пятница, 13 ноября 2020 г.

«ՎԱՆ ՄԻՆԻԹ»-ի թագուհին

 Հեղինակ`  Ալլա Թադևոսյան

Սենյակի աջ կողմում սեղանն էր, ձախ կողմում՝ պատուհանը, որը լուսավորում էր սենյակը և դեղին գույն հաղորդում պատերին։


Սեղանի վրա գրքեր էին, ափսեի մեջ դասավորված մրգեր և շոկոլադապատ թխվածքաբլիթներ։ Պատից կախված էր ժամացույց, որը ցույց էր տալիս ուղիղ ժամը երկուսը։ Ամեն ինչ նույնն էր, միայն թե․․․

- Այս ի՞նչ է, ՎԱՆ ՄԻՆԻԹ, ու՞ր եմ ես։

Երկար դադարից հետո պատի մյուս կողմից սկսեց խոսել կոշտ ձայնով մի երիտասարդ․

- Բարև, լսու՞մ ես։

- Ո՞վ է։

- Քո ներքին ձայնը։

- Լավ, հնարավոր է, որ ես գժվել եմ: Չէ՛, ես հաստատ գժվել եմ։

- Այո, դու գժվել ես։

- Ը՛խք։ Էս էր մնում պակաս՝ ինքս իմ հետ խոսայի։

Աղջիկը արդեն հավատում էր, որ դա իր ներքին ձայնն էր, բայց լսվեց մեկի ծիծաղը։

- Ի՞նչ ես հռհռում, սպասիր դուրս գամ։

- Ի՞նչ եղավ, ախ, այո, չես կարողանում դուրս գալ։ Լավ է, որ ժամանակս իզուր չեմ ծախսի, լավ կուրախանամ, միևնույնն է, չեմ վախենում մեռնելուց։

- ՎԱՆ ՄԻՆԻԹ․․․ Հիմա, սպասիր։

Աղջիկը փորձում էր ջարդել պատերը, բայց իզուր։

- Երևում է՝ լավ էլ թույլիկ ես՝ համեմատած խոսքերիդ, ՎԱՆ ՄԻՆԻԹ-ի թագուհի։

- Խոստանում եմ քեզ սպանել դուրս գալուս պես։

- Ոնց ասես, բայց նախ դուրս արի։

 Աղջիկը քթի տակ մի բան ասեց, համարյա չլսվեց։ Քիչ հետո տղան ասաց․

- Մենք անգամ չհասցրինք ծանոթանալ, իմ անունը Մայք է։

- Ես Կիրան եմ,- մի փոքր վրդովված պատասխանեց աղջիկը։

- Լսիր, ես կատակելու հավես չունեմ, դու ասա մոտդ ջուր կա՞։

- Օ՜, տեսեք-տեսեք մեր «ուժեղիկ»-ին։ Ի՞նձ էիր թույլ համարում, դե հիմա ինչու՞ ես ինչ-որ բան խնդրում, ինքդ արա՛։

- Լավ, տեսնենք որքան ես մնալու այդտեղ սոված-ծարավ։

Տասնհինգ րոպե հետո, որքան էլ Կիրան փորձեց զսպել ծարավը, բայց էլ չէր ստացվում։

- Լսիր, գիտե՞ս՝ որտեղից ջուր վերցնել։

- Հավատա, եթե իմանայի, էլ քեզ չէի խնդրի։ Լավ, համաձա՞յն ես՝ հաշտվենք։

- ՎԱՆ ՄԻՆԻԹ, ես չեմ պատրաստվում կուլ տալ ասածներդ, սպասիր դուրս գամ։

- Հիմա կարող ենք ուղղակի գործարք կնքել՝ մինչև դուրս գալը չկռվել և օգնել իրար, իսկ երբ դուրս գանք․․․

- Իսկ երբ դուրս գանք, դու դեռ կտեսնես։

- Հիմա նայիր կողքերդ, ի՞նչ ես տեսնում։

- Նույնն է, ինչ սենյակումս, աջ կողմից սեղան, միայն թե վրան սարդոստայններ, ձախ կողմից պատուհան՝ ճաղավանդակներով, դեղինին հակառակ մոխրագույն պատեր։ Սեղանի վրա ուտելիքներ, բայց ոչ թե մրգեր և թխվածքաբլիթներ, այլ չոր հաց և նեխած խնձոր։ Լավ է, որ ժամացույցը նույն ձևի է, ինչ սենյակումս։ Մի բան էլ․ միակ իրը, որ ինձ մոտ է մնացել, վզնոցս է, դեռ մանկուց կրում եմ։

- Իսկ ինչու՞ չեն գողացել։

- Կարծում եմ՝ չեն տեսել, դպրոցում արգելվում է զարդեր կրել, դրա համար ես հանել եմ շղթան և անցկացրել սովորական թելի վրա, այն մկրատի տեսք ունի։ Հայրս է նվիրել, որպեսզի վատ երազներ չտեսնեմ, մկրատը կտրում է բոլոր վատ երազները։

- Լավ է, երևում է՝ իսկապես թագուհի ես եղել, սիրելի «ՎԱՆ ՄԻՆԻԹ»։

- Վերև նայի։

- Ի՞նչ։

- Չե՞ս լսում շխկշկոցը։

- Հա, ի՞նչ է։

- Հոգիներն են, հիմա քեզ կուտեն։

- Չէ՜, շուտ արա, փրկի, ես փոքր ժամանակվանից վախենում եմ հոգիներից։

Մինչ տղան վախեցած աչքերն էր փակում, աղջիկը ծիծաղում էր։

- Չեմ հավատում, մեր փոքրիկ Մայքը հիմա կսկսի լացել։

- Չեմ ուզում գործարքը խախտել, սպասիր դուրս գամ։

- Ինչու՞ ենք էստեղ, գիտե՞ս։

- Գաղափար անգամ չունեմ, եթե քեզ գողացած լինեին փող ստանալու համար, ապա ինձ՝ հաստատ չէ։ Միակ բանը, որ ունեմ հին սքեյթս է և աստղով կեդերս, փառք Աստծո, որ չեն վերցրել սրանք, հայրիկս էր գնել մահից առաջ, էնպես կուզեի մեծ տուն ունենալ, բայցերբեք չեմ ասել հորս, որ նեղություն չպատճառեմ։

- ՎԱՆ ՄԻՆԻԹ, լսու՞մ ես ձայները։

- Էլ չես կարող խաբել հոգիներով։

- Լսի, ես լուրջ եմ ասում։

 Լսելով Կիրայի վախեցած ձայնը՝ Մայքն էլ սկսեց վախենալ։ Ձայները ավելի էին մոտենում։

Հանկարծ լսվեց, թե ինչպես մեկը մոտեցավ ճաղավանդակին։ Մայքը թաքնվեց ճաղավանդակի ձախ պատի մոտ և պատրաստեց սքեյթը հարվածելու համար, չնայած այնքան հին էր, որ ակների ռեզինը պոկրտվել էր, իսկ ներկից ընդամենը մի փոքր հատված էր մնացել մեջտեղի մասում։ Իսկ Կիրան թաքնվեց աջ պատի մոտ և պատրաստվեց Մայքի արձագանքին։ Տղան շշուկով խոսեց՝ գլուխը ուղղելով դեպի պատը․

- Պատրաստ ե՞ս։

- Այո։

- Երեք հաշվից։ Մեկ, երկու․․․

 Արդեն վերջին քայլն էր, մեկը բացեց կողպեքը և․․․

- Չը՛խկ։

Լսվեց ինչ-որ մեկի հոգոցը, ասես բոլոր ոսկորները կոտրելով կռացավ, այդ պահին Կիրայի սենյակի դուռը 45 աստիճան բացվեց, և ստվերը ընկավ Մայքի աչքերին։ 

- Հեռու գնացեք Կիրայից, հեռու՛։

Տղան, ով ամբողջ կյանքը վախեցել էր հոգիներից, սկսեց գոռալ մի անծանոթ աղջկա պաշտպանելու համար։ Այդ պահին լույս ընկավ Մայքի աչքերի մեջ։ Նա մի կողմ տարավ ձեռքը, որով փակել էր աչքերը, և կիսափակ աչքերով նայեց իր դիմաց, ինչպես կնայեր մեկը, ով կես գիշերին վառել էր խոհանոցի լույսը՝ ջուր խմելու համար։ 

- Հեյ, ո՞վ ես դու ։

- Ի՞նչ։

- Ո՞վ ես դու, ի՞նչ գործ ունես այստեղ, ես արդեն տասը տարի է, ինչ այստեղ պահակություն եմ անում, բայց դեռ ոչ ոք չի պլստացել իմ ձեռքից։

- Դուք չե՞ք ինձ բերել այստեղ։

- Տեղից էլ գործս այնքան շատ է, հո չեմ գժվել։

 Մայքը խորը շունչ քաշեց, հետո հիշեց Կիրայի մասին։

- Լսեք, կողքի սենյակում աղջիկ կա, օգնեք նրան դուրս գալ։

- Լավ, հիմա նայեմ։

 Մայքը դուրս եկավ սենյակից, և ինչպես գերմանամուկը իր կլոր աչուկներով կնայեր արևածաղկի սերմերով լի տոպրակին, նայեց Կիրայի սենյակից ներս՝ փնտրելով աղջկան։ Պահակը մի քանի անգամ այս ու այն կողմ տարավ լապտերը, բայց աղջիկը չկար։

- Լսիր, ինձ թվում է՝ փախել է, դու էլ դուրս արի, քանի չեմ բարկացել, կարող ես հարցնել ում որ ուզում ես, պահակ Վահագից ավելի լավ պահակ չկա։

 Գովասանքները լսելուց հետո Մայքը վազեց միջանցքով, որպեսզի դուրս գա, արդեն հասել էր միջանցքի վերջին, երբ պահակը հետևից գոռաց։

- Լսիր, ոչ ոք չպիտի իմանա, որ այստեղ մարդ է եղել։ Դուրս կգաս ետնամուտքից և չփորձես մեկին պատմել, թե չէ գիտես, էլ չկրկնեմ։ Սպասիր, հետդ կգամ, թե չէ քայլող փորձանք ես հա՜։

 Տղան սպասեց, մինչ պահակը կմոտենար։ Մինչ պահակը գալիս էր, տղան նայում էր լապտերի լույսի տակ նրա արտաքինը։ Միջին տարիքի տղամարդ էր, շատ նման էր համակարգչային խաղերից մեկի հերոսին՝ Սուպեր Մարիոյին։ Նույն գլխարկը, բեղերը, նույնիսկ քիթն էր նման։ Գլխարկի երկու կողմից դուրս էին եկել ոչ լրիվ սպիտակած՝ մոխրագույն երանգի, գզգզված մազերը։ Նրանք քայլում էին միջանցքով։ Պահակի դեմքը տարօրինակ թվաց Մայքին, կարծես ինչ-որ բանից սարսափում էր։ Քրտինքը իջնում էր մոխրագույն մազերից, հետո անցնում կախ քթով և անհետանում սև ու սպիտակ բեղերում։ Անհանգիստ մեծ սև աչքերը, որոնք ավելի էին մեծացել մթության մեջ, լարված նայում էին աջ ու ձախ, թվում էր, թե հասարակ ճանճի տզզոցից ինֆարկտի կենթարկվի խեղճը։ Լապտերից դուրս եկող լույսը լուսավորում պատերի տարբեր անկյունները։ Հատակը ամբողջովին ծածկված էր սալիկներով, նույնիսկ Մայքի կեդերն էին զգում այդ սառնությունը և փոխանցում ոտքերին։ Սալիկների արանքներում մեծ անցքեր էին լցված ջրով, երևի դա էր սառեցնում սալիկները։ Երկար լռությունից հետո, դողդղալով, պահակ Վահագը փսփսաց Մայքի ականջին․

- Լսիր, ոչ ոք չպիտի իմանա՝ ինչ է թաքնված այստեղ, թե չէ կսպանեն ինձ։

- Իսկ ի՞նչ է թաքնված։

- Փու՜, լեզվիցս թռցրի, գնա, քանի չեմ կատաղել։

 Տղան դուրս եկավ և, իջնելով տասնչորս աստիճան, դուրս եկավ շենքից։ Հետ-հետ քայլելով,  նա ցանկանում էր տեսնել շենքի ամբողջական տեսքը։ Շենքը պատված էր ապակե պատուհաններով, եթե շուրջը ոչինչ չերևար, Մայքը կմտածեր, թե Հյուսիսային պողոտայում է, բայց ապակիները անդրադարձնում էին հետևի տեսարանը։ Կարծես թե շուկա էր։ Բարեբախտաբար շենքի դիմաց ցայտաղբյուր կար, և Մայքը մոտեցավ, որպեսզի խմի, իսկ սով չէր զգում շնորհիվ չոր հացի։

- ՎԱՆ ՄԻՆԻԹ, Մա՜յք, ջուրը․․․

 Տղան շրջվեց, բայց ոչինչ չտեսավ։ Ակնհայտ էր, որ «ՎԱՆ ՄԻՆԻԹ»-ի թագուհին էր։ Ցավոք լսեց ընդամենը երեք բառ։ Դրանից հետո լսվեց դռան շրխկոցը, իսկ հետո երբ շրջվեց, էլ ոչինչ չկար, բացի օրորվող դռնից։ Տղան մոռացավ նույնիսկ խմել ջուրը։

- Պետք է օգնել Կիրային, ի վերջո գիտեմ, թե ինչ ցավոտ է կորցնել մեկին, ում սիրում ես, չեմ ուզում, որ նրա հայրն էլ զգա այն, ինչ զգացի ես, երբ կորցրի հորս։

 Ինքն իրեն տրամադրելուց հետո Մայքը վազեց և մեկ շնչով բարձրանալով տասնչորս աստիճանները՝ բացեց դուռը։ Տեսնելով մթությունը՝ սկսեց խոսել, ինչպես կխոսեր Սևանի սառը ջրին դեռ չհարմարված մարդը՝ դողդղալով և ատամները սրսրթացնելով։

- Հանգիստ, Մայք, սա ընդամենը մթություն է, հոգիներ չկան, հոգինե՜ր․․․

 Դեռ չէր ավարտել ինքնախոսությունը, երբ ուժեղ հարված ստացավ գլխին և աղոտ տեսնելով երկու հոգու՝ կորցրեց գիտակցությունը։ Երբ բացեց աչքերը, արդեն ուրիշ սենյակում էր։ Հատակը ծածկված էր նույն միջանցքի սալիկներով, բայց այս անգամ ջուրը բարձրացել էր։ Սենյակի մյուս մասում՝ պատի մոտ, Կիրան էր։ Մայքը ընդամենը չորս վայրկյանում հասավ աղջկան:

- Հե՜յ, Կիրա, զարթնի՛ր։

 Կիրան քարացած ընկած էր գետնին։ Վերջին խոսքը, որ ասել էր նա, երեք բառ էր՝ ՎԱՆ ՄԻՆԻԹ, Մայք, ջուրը․․․

 - Կարծում եմ՝ ծարավ է։

 Մայքը սալահատակի արանքից մի բուռ ջուր վերցրեց և ցփնեց Կիրայի դեմքին։ Սակայն աղջիկը ուշքի չեկավ։ Ստիպված էր բացել Կիրայի բերանը և ջուր խմեցնել։ Աղջիկը զարթնեց։

- Լավ ե՞ս։

- Մայք, ջուրը․․․

- Այո, գիտեմ, երբ ուշաթափվել էիր, օգնեցի, որ խմես։

- Ի՞նչ, հիմար ես։

- Հերիք չի՝ օգնել եմ քեզ, և դրա պատճառով նորից փակել են այս սենյակում, իսկ դու հիմար ես անվանում։

- Լսիր, իսկ դու գիտե՞ս՝ այդ ինչ ջուր էր։

- Ոչ, ինչի՞։

- Դա այն ջուրն էր, որը գալիս է երկրորդ հարկից, երևի արդեն գիտես։

- Չէ, ես ոչ մի բան չգիտեմ։

- Օ՜, Աստվածներ, այս տղան միշտ ոչ մի բան չգիտի։ ՎԱՆ ՄԻՆԻԹ, ուրեմն դու չես տեսել էն բոյովներին։

- Լսիր, ամեն ինչ սկսիր սկզբից։

- Լավ, հիշում ես ոտնաձայնները։ Ինչ-որ մեկը բացեց դուռը և ձեռքը մոտեցրեց բերանիս, հետո ես տեսա մեկին, որ քո սենյակի դուռը բացեց, ես փորձեցի ձայն տալ, բայց չկարողացա։ Ինձ բերեցին այստեղ, երբ արթնացա, ոչ մեկը չկար։ Հետո մի պապիկ եկավ ու ինձ օգնեց դուրս գալ, բայց շատ վախեցած էր, ինձ ցույց տվեց դուրս գալու ճանապարհը և փախավ, բայց նրան բռնեցին։ Ես լսեցի, թե ինչպես էին խոսում այդ երկու ակնոցավոր ընձուղտները։ Նրանք ասում էին, որ մեզ վրա փորձարկումներ են անելու։ Նրանք փորձում են համաճարակ տարածել ջրի միջոցով, ամբողջ ջուրը կեղտոտ է։ Ես փորձեցի դուրս գալ և դրսում քեզ տեսա։ Ինձ բռնեցին։ Փորձեցի ձայն տալ և զգուշացնել, որ հանկարծ ջուրը չխմես։ Հո չխմեցի՞ր։

- Չէ, չնայած չէի լսել, բայց անմիջապես վազեցի քեզ օգնելու։

- Շնորհակալ եմ։

 Մայքի դեմքը կարմրեց, կարծես թե հավանում էր Կիրային։ Սենյակի փոքր պատուհանից երևում էր մուգ կապույտ երկինքը, իսկ անկյունում՝ լուսինը, ընդամենը մեկ լուսնի շերտ էր պակասում, որպեսզի դառնար լիալուսին։ Այս ամենը շատ նման էր Վան Գոգի նկարին, միայն թե նկարը շատ փոքր էր՝ համեմատած սև հաստ շրջանակի և ճաղերի հետ։ Մայքը էլ չէր վախենում հոգիներից, միակ լավ կողմը այս ամենի։ Կարծես մթությունը արդեն հարազատ էր դարձել։ 

-ՎԱՆ ՄԻՆԻԹ, պետք է դուրս գանք, բայց դուռը հսկում են։

- Ուրեմն փորձենք պատերը կոտրել, ես կկարողանամ։

- Ինչքան հիմար կարելի է լինել, եթե կոտրենք պատերը, դրանց արանքների ջուրը ուղիղ կհոսի մեզ վրա։ Եթե մեռնել ես ուզում, ապա պարտադիր չի ինձ էլ քեզ հետ տանես։

- Հըմմ, ճիշտ ես ասում։

- Կարծում եմ՝ սենյակում մի բան կգտնենք, որը մեզ կօգնի։

 Անկյունում աղբի կույտեր էին, այնտեղ կային գազավորված ըմպելիքների շշեր։

- Լսիր, Մայք, պիտի փորձենք սրանցից դիմակ պատրաստել, եթե անգամ մեկ կաթիլ ջուր կուլ տանք, կխեղդվենք։

- Բայց ո՞նց, գոնե դանակ լիներ, կկտրեինք։

- Դանակ չէ, բայց կարծում եմ վզնոցս կօգնի, այն մկրատ է։

 Երկար տանջվելուց հետո վերջապես ստացվեց անցք բացել, իսկ հետո արդեն ավելի հեշատացավ։ Երկու շիշ էլ կապեցին թևերի վրա։

- Լսիր, կարծում եմ ինչքան շատ ջուր լինի, այնքան մենք կբարձրանանք վերև, ի վերջո շշերրը մեզ կբարձրացնեն վեր, իսկ հետո պատուհանից կփախնենք։

- Ճիշտ է, դե արի մտածենք, թե ինչպես դուրս գանք վերևի պատուհանից։

- Կարծում եմ՝ մեզ պետք կգա սքեյթդ։ Կներես, բայց միակ ելքը սքեյթով պատերըը ջարդելն է, ինչքան շատ ջուր գա, այնքան արագ կփախչենք։

- Չեմ հավատում, պիտի կոտրեմ սքեյթս, բայց այլ տարբերակ չկա։ Սպասիր, հիմա կկոտրեմ։

 Մայքը մի քանի անգամ հարվածեց պատին։ Չնայած անասելի ցավ էր զգում հոգում, բայց իր կյանքին էր վերաբերում և կարող էր ևս մեկ կյանք փրկել։

- Հուսով եմ՝ հայրս կհպարտանա ինձնով և կօգնի դուրս գալ։

 Արդեն անցք էին բացել։ Ջուրը ողջ ուժով հորդում էր։ Երկուսն էլ ակամա սկսեցին ծիծաղել։ Կիրայի դեղնաշագանակագույն մազերը մնացին ջրի տակ՝ ստանալով մուգ գույն։

- Ստացվե՜ց, չեմ հավատում։

- Այո,-լայն ժպիտով և ոգևորված պատասխանեց Մայքը։

  Տղան ակամա մոտեցավ և բռնեց Կիրայի ձեռքը, իսկ հետո փոխեց թեման։

- Լսիր, բարձրացի թևերիս վրա, այդպես շուտ դուրս կգանք։

- Լավ։

 Աղջիկը բարձրացավ և, կախվելով պատուհանից, ելավ և նստեց նեղ պատուհանագոգին։ 

-Իսկ հիմա վերցրու մկրատդ և փորձիր կոտրել ճաղավանդակները, մի քանիսն էլ հերիք է դուրս գալու համար։

Արդեն մեկ երկու հատ պոկել էր, երբ ձայներ եկան դրսից։

- Մա՛յք, շուտ արա բարձրացիր։

- Չէ, դու ջարդի, ես կպախկվեմ, քեզ չեն տեսնի, իսկ հետո հենց բարձրանամ, կօգնեմ, որ փախչենք։

- Լավ, խոստանում ե՞ս։

- Հա, խոստանում եմ։

- Հե՜յ, դուրս եկեք։

 Ներս մտան Կիրայի ասած «ընձուղտները»։ Այնքան բարձրահասակ էին, որ իրենց հասակի կեսով կռացան, որպեսզի դռնից ներս մտնեն։ Մոտ կես ժամ փնտրեցին, բայց չգտան։ Կիրան էլ չգիտեր, թե որտեղ էր Մայքը։ Արդեն երրորդ ճաղավանդակն էր կտրել, երբ ընկավ մկրատը ձեռքից։ Ձայնը լսվեց այնքան ուժեղ, ինչպես գիշերը հողաթափերի ճտճտոցը։

- Հե՜յ, բռնեք, այստեղ մարդ կա, շու՛տ արեք։

- Նորից այս երկարավիզ ընձուղտները,-փնթփնթաց Կիրան։

 Արդեն կտեսնեին աղջկան, բայց Մայքը հրեց նրանցից մեկին և վազեց միջանցք։ Չէր կարող շատ վազել, որովհետև ջուրը բարձրանում էր, պետք էր թաքնվել։ Մայքը գտավ մի փոքր տնակ, որը ջրի տակ էր անցել, և թաքնվեց այդտեղ։ Շշերը կմատնեին, պետք էր բացել կափարիչները, որպեսզի մի քիչ ջուր լցվեր, և կարողանային սկել։ Հանկարծ ոտքը կպավ ինչ-որ առարկայի։

- Տեր Աստված, չէ։

 Այդտեղ ընկած էր պահակ Վահագի դին։ Սիրտը սկսեց արագ բաբախել, դժվար է կորցնել այն մարդուն, ում հետ ծանոթ էիր և քեզ օգնել էր։ Կարծես խեղդվել էր, բայց հետո տեսավ դանակի հարվածներ փորին։ Բայց պետք էր հավաքվել, ի վերջո նույնը սպասվում էր նրան և Կիրային, պիտի արագացներ։ Դատարկեց շշերի միջի ջուրը և օդ բարձրացավ։ Արդեն բավականին բարձրացել էր ջուրը, պետք էր լողալ։ Ինչքան ուժ ուներ լողաց և շուտով հասավ Կիրայի մոտ։

- Մա՜յք, արագացրու։

- ՎԱՆ ՄԻՆԻԹ, հիմա վերցնեմ վզնոցդ և գամ։

- Դա կարևոր չէ։

- Սպասի, վա՜յ։

- Ա՜խ, փախի, ՎԱՆ ՄԻՆԻԹ, փախի՜։

 Մայքի աչքերը նայում էին ուղիղ Կիրայի աչքերի մեջ։ Ձեռքը մեկնել էր և Կիրային մի բան էր փոխանցում։ Բերանը շարժվում էր դիմակի տակից։ Մազերը ձկների նման լողում էին ջրի տակ։ Գնալով մարմինը ավելի էր խորասուզվում ջրի մեջ։ Կիրան քարացել էր, ուղղակի չգիտեր՝ ինչ էր կատարվում, մինչև․․․ Մինչև չտեսավ ջրի վրայի արյունը և դանակի դուրս եկած շեղբը Մայքի որովայնից։ Աչքերին չէր հավատում, բայց պետք էր մի կողմ դնել հույզերը, պիտի կոտրես սիրտդ, որպիսզի գոյատևես, դա անմարդկային է, բայց չկա կյանքից ավելի կարևոր բան։ Կիրան սրբեց արցունքները և թռավ պատուհանից։ Մի քանի ժամ անց նրան գտան շուկայում, նա զանգել էր մեկի հեռախոսով և տեղեկացրել ծնողներին։ Ծնողները զանգեցին ոստիկանություն, և հիմա բոլոր ընձուղտները բանտում էին, իսկ պահակ Վահագնի մարմինը պատվով հանձնեցին հողին՝ ճանաչելով նրան լավագույն պահակ՝ Սուպեր Մարիոյի գլխարկով։

 - Նորից ժամը երկուսն է, նստած եմ սենյակումս։ Ամեն ինչ նորից նույնն է՝ աջ կողմում սեղանը, ձախում՝ պատուհանը։ Նույն մրգերը և թխվածքները՝ նեխած խնձորի և չոր հացի փոխարեն։ Դեղին պատերը և լուսավոր սենյակը, բայց մի բան նույնը չէ։ Չկա այն չարաճճի տղան, ով ինձ նյարդայնացնում էր։ Պիտի խոստովանեմ, որ նույնիսկ զվարճալի էին թվում, իսկ հիմա այս ամենը հիշում եմ, և թվում է՝ երազ էր։ Հիմա չկա Մայքը և չկա իմ պատճառով։ Ես չգիտեմ, արցունքներս թրջում են նոթատետրիս էջերը, իսկ դրանց վրա դրված է մի իր, որը դարձավ ավելի կարևոր, քան նախկինում։ Միակ իրը, որ մնացել էր Մայքից։ Երբեք չեմ հանի մկրատով վզնոցս, իմ հիշողությունների թանկ մասունքն է սա։ Ստիպված եմ զսպել արցունքներս և շարժվել առաջ։ Մնաս բարով, Մայք։

- Կի՜ր, արի, ճաշը սառում ա։

- Եկա, մամ։

Комментариев нет:

Отправить комментарий