пятница, 1 июня 2018 г.

Հեղափոխություն. ցույց, թե գործ



Ինձ դուր է գալիս իրադարձությունները դիտել կողքից՝ սա առաջին, և երկրորդ՝ ես ուղղակի վերլուծում եմ իմ մեջ եղածը և անում հետևություններ։
Այս անգամ, ինչպես բոլորս գիտենք, խնդրո առարկան Հայաստանի ապագան է և կառավարման սիստեմը։ Քանզի բնակչության մեծամասնությունը դեմ էր նախկին կառավարության անդամներին և նրանց կողմից իրականացված կառավարման ձևերին, մարդիկ որոշեցին դա փոխել՝ կազմակերպելով ցույցեր և անհնազանդություն դրսևորել։ Արդյոք ես դա համարում եմ խելքին մոտ։ Դժվար է ասել, ես իհարկե դեմ եմ ամեն տեսակի ագրեսիայի դրսևորմանը, բայց այս անգամ այն, իրոք, աշխատեց, որը շատ անսպասելի էր անձամբ ինձ համար։ Որն էր պատճառը, որ այս ձևը աշխատեց։ Պատճառը խելամիտ մոտեցում էր իրավիճակին։ Ամբոխը որպես առաջնորդ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, և նա էլ ցույց տվեց խելամիտ քայլերի հաջորդականությունը, որին հետևելով` մարդիկ հասան իրենց ուզածին։ Խնդիրն այն է, որ քիչ է միայն դուրս գալը և դժգոհելը: Ստիպված եմ ասել, որ այդ մարդիկ գործնականում իրենց կողմից մերժված կառավարիչներից լավը և արդարը չեն։ Մարդիկ մագնիս են դնում իրենց տան ջրաչափերին, կաշառում են ճանապարհային ոստիկանին, որ նա աչք փակի իրենց խախտումների վրա, գումարի դիմաց ազատում են զինվոր տղաներին, դուրս գալիս տրանսպորտից առանց վճարելու, գումարի դիմաց ընտրությունների են գնում, առնում են համալսարանի դիպլոմ և այլն։ 
Ինչու են այդ մարդիկ դուրս եկել փողոց և պահանջում արդարություն, այն դեպքում, երբ իրենք ոչինչ չեն անում դրա համար։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշիյանին՝ ես դեռ չեմ կարող ասել, թե ինչպիսի վարչապետ նա կլինի և արդյոք կարդարացնի ժողովրդի սպասելիքները՝ լուծելով Հայաստանում առկա խնդիրները: Ժողովրդի մեջ կուտակվել էր զայրույթ և, դա մենք պարզ տեսանք, ինչպես նաև ականատես եղանք այդ զայրույթի արտահայտմանը։ Չեմ կարող ասել, որ ինձ հաճելի էր հետևել այդ իրադարձություններին, քանզի ես խաղաղ ճանապարհով խնդիր լուծելու կողմնակից եմ։
Իսկ հիմա կասեմ, թե ես ինչ եմ անում իմ երկրի համար` առանց ցուցադրելու դա հանրությունը: Ես կամավորություն եմ անում Հայաստանում։ Այս ամռանը պատրաստվում եմ գնալ և ոչ մեծ խմբի հետ կարգի բերել Զվարթնոց տաճարը, աշնանը նույնպես պատրաստվում եմ աշխատել Երևանում։ Իսկ մյուս ամառ ես էլի ոչ մեծ խմբի հետ կգնամ այնպիսի վայրեր, ինչպիսիք են` մանկատունը և մանկական գյուղը, որպեսզի հոգ տանեմ երեխաներին։ Իմ Հայաստանին օգնելու տարբերակը սա է։ Ես ակտիվիստ չեմ, բայց իմ կատարած կամավորությունը կօգնի իմ երկրին։ Իսկ դա անելու համար պահանջվում է միայն բարի կամք և մի քիչ էլ հայրենասիրություն։ 
Երևի թե այսքանը, ես, միևնույն է, կմնամ չեզոք վիճակում՝ չեմ պաշտպանի ոչ ցուցարարներին, ոչ կառավարության անդամներին։ Ես ուղղակի լուռ կհետևեմ իմ արածին և կշարունակեմ գնալ այդ ուղիով։ Հույս ունեմ` ամեն ինչ լավ կլինի մեր երկրում։

Комментариев нет:

Отправить комментарий