Բայց կան մարդկանց տեսակներ, ովքեր մտածում են, որ հարցերը բանականությամբ լուծելը թույլ մարդու հատկանիշ է: Օրինակ՝ ջրի կաթիլը առաջին հայացքից շատ նուրբ, անվտանգ բան է: Բայց, եթե անվտանգ թվացող այդ կաթիլը երկար ժամանակ նույն տեղում և նույն հաճախականությամբ անընդհատ կաթա՝ կարող է թողնել շատ խորը ու չվերականգնվող հետք: Ինչքան խորը ու ինչքան կործանարար՝ ցույց կտա ժամանակը:
Յուրաքանչյուր մարդ ունի բնավորության գծեր ու սկզբունքներ: Բնավորության գծերն ու սկզբունքները ժայռի կտորներ են: Վատ կյանքի բերումով կամ վատ որոշումների բերումով դու մեկ-մեկ ստիպված ես լինում վիզ ծռել: Այսինքն՝ քո ժայռի կտորները դնում ես հարվածի տակ, մտածելով՝ ջրի կաթիլը իմ նմանին ինչ պիտի անի: Կաթիլն ընկնում է ժայռիդ կտորի վրա ու ցրվում դես ու դեն. անգամ խոնավություն չի մնում վրան: Եթե քեզ բախտ է վիճակվել ունենալ այնպիսի աչքեր, որոնք քեզ ցույց կտան մարդկանց իսկական հոգեվիճակը, ապա, եթե դու հանդիպես քեզ նման վատ կյանք ունեցող կամ սխալ որոշում կայացրած ծուռ վզով մարդկանց՝ կնկատես, որ իրենց ժայռաբեկորները քոնինի պես չեն. ծակծկված են, անցքերի մեջ ջուր և ջրիմուռ է հավաքվել ու կորել է բեկորների ամբողջ փայլը: Բեկորներն այնքան են գեշացել, որ մարդը թաքցնում է իր սկզբունքները, որպեսզի խուսափի հերթական «անվտանգ ու նուրբ» հարվածից: Ու, եթե բախտդ բերել է ու դու ունես ուղեղ, հնարավոր է որոշես, որ քո ժայռաբեկորների փայլն ավելի կարևոր է, քան մի ձեռք ավել շոր ունենալը կամ մի աման ավել ճաշ ուտելը: Կան մարդիկ, ովքեր ունեն շատ վատ արտահայտված ժայռաբեկորներ: Սրանցով ոչ մեկին չես զարմացնի: Այդպիսի մարդիկ ունենում են պաշտոններ, իշխող դիրքեր: Որովհետև իրենք ունիվերսալ են, իրենք չունեն ճաշակ, դրա համար էլ յուրաքանչյուր երաժշտության տակ էլ պարում են: Նրանց հետ հեշտ է: Յուրաքանչյուր ժայռ ունի իր տեղն այս աշխարհում: Ինչքան պրիմիտիվ է քո ժայռը, այնքան հեշտ կգտնես քո տեղը կյանքում: Իսկ ինչքան բարդ է, յուրօրինակ է, տարօրինակ է քո ժայռը, էնքան ավելի դժվար կգտնես քո տեղն ու դերը, եթե գտնես, ա՜խ, եթե գտնես...:
Ուղղակի կյանքի հանգամանքների բերումով՝ իշխանության հովանու տակ, ամեն արժան-անարժանի խոսք, դիտողություն, վիրավորանք քո միջի գիշատիչին, որը պետք է փնտրեր քո ժայռի համար համապատասխան դիրք՝ վերածում է խոտակեր ուլի: Դա լինում է աստիճանաբար, մի օր էլ արթնանում ես ու հասկանում, որ քո ձեռքով դու քո ժայռը տաշել ես ինչ-որ դիրքի համապատասխանելու համար: Քո ժայռի սկզբնական ձևը երբեք չես մոռանա, դրա համար թերարժեքության զգացողությունը հոգիդ կպատի հավերժական մելանխոլիայով:
Մի օր հնարավոր է հեռվից տեսնես այն վայրը, որտեղ պետք է որ փայլեին քո անսասան ժայռաբեկորները...:
Այդ ժամանակ մելանխոլիան կվերածվի կամ հուսահատության, կամ էլ մշտական նախանձի ու ատելության: Քո նախանձը կստիպի քո տաշված ժայռերի իշխանությունը ժամանակին քեզ պես վիզը ծռածների ժայռերը փչացնելու համար, այսպիսով՝ դու վրեժ կլուծես ինքդ քեզանից, վրեժի ծարավը չի հագենա: Ու այդ շղթան չի ավարտվի, որովհետև թերարժեքության զգացողությունը կստիպի մյուսներին էլ սերմանել թերարժեքություն:
Ուղղակի կլինեն մարդիկ, ովքեր ցավեցնելով իրենց ատամները՝ կծամեն իրենց բաժին մի կտոր քառթու հացը, բայց կապրեն լիարժեք ու ներդաշնակ կյանքով:
Комментариев нет:
Отправить комментарий