среда, 4 ноября 2020 г.

Աքրայում գտնված ձեռագիր: Հատվածներ գրքից

 «Բնության շրջապտույտում չկա ո՛չ հաղթանակ, ո՛չ պարտություն. կա միայն շարժում»:

«Երբ տանուլ ենք տալիս մարտը կամ կորցնում այն ամենն, իինչ մեր կարծիքով ունենք, տխրությամբ ենք համակվում: Բայց երբ այն անցնում է, բացահայտում ենք այն անծանոթ ուժը, որ կա յուրաքանչյուրիս մեջ, այն ուժը, որ զարմացնում է մեզ ու մեծացնում հարգանքը սեփական անձի հանդեպ»:

«Առանց մենության Սերը երկար չի մնա կողքիդ: Քանզի Սերն էլ հանգստի կարիք ունի, որպեսզի կարողանա թափառել երկնքում և այլ կերպ դրսևորվել»:

«Մենությունը ոչ թե Սիրո բացակայությունն է, այլ նրա ուղեկիցը»:

«Նրանք, ովքեր ընկճված են մենությունից, պետք է հիշեն. կյանքի ամենակարևոր պահերին միշտ էլ մենակ ենք լինելու»:

«Դժվարություն», ահա այն հնամենի գործիքի անունը, որ ստեղծվել է նրա համար, որ օգնի ճանաչել ինքներս մեզ:

«Արտաքին գեղեցկությունը ներքին գեղեցկության տեսանելի կողմն է: Եվ դուրս է հորդում այն լույսի հետ, որ ճառագում է աչքերից»:

«Գեղեցիկ է այն ամենն, ինչ արարվել է»:

«Սերն ազատ է, և նրա ձայնը կախված չէ ո՛չ մեր կամքից, ո՛չ մեր ջանքերից»:

«Սերը հավատի դրսևորում է, այլ ոչ թե փոխանակում»:

«Կյանքը չափազանց կարճ է՝ ամենակարևոր խոսքերը չասելու համար»:

«Մեր սիրտը բաց է սիրո համար և առանց վախենալու հանձնում ենք այն, քանզի այլևս կոորցնելու բան չունենք»:

«Սերն ընդամենը բառ է մինչև այն պահը, երբ որոշում ենք թույլ տալ, որ իր ողջ ուժով տիրի մեզ: Սերն ընդամենը բառ է մինչև այն պահը, երբ ինչ-որ մեկը գալիս է այն իմաստավորելու: Մի հանձնվեք: Սովորաբար փակ դուռը բանալիներից ամենավերջինն է բաց անում»:

«Ծնվել ենք մենակ, մենակ էլ կմեռնենք:»:

«Չեմ ասում՝ գտի՛ր նրան, ով քեզ նման է մտածում: Ասում եմ՝ գտի՛ր նրան, ով այլ կերպ է մտածում, ում երբեք չես կարողանա համոզել, որ հենց դու ես իրավացի: Որովհետև ընկերությունը Սիրո բազում դրսևորումներից մեկն է, իսկ Սերը կարծիքների ազդեցությանը չի ենթարկվում. այն անշահախնդրորեն ընդունում է ընկերոջն ու թույլ տալիս, որ յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա: Ընկերությունը հավատ է դիմացինի հանդեպ, այլ ոչ թե հրաժարում: Մի՛ փորձիր ամեն գնով սիրվել, որովհետև Սերը գին չունի»:

Ամեն գնով խուսափի՛ր նրանցից, ովքեր կողքիդ են միայն տխրության պահին ու մխիթարանքի խոսքեր են ասում: Որովհետև իրականում մտածում են. «Ես ավելի ուժեղ եմ: Ես ավելի իմաստուն եմ: Ես այդ քայլը չէի անի»: Մնա՛ նրանց կողքին, ովքեր կողքիդ են ուրախության պահին: Քանզի նրանց հոգիներում տեղ չկա խանդի կամ նախանձի համար, նրանք պարզապես երջանիկ են, որ քեզ երջանիկ են տեսնում: Խուսափի՛ր նրանցից, ովքեր իրենց ավելի ուժեղ են կարծում: Քանզի իրականում թաքցնում են սեփական թուլությունը: Եղի՛ր նրանց կողքին, ովքեր չեն վախենում խոցելի լինելուց: Քանզի նրանք վստահում են իրենց անձին, գիտեն, որ բոլորն էլ ինչ-որ պահի սայթաքում են, և դա մեկնաբանում են ոչ թե որպես թուլության, այլ մարդկայնության նշան: Խուսափի՛ր նրանցից, ովքեր ավելի շատ խոսում են, քան գործում, նրանցից, ովքեր քայլ չեն անում՝ առանց համոզված լինելու, որ հարգանքի են արժանանալու: Եղի՛ր նրա կողքին, ով քո սխալի մասին երբեք չի ասել՝ «Ես այլ կերպ կվարվեի»: Քանզի ով սխալ չի գործել, ի վիճակի չէ դատելու:

«Նրբագեղությունը արտաքին հատկանիշ չէ, այլ հոգու մի մասնիկը, որ տեսանելի է դիմացինին»:

«Աշխարհի ամենապարզ բաներն ամենաարտասովորն են: Մնում է միայն թույլ տալ, որ բացահայտվեն»:

«Ահա թե որն է հաջողության իմաստը. հարստացնել կյանքը, այլ ոչ թե սնդուկները ոսկով լցնել»:

«Ի՞նչ է հաջողությունը: Հաջողությունն այն է, երբ ամեն գիշեր խաղաղ սրտով կարող ես գլուխդ դնել բարձին»:

«Սիրել նշանակում է պատրաստ լինել հրաշքի, հաղթանակի ու պարտության, այն ամենին, ինչ տեղի է ունենում ամեն Աստծու օր, որ տրվել է մեզ այս Երկրի վրա ապրելու համար»:

«Մեր հոգին կառավարում են չորս անտեսանելի ուժեր. սերը, մահը, իշխանությունն ու ժամանակը»:

«Ամենաավերիչ զենքերը նիզակն ու թնդանոթը չեն, որ կարող են վիրավորել մարմինն ու ավերել պարիսպը, ամենաահավոր զենքը խոսքն է, քանզի այն կործանում է կյանքն՝ առանց արյան հետք թողնելու, իսկ թողած վերքերը երբեք չեն սպիանում»:

Комментариев нет:

Отправить комментарий