среда, 9 февраля 2022 г.

Տերյանի թարգմանությունները

 
Էմիլ ՎերհարնԳլուխը
Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կըբերես, Եվ զանգերը կըղողանջեն, և դաշույնը կըփաղփաղի, Ու մըկանունք կաղաղակեն — և կլինի շքեղ հանդես — Մեծապայծառ տոն ու հանդես կարմիր արյան ու մետաղի:
Եվ արևը ծիրանավառ, և երեկոն ծծմբաշունչ, Երեկոն ու Արեգակը արնափրփուր, հրդեհավառ Կը տեսնեն, թե ինչպես ես դու կրում պատիժը անտրտունջ, Թե ինչպես լուռ կանշնչանան քո աչքերը ու դեմքը պայծառ:
Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարության օձագալար, Իր օվկիանոսը ըմբոստ մահիդ առաջ լռին կըխոնարհե — Ու հարազատ մոր պես գթոտ խանդաղագին ու սիրաբար, Քո անշունչ դին աարյունաներկ դագաղի մեջ մեղմ կօրորե:
Ու թունավոր, որպես ծաղկանց փըթիթը այն մահաշունչ սև, Ու եփվում է կարմիր թույնը շողուն, որպես շանթը պայծառ. Կըմնա քո անունն ըմբոստ, անմահ փառքիդ լույսը վսեմ Որպես կրծքում մեխված դաշույն և անսասան, և անխոնարհ…
Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կըդնես, Եվ զանգերը կըղողանջեն, և դաշույնը կըփաղփաղի. Եվ մըկանունք կաղաղակեն — և կլինի շքեղ հանդես — Մեծապայծառ տոն ու հանդես կարմիր արյան ու մետաղի…
1906
Վալերի Բրյուսով
Լինել մենակ
Գգվում է դեմքըս հողմը քնքույշ, Ամպերում հանգավ հուրը կարմիր, Եվ նորից ահա — մեղմ ու անուշ Իջավ երեկոն, փռվեց անծիր…
Չորս կողմից մութը պարզվում է ինձ Գգվանքով մեղմ ու սիրափափագ. — Վերջի՜ն վայելք իմ, իմ վերջին իղձ՝ Լինել հե ռավոր, լինել մենակ…
1912
Տխուր երեկո
Տխուր խավար, տխուր քամի — ծառերի շրշյուն. Երեկոն իր հեռավոր երազն է հիշում…
Շրշում տխուր, շշնջում է քամին մի անուն. Անօթևան կրակներ, մթին բարձրունքում:
Աշնան հյուրը՝ հողմը տարավ երազներ և ձեզ. Թղթենիները մութի մեջ՝ստվերների պես.
Մութն է նիրհում, նինջ է տիրում, նինջ է իմ հոգում, Ո՞վ կասե ինձ սիրում եմ — լռին այս միգում:
Մութ է, մռայլ, հողմը մեռավ, լռություն մեռած. Ի՞նչ մտորել քո վրա, կորած իմ երազ:
1912
Հենրիխ Հայնե
Ասա՛, ու՞ր է քո սիրածը սիրուն, Որին երբեմն այնպես խանդավառ Երգում էիր դու, երբ հուր-բոցերում Արվում էր հոգիդ հիացքով խելառ…
Մարել են վաղուց կրակները հին, Իմ սիրտը հիմա ցուրտ է հավիտյան, Եվ այս գրքույկը դամբան է, շիրիմ, Սիրո կրակի մոխիրն է միայն…
***
Մի եղևնի է կանգնած միայնակ Սառը հյուսիսում, բարձունքի վրա: Նիրհում է: Քնքույշ, ցոլուն ու ճերմակ Ձյունից է հյուսված հագուստը նրա:
Ու երազին մի արմավ է տեսնում, Որ այն հեռավոր երկրում արևկա Թախծում է լռին, մենակ երազում, Արևից այրված սեպ ժայռի վրա…
Ֆյոդոր Սոլոգուբ
Դուռըդ բաց ու գնա Պարիսպի չորս բոլոր շրջիր Անհանգիստ է հիմա, Սպասի՛ր, մի՛ պառկիր, մի՛ ննջիր… Այս գիշեր գուցե քեզ Օգնության կանչե մեկը վհատ, Դու արդյոք կըշտապե՞ս, Կըգնա՞ս ճանապարհը անհայտ… Եվ մի՞թե կըննջվի, Մտածիր, մութի մեջ, պատի տակ. Մեկը քեզ կըկանչի Ե՛վ հիվանդ, և՛ հոգնած, և՛ մենակ։ Դու՛րս արի շուրջըդ տես, Լապտերն ա՛ռ — կրակով պտտի՛ր, Թեկուզ ինքըդ կորչես — Օգնություն հայցողին ազատիր…
***
Այլ դարերում հայրենիքում մի ուրիշ, Օ՜, թե մարդկանց ես այսքան Խմիչք տայի դյութական՝ Այլ դարերում հայրենիքում մի ուրիշ Իմ ջանասեր կյանքի վրա ակնապիշ Պիտ զմայլեր դատավորը խստաբան, Այլ դարերում հայրենիքում մի ուրիշ Որքան անուշ գովք կասեին ինձ, որքա՜ն…
Ակակի Ծերեթելի
Մի կինտո եմ դարդիման, Ջան, յար ունեմ աննըման, Ուրիշ վարդ է, ուրիշ վարդ, Ոչ հատը կա, ոչ նըման…
Սևունք, սևաչ նազանի, Կերե, թե որ նազ անի, Նրա աչքում մարդը՝ բու, Նա հատորն է իմ հոգու:
Ուր էլ գնամ, ուր էլ լինեմ, Նա է, նա է սրտում իմ. Կյանքս մատաղ բյուր անգամ Քեզ իմ սրտի սիրեկան:
Հենց որ անուշ մութն ընկնի, Իմ սրտում էլ դող կընկնի, Աշուղ դառած՝ կառնեմ թառ Ու դռնեդուռ կերգեմ յա՜ր:
Թե որ տեսնի կըկանչե, Չի մաշի ինձ, չի տանջե. Յարիս գլուխը վկա, Հատն ու նըմանը չըկա…
Վյազեսլավ Իվանով
Հարուստ է և ճոխ Արմենիան, վա՛րդ, Բայց դու թագ ու ոսկուց փարթամ վարդ։
Անհամար են տաճարները սուրգմբեթ, Բայց Մասսից էլ դու սրբազան, վա՛րդ։
Սուրիստանից և մինչ ակը Եփրատի Դևեր բերին լույսդ վառման, վա՛րդ։
Եվ մինչ դուռը Տիգրիսի ու Փորսիդի Փերիները՝ բույրդ աննըման, վա՛րդ։
Վարդավառի նախատոնին ցոլում ես Ծեգից մինչև մայրամուտի ժամ, վա՛րդ։
Վարդավառին թափոր ոստում Մեսսիային Եդեմ պարզված բացվեցի
Շառլ Բոդլեր
Շունն ու սրվակը
Իմ սիրելի շուն, բարի շունս, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերնին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ահ, թշվառական շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել, դա նրան նեղացնում է, այլ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Խենթն ու Վեներան
Ի՜նչ զարմանալի օր է… Ահագին պուրակը թալկանում է վառվռուն շողերի տակ, որպես պատանությունն է թալկանում Սիրո տիրապետության ներքո։ Ամեն ինչ էքստազի մեջ է, բայց դա անհնչյուն մի էքստազ է։ Ջրերն իսկ կարծես նիրհում են։ Դա լռին մի օրգիա է, որ բնավ նման չէ մարդկանց աղմկալի խնջույքներին։ Թվում է թե լույսը քանի գնում ավելի ու ավելի առատ է սկսում թափվել և քանի գնում ավելի պայծառ են ցոլում իրերը, որ արբած ծաղիկները ցոլում են ու իրանց բազմափայլ երանգներով լազուրի փայլի հետ մրցել են ուզում և կարծես ջերմությունից տեսանելի են դարձել նրանց բույրերը, որ ծուխերի նման դեպի աստղեր են բարձրանում։ Բայց ընդհանուր այս բերկրանքի մեջ ես ցավագար մի էակ նշմարեցի։ Հսկայական Վեներայի տակ կանգնած էր մեկն ապուշ ձևացնողներից, մեկը նրանցից, որոնք հանձնառու են լինում զվառճացնելու թագավորներին, երբ սրանց ճնշում է զղջում կամ թախիծ։ Փայլուն ու ծաղրաշարժ հագուստով, գլուխը եղջյուրներով ու բոժոժներով զարդարված, նա կուչ էր եկել արձանի պատվանդանի առաջ՝ արտասվալից աչքերն անմահ Դիցուհուն հառած։ Եվ այդ աչքերն ասում են. — ես մարդկանց մեջ ամենահետինն եմ և ամենից մենավորը, զրկված սիրուց ու բարեկամությորնից և ավելի թշվառ, քան ամենաողորմելի անասունը. բայց ես էլ ստեղծված եմ անմահ Գեղեցիկն զգալու և ըմբռնելու։ Ա՛հ, Դիցուհի, գթա վշտիս, ցավագին ցնորքիս։ Սակայն անողոք Վեներան իր մարմար հայացքը ուղղել էր չգիտեմ դեպի ուր։
Պառավի հուսահատությունը
Փոքրիկ, թորշոմած պառավը հիացմունքից ինքն իրան կորցրեց, երբ տեսավ այն սիրունիկ մանկան, որին բոլորը փայփայում էին, որին բոլորն ուզում էին հաճոյանալ։ Սքանչելի՜ արարած… Պառավի նման բեկուն է նա և պառավի պես անատամ ու անմազ։ Եվ պառավը մոտեցավ նրան սիրաշահող ժպիտը դեմքին։ Սակայն ահաբեկված մանուկը թպրտաց, խույս տալով պառավի փաղանքշանքից և տունն իր լացի աղմուկով լցրեց։ Այնժամ բարեսիրտ պառավը մեկնեց իր մշտական առանձնարանն ու այնտեղ անկյունում կուչ եկած լալիս էր ու ասում. -Ա՜խ, մեր ժամանակն անցել է, խեղճպառավներիս դուր գալու ժամն անցել է արդեն։ Անցել է նույնիսկ միամիտ մանուկներին դուր գալու ժամանակը։ Եվ մենք ահաբեկում ենք նրանց, երբ ուզում ենք սիրել։
Աղբյուր՝ Սվետլանա Ասատրյան

Комментариев нет:

Отправить комментарий