Այսօր՝ փետրվարի 8-ին, մի խումբ սովորողներով մեկնել էինք Աշտարակի Օհանավան գյուղ:
Լավ գյուղ, հաճելի մարդիկ, ընտիր օր: Սկզբում գնացինք դպրոց, ներկայացրինք մեր էլեկտրոնային ամսագրերը, առաջարկեցինք մեր համագործակցությունը, զրուցեցինք, խոսեցինք տարբեր-տարբեր թեմաներից, հետո միասին քայլեցինք գյուղի եկեղեցի` Հովհաննավանք: Բարձր դասարանցիները պատմեցին Հովհաննավանքի մասին: Պատմությունը լսելուց հետո միասին երգեցինք շարականներ, հետո դրսում նստոտեցինք քարերին ու ընթերցեցինք Տերյան: Եկեղեցու բակում պարեցինք ու երգեցինք «Աս տարի» և «Ծամիս թորգի»:
Պարզվեց` մեր աղջիկներից մեկը՝ Արմինեն օհանավանցու թոռ է: Բոլորը նրան ճանաչում էին: Վերադառնալուց առաջ գնացինք Արմինե Գևորգյանի տատիկի տուն: Այնքա՜ն անուշ կին էր: Նստեցինք սեղան, ես էլ սովորությանս համաձայն սկսեցի պատմություններ պատմել: Ամեն պատմությունս սկսելուց աղջիկներից մեկը ծիծաղելով ասում էր.
-Աստ, էդ մեկը պետք չի պատմել:
Պատմում էի, ծիծաղում էինք, մեկ էլ եկավ չարաճճի, Արմինեի` քաղցրներից քաղցր փոքրիկ եղբայրը: Արմինեին այնքան էր կարոտել, որ ծեծում էր: Ես էլ ավելի էի ոգևորում.
Չորս տարեկան է, բայց այնպես է կարդում, այնպե՜ս: Տատիկը մի քանի բանաստեղծություններ է անգիր սովորեցրել, էս էլ գիրքը վերցնում է, իբրև թե կարդում է, բայց... անգիր է ասում:
Չդժվարացա հարցնել.
- Որտե՞ղ ես սովորել կարդալ:
Մեկ էլ, որ չասեց...
- Տատիկի ծոցը:
Հիմա մի ծիծաղ ենք դրել:
Այնքան լավ օր էր, չեք պատկերացնի:
Комментариев нет:
Отправить комментарий