: Ծիծաղեցինք ու սկսեցինք օտարալեզու ընթերցումները` ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: 
Մեզ հետ հանգստացող մի  քանի պապիկներ կային, խոսում էին մաքրությունից ու փնթփնթում էին: Երեկոյան իրենց երեկույթից հետո տարածքում ամենուր աղբ էր: Ձեռք չտվեցինք իրենց աղբին` մտածելով, որ բողոքում էին, լավ գիտեին, կհավաքեին...
Առավոտյան էկո ակցիա արեցինք ամբողջ «Ժայռի» տարածքով մեկ: Իրենց աղբն էլ  հավաքեցինք: Երբ նրանք տեսան, սկսեցին մեզ գովել, պատվել, գնահատել... Մի կողմից անտարբեր էինք, մյուս կողմից` ոչ: Եթե շատ է հուզում, ինքդ վերցրու աղբը, տար աղբամանը, եթե չէ, էլի բան չկա, գոնե աչքի մի ընկեք նույն երևույթով, ինչից բողոքում եք:
Աղջիկներն այնքան ուշադիր էին իմ անձի հանդեպ: Արևահարման դեմ քսուք էին գտել չգիտեմ` որտեղից:  
- Աստ, ուրիշ բան չքսես, էս քսուքը որ անես, չես վառվի արևից :
Քսեցի, ուրախ ու երջանիկ գնացինք լողալու: Երեկոյան ցավից մեռնում էի: Պարզվեց` քսուքը ոչ թե արևահարման դեմ էր, այլ դրանից հետո ցավը մեղմացնելու:  Գիշերը հրճվեցինք, հրճվեցինք, աչքներս կպավ...: 
 Դարձին` գնացքի մեջ, ընկա հուշերի, մտքերի, խառը ժպիտների ազդեցության տակ:
Չեք պատկերացնի, թե որքան լավ էր...

Комментариев нет:

Отправить комментарий