среда, 20 декабря 2017 г.

Ճաղերի ներսում...

Ուզում եմ պահել քեզ իմ վանդակ-մարմնում: Բայց ոչինչ չունեմ հյուրասիրելու: Չես նեղանա, չէ՞: Ախր, դու այնքան հարազատ ես: Պարզապես մեղմ կշշնջամ ականջիդ այդ կանչը:
Մերժելո՞ւ ես: Մի՞թե ազատության կարիքն է դեռ քեզ խեղդում: Ախր, չես հասկանում, ներսս միայն քեզանով է լցվում: Թե կուզես այն քեզ համար մի տաքուկ տան վերածիր, դու կարող ես մնալ այնտեղ հավերժ: Իսկ երբ պատուհանից դուրս նայես, քեզ գունավոր այգին մի կտավ կհիշեցնի: Խնամիր այդ այգին: Ամեն ծաղկին այնքան զգուշությամբ մոտեցիր, ասես մատներդ առաջին անգամ սահելով իմ վարսե լաբիրինթի միջով` հանկարծ հանդիպել են ականջիս: Դու մեղմ կտանես այդ վարսերը ետ, այնպես չէ՞: Այլևս ոչինչ չկա, որ կարող է խանգարել քեզ: Դե, նայիր ուշադիր դեմքիս: Ճանաչիր ամեն մի մանրուք, որ կարող է հետո քեզ իմ մասին հիշեցնել: Ջրելիս մտածիր այն խոսքերի մասին, որ ասվում են հենց այնպես՝ չմտածված: Ես դրանք քաշում եմ ներս: Ու գլուխս կախում անմիջապես, երբ չափն անցնում ես: Մի փորձիր արմատախիլ անել թոռոմած թերթերը, դու կարող ես վնասել նորերին: Պատմությունը երբեք չի մոռացվում, մենք պարզապես համակերպվում ենք նրա հետ հանուն մի նոր, անմեղ բողբոջի, որ հազիվ է ծիլ տվել: Բայց միևնույնն է, ինչ էլ պատահի իմ ներսում՝ ես պատրաստ եմ: Միայն թե դու չփոխես մեր ստեղծած այս վանդակն ազատությանդ հետ: Քանի որ գիտեմ, դատարկությունը նույնպես կգա քեզ հետ՝ փակելով ինձ այս գարշելի հիշողության վանդակում:

Комментариев нет:

Отправить комментарий