Այս գիրքն այն գրքերից էր, որը երկար ժամանակ փնտրում էի։
Շատ էի լսել գրքի մասին, սակայն միայն ինքս ընթերցելուց հետո հասկացա, թե որքան բան կարող է փոխել գիրքը հասուն ընթերցողի կյանքում։ Գիրքը համաշխարհային բեսթսելերների շարքում է, այս փաստն ինձ մոտ ավելի մեծ հետաքրքրութուն առաջացրեց։ <<Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին>> գրքում խոսվում է ներդաշնակ կյանքի մասին։ Կյանքը ավելի լավը դարձնելու, նպատակներին հասնելու և անձնական հոգևոր աճի մասին էր գիրքը՝ զուրկ ֆինանսական միջոցների մասին տողերից, այսինքն գիրքը թույլ է տալիս հասկանալ, թե քեզ համար ինչն է կարևոր՝ նյութական արժեքներից զատ։Կառավարիր միտքդ, հետևիր նպատակիդ, տիրապետիր ինքնավերահսկողության արվեստին, հարգիր ժամանակդ, ունեցիր <<ոչ>> ասելու համարձակություն, պարզեցրու կյանքդ, ամեն օր բարություն արա, երախտապարտ եղիր, ապրիր ներկայով և սովորիր վայելել այն, գնա ճակատագրիդ ընդառաջ։ Ահա այն բոլոր խորհուրդները, որը հեղինակը գրիք միջոցով փոխանցել է իր ընթերցողին։
Գրքի սյուժեն զարգանում է երկու կերպարի՝ Ջուլիան Մանթլի և նրա լավագույն ընկերոջ՝ Ջոնի շուրջ։ Ընթանում է զրույցի տեսքով։ Ջուլիանը պատմում է իր հոգևոր վերապրումների մասին հիմալայան ճամփորդության ժամանակ, որը նա կատարել է իր հանգստյան տան և կարմիր «ֆերարիի» վաճառքից հետո։
Սա այն գրքերից էր, որն ինձ ստիպեց վերանայել կյանքս և տեսնել, թե արդյո՞ք ապրում եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել։ Սա պատմություն է սեփական <<ես>>-ի բացահայտման մասին։ Այն սովորեցնում է, թե ինչպես կարելի է իսկապես արդյունավետ և երջանիկ կյանք ունենալ։ Գրքում ամենատպավորիչն այն էր, որ հեղինակը չէր խոսում ֆինանսական աճի, անվերջ աշխատելու մասին։ Նա սովորեցնում էր ապրել ներկայով, վայելել այն բոլոր հրաշալի երևույթները, որոնք աննկատ անցնում են կողքովդ՝ նպատակ ունենալով լցնել կյանքդ երջանկությամբ, սակայն դու դա չես էլ նկատում։
Մեջբերում գրքից․
Արժևորիր քո ժամանակը։ Հիշիր՝ այն չվերականգնվող ռեսուրս է։
Տնօրինիր ժամանակդ՝ ելնելով քո սահմանած առաջնահերթություններից։ Երբեք մի զոհաբերիր կարևորը հանուն երկրորդականի։ Եվ հիշիր․ ժամանակդ սխալ պլանավորելով՝ դու պլանավորում ես հերթական անհաջողությունդ։
Ինձ համար գրքի ամենակարևոր խորհուրդներից մեկն էր ժամանակի ճիշտ կառավարման խորհուրդը։ Այժմ ես նույնպես՝ հետևելով հեղինակի խորհրդին, փորձում եմ կառավարել ժամանակս, բաշխել այն և հասցնել այն ամենը, ինչ է պետք է անել տվյալ օրը։
Ինձ համար բացահայտում էր նաև կամքի ուժի զարգացման հնարքները։ Ինչպես հեղինակն է նշում ՝ <<Կամքի ուժը զարգանում է այն ժամանակ, երբ անում ենք մի բան, որը մեզ այնքան էլ դուր չի գալիս>>։
Մտքի կառավարում․ Հաճախ մենք ինքներս մեզ ստիպում ենք մտածել այն բաների մասին, որոնք մեր մեջ տագնապ, անհանգստություն են առաջացնում, թևաթափ անում։ Սակայն երբ կարողանաս կառավարել միտքդ և ինքդ քեզ ստիպես մտածել այն ամենի մասին, որը կերջանկացնի քեզ՝ կյանքդ ավելի կհեշտանա։
Գրքում ցանկացած խորհուրդ, հնարք փոխկապակցված էր և շատ կարևոր։ Բոլորի մասին խոսել դժվար թե ստացվի, քանի որ դրանք անսահման շատ են։ Գրքի բոլոր էջերում հաստատ կգտնեք մի կարևոր խոսք, որը ձեզ համար նոր դաս կլինի՝ սեփական <<ես>>-ի բացահայտման ճանապարհին։
Կարծիքներ գրքի մասին․
«Շշմելու գիրք է։ Այս գիրքը կլուսավորի ձեր կյանքը»։
Մարկ Վիկտոր Հանսեն․
«Ռոբին Շարման կարևոր ուղերձ է տալիս բոլորիս, որը կարող է փոխել մեր կյանքը։ Գիրքն ինքնակայացման ուղեցույց է այս խելահեղ դարում»։
Սքոթ ԴեԳարմո
«Սա իսկական հաջողության և երջանկության հզոր բանաձև է։ Ռոբին Շարման որսացել է դարերի իմաստությունը և այն համապատասխանեցրել այս փոթորկուն ժամանակներին։ Ես չէի կարողանում կտրվել գրքից»։
Ջո Թայ
Մեջբերումներ․
Մարդն այս աշխարհ է գալիս առանց ոչնչի, կարևոր է գիտակցել, որ նա առանց ոչնչի էլ լքելու է այս աշխարհը։
Ես այլևս չեմ ապրում այս աշխարհում։ Աշխարհն է ապրում իմ մեջ։
Վանիր այն միտքը, թե հնարավոր է, որ չհասնես քո նպատակներին՝ կարևոր չէ դրանք նյութական են, թե հոգևոր։ Ավելի համարձակ եղիր, գործի դիր երևակայությունդ։ Դադարիր լինել անցյալիդ գերին։ Դարձիր քո ապագայի ճարտարապետը։
Կյանքում սխալներ չկան, կան միայն դասեր։ Չկա բացասական փորձ ասվածը, կան միայն աճելու, սովորելու և առաջ գնալու հնարավորություններ ինքնակատարելագործման ճանապարհին։
Երբ համարձակվում ես դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց և ուսումնասիրել անհայտը, դու բացահայտում ես քո իրական հնարավորությունները։ Սա ինքնակատարելագործման առաջին քայլն է։
Եթե միայն երիտասարդությունն իմանար, եթե միայն ծերությունը կարողանար․․․
Անգամ ցավը կարող է լինել հիանալի ուսուցիչ։
Գիրքն ուղղակի ապշեցնող էր։ Այն մոտիվացնում է, ստիպում մտածել և այս կյանքում գտնել քո առաքելությունը, քանի որ ցանկացած մարդ, ով գալիս է այս կյանք, գալիս է որևէ նպատակով։ Սա այն գրքերից էր, որը առանց վարանելու խորհուրդ կտամ բոլորին․․․
Комментариев нет:
Отправить комментарий