среда, 15 ноября 2017 г.

Իմ կրթահամալիրը այդպիսին չէ...

Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնը ասել է. «Ցանկացածը հանճար է, բայց եթե դատենք ձկանը իր՝ ծառ մագլցելու կարողությամբ նա այդպես էլ կապրի ամբողջ կյանքը մտածելով, որ տխմար է»: 

Դպրոցներում գործում է մի կրթական համակարգ, որը ձկներին ոչ միայն ստիպում է ծառ մագլցել, այլև իջնել այդ ծառից և մասնակցել մրցավազքի: Այս օրինակով, միլիոնավոր մարդկանց վերածում են ռոբոտների: Եվ մեր հասարակությունում շատերն են նմանվել այդ ձկանը՝ դասարանում լողալով նույն ուղղությամբ և երբեք չբացահայտելով սեփական տաղանդը, մտածելով, որ իրենք պարզապես անպիտան են: Դպրոցները սպանում են աշակերտների անհատականությունը և ստեղծականությունը: Սպառված է...
Պատրաստում են մարդկանց` ոնց որ գործարանում: Եվ սրանով է բացահայտվում այն, որ նստեցնում են աշակերտներին ուղիղ շարքերով՝ զգաստ և կոկիկ, ստիպում են նրանց նստել լուռ, բարձրացնել ձեռքերը, եթե նրանք ուզում են ինչ-որ բան ասել, տալիս են կարճ ընդմիջում և շարունակ թելադրում, թե ինչի մասին մտածել: Եվ ստիպում են նրանց մրցակցել բարձր գնահատական ստանալու համար: Գնահատական, որ որոշում է ապրանքի որակը: Չգիտես ինչու մոռանում են, որ այսօր պետք չէ ստեղծել ռոբոտներ: Աշխարհն առաջընթաց է ապրել և այժմ անհրաժեշտ են ստեղծագործ, նորարար, քննող, անկախ միտք ունեցող մարդիկ:
Ցանկացած գիտնական կասի, որ անհնար է գտնել երկու նման ուղեղ, բայց դպրոցների մեծամասնությունը առաջարկում են «նույն չափսը բոլորի համար»: Եվ, եթե բժիշկը նույնանման դեղեր նշանակի իր բոլոր հիվանդներին, հետևանքները ողբերգական կլինեն: Շատ մարդիկ հիվանդի կարգավիճակում կմնային: Սակայն, դպրոցներում հենց սա էլ կատարվում է: Մի ուսուցիչ կանգնում է 20 աշակերտի դիմաց, որոնցից յուրաքանչյուրը ունի տարբեր հակումներ, տարբեր կարիքներ, տարբեր տաղանդներ, տարբեր երազանքներ: Եվ նրանք նույն բանը նույն կերպ դասավանդում են բոլորին: Եթե կարող ենք փոխել մեքենաներ, էջեր Facebook-ում, նույն բանն էլ հնարավոր է կրթական համակարգում: Ազատվել դպրոցի նման կրթակարգից, քանի որ այն անօգուտ է: Հնարավոր է գտնել բանալին ամեն դասարանի, ամեն սրտի: Ամեն տաղանդի պետք է տալ հավասար հնարավորություններ: Աշակերտները բոլորի 100 %-անոց ապագան են:
Իմ աշխարհը, իմ դպրոցը այսպիսին չէ: Ես հաջողակ եմ:
Իմ աշխարհում տարբեր բաներ կան: Աշխարհ, ուր ձուկը պարտավոր չէ ծառ մագլցել: Աշխարհ, ինչի շնորհիվ ես չեմ դարձել շարքերում նստած ռոբոտ, այլ ձգտել եմ կատարյալին: Այսօր իմ կրթահամալիրն իր մեծ ներդրումն ունի իմ կյանքում: Այսօր, ես ի շնորհիվ կրթահամալիրիս, կարողանում եմ տեղ հասցնել իմ ասելիքը, կարողանում եմ մտածել և իրագործել, ստեղծել ու խրախուսվել:
Ինչպիսի՞ն կլինեի ես, եթե չլիներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
Գուցե այնպես, ինչպես նկարագրում էի՝ ռոբոտ, բայց, բարեբախտաբար, այսօր այդպիսին չեմ: Կրթահամալիրն է, որ ինձ տվել է ազատ մտածելու, կարծիքս արտահայտելու հնարավորություն: Կրթահամալիրն է, որ տվել է անփոխարինելի ընկերներ ու անիրական միջավայր: Տվել է կայանալու մեծ հնարավորություն, և կարծում եմ` սկիզբը հաջողված է: Առաջին քայլերս հաջող են կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս: Կրթահամալիրը մեծ տեղ է զբաղեցնում: Կրթահամալիրում կյանք կա:
Կրթահամալիրում իր ուրույն դերն ունի տիար Բլեյանը: Հաճախակի տեղ եմ գտնում նրա օրագրերում: Գրում է` նաև անդրադառնալով ինձ, իմ ստեղծագործություններին, ինչը ոգևորող է: Սա խրախուսման ձև է, որը կարողանում է ինձ ժպիտ պարգևել:
Ես միայն կարող եմ ասել, որ հպարտ եմ, որ սովորում եմ այստեղ՝ «Մխիթար Սեաստացի» կրթահամալիրում:
Եվ, մի օր հետ կվերադառնամ, արդեն ոչ միայն կրթահամալիրի աշակերտ, այլ ամբողջովին կայացած մի մարդ, ով իր առաջին փորձերը սկսել է կրթահամալիրում:
Մոտ ապագայում ես ու կրթահամալիրը հանդիպելու ենք երկրորդ անգամ...

Комментариев нет:

Отправить комментарий