<<Մեր խելագարության ժամանակ մենք բաժանել ենք հոգու և մարմնի ներդաշնակությունը և հայտնագործել գռեհիկ ռեալիզմն ու դատարկ իդեալիզմը>>։
Սա գիրք էր, որը պատմում էր մարդու հոգեբանության մասին, գեղեցիկն ավելի կարևորելու մասին։
Շարունակելով կարդալ ու բացահատել գրողներին, այս անգամ ես ընթերցել եմ Օսկար Ուայլդի <<Դորիան Գրեյի դիմանկարը>> վեպը, որը հեղինակի միակ վեպն է։ Վեպում արծարծված են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում են արվեստին, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապին։ Վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, որը հեդոնիզմի հետևորդն էր, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհ։ Հետևելով «չարի գեղագիտության» փիլիսոփայությանը` վեպի գլխավոր հերոսը անտեսում է բարոյականության բոլոր կանոնները: Մնալով արտաքնապես գեղեցիկ ու հմայիչ` նա փչանում է հոգեպես, և հոգու արատները խորհրդավոր կերպով դրոշմվում են նրա դիմանկարի վրա: Նա չի ծերանում, միշտ մնում է նույն հմայիչ երիտասարդը, սակայն իր դիմանկարը փոփոխվում է և դառնում ավելի <<տգեղ>>։
Վեպի հերոսներից Լորդ Հենրին <<անջատեց>> գլխավոր հերոսի խիղճը, ստիպեց նրան մեծ մտահոգություն չցուցաբերել բարոյականության նկատմամբ, և այդպիսով Դորիան Գրեյը սկսեց ընկնել անդունդը, փչացնել իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքը։ Հեղինակը շեշտում է այն գաղափարը, որ միայն խիղճն է ունակ վերահսկել մարդու կյանքը, նրա գործողությունները։ Ասել է թե, մարդը ողջ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա խիղճը կենդանի է։
Հեղինակի այս վեպը մի յուրահատկություն ունի, այն իրատեսական է թվում, սակայն այդպես չէ, այն իրականում ավելի մոտ է ֆանտաստիկին։ Սակայն ընթերցողը այդ ամենում որևէ իրական միտք անպայման գտնում է, քանի որ աշխարհիս երեսին շատ են մարդիկ, ովքեր ուշադրություն են դարձնում տեսքին՝ մոռանալով հոգու մասին։
Հաճախ մարդկանց համար կարող է ճակատագրական դառնալ մեկ այլ մարդու մի խոսքը։ Մի անգամ կշշնջան ականջիդ, որ միայն արտաքինն է կարևորը, և դու սկսես մտածել այդ ուղղությամբ, ուղեղդ լցնել այդ մտքերով։ Նույնն էլ եղավ վեպի հերոսի հետ։ Լորդ Հենրին ապրում էր առանց խղճի, առանց զգացմունքի։ Նա կարծես ռեալիստ էր և նրա խոսքերն էլ այդպիսին էին։ Սակայն, եթե աշխարհին նայենք նույն աչքերով, որոնցով Լորդ Հենրին, ապա մենք չենք կարողանա ապրել ու զգալ կյանքի հեքիաթային պահերը։ Ես կարծում եմ, որ այս կյանքն ուրախ ապրելու համար մի փոքր իդեալիստ պետք է լինել։
Գիրքը ընթերցողին փոխանցում է մի շատ կարևոր միտք․ Իհարկե գեղեցկությունը կարևոր է, սակայն այդ ամենի արդյունքում անջատել էմոցիաները, խիղճը և ապրել թքած ունենալով բարոյականության վրա՝ անթույլատրելի է, քանի որ այն մի օր կործանելու <<ես>>-դ․․․
Այս գիրքը խորհուրդ կտամ կարդալ բոլորին, կարդալ ու գտնել այն ասելիքը, որը վեպում թաքնված է։ Վեպի իրադարձությունները շատ արագ են զարգանում, որն էլ վեպը դարձնում է ավելի հետաքրքիր և արագ ընթեռնելի։
Մեջբերումներ․
Եթե չես կարողանում քեզ ինչ-որ բան ներել, մոռացիր դա:
– Դուք չափազանց շա՞տ եք սիրահարված նրան,-հարցրեց նա – Ես ինքս կուզեի այդ իմանալ: – Իմանալը ճակատագրական է սիրո համար: Միայն անհայտությունն է գերում մեզ: Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է: – Բայց մշուշում մարդ կարող է շեղվել ճանապարհից: – Բոլոր ճանապարհները դեպի նույն տեղն են գնում: – Դեպի ու՞ր: – Հիասթափություն…..
Երբ ես մեկին չափազանց սիրում եմ, երբեք չեմ տալիս նրա անունը: Դա միևնույն է, թե ուրիշին տաս քեզ համար շատ թանկ մարդու ինչ-որ մասնիկ: Եվ գիտես, ես դարձել եմ գաղտնապահ, ինձ դուր է գալիս մարդկանցից թաքցնել իմ գաղտնիքները: Դա, թերևս, միակ բանն է, որ ժամանակակից կյանքը կարող է դարձնել մեզ համար խորհրդավոր և թովիչ:
Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ուսերիդ կրես նաև ուրիշի սխալների ծանրությունը:
Երբեմն այն, ինչ մեռած ենք համարում, դեռ երկար չի ուզում մեռնել:
Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում:
Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է: Դրսևորել իր իսկ էությունն ամբողջապես, ահա թե ինչու ենք ապրում… Մինչդեռ մեր դարում մարդիկ վախենում են իրենք իրենցից: Նրանք մոռացել են, որ մեծագույն պարտքը դա սեփական անձի համար ունեցած պարտքն է:
Եթե դու գիտես, որ նա երբեք քոնը չի լինելու, ապա սիրել նրան կարելի է անվերջ երկար: Դա հեշտ է…
Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն` ինչը հենց իրենց է անհրաժեշտ:
Մեր օրերի մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն…
Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին:
Մարդ պետք է կլանի կյանքի գույները, բայց երբեք չհիշի մանրամասնությունները:
Комментариев нет:
Отправить комментарий