Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի
Հյուսիսային շրջաններից ցուրտ ձմեռն եկավ անտառ, որտեղ ապրում էին մայր աղվեսը և նրա ձագը:
Առավոտյան փոքրիկ աղվեսը պատրաստվում էր խաղալ և արդեն գլուխը դուրս էր հանել բնից, երբ հանկարծ ճչաց, թաթիկներով ծածկեց աչքերը և թավալգլոր ընկավ նորից բույն՝ անմիջապես մոր մոտ։
— Մայրի՛կ, աչքիս մեջ ինչ-որ բան ընկավ: Խնդրում եմ հանի այդ բանը: Շտապի՛ր, շտապի՛ր։
Մայր աղվեսը շատ վախեցավ։ Նա պատրաստեց իրեն ամենավատին և զգուշորեն մի կողմ տարավ փոքրիկ թաթիկները՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ։
Բայց պարզվեց, որ աչքերի հետ ամեն ինչ կարգին է։Աղվես մայրը դուրս նայեց և անմիջապես հասկացավ ամեն ինչ։ Գիշերը ձյունատեղում էր: Իսկ հիմա, ուր էլ որ նայեիր, ձյունը փայլում էր առավոտյան արևի շողերի տակ։ Փոքրիկ աղվեսը նախկինում երբեք չէր տեսել ձյուն՝ փայլը կուրացրեց նրան, աչքերը կսկծվեցին և նույնիսկ, կարծես, սկսեցին այրվել։
Փոքրիկ աղվեսը գնաց զբոսնելու:
Նա երկար վազում էր փափուկ, փափկամազ, մետաքսանման ձյան մեջ՝ բարձրացնելով ծիածանի նուրբ շիթերի շատրվաններ։ Հանկարծ, նրա հետևում, ինչ-որ բան բարձր դրմբաց, լսվեց սուլոց, և Բա-ա՜-մփ՝ ձյան փոշին տարածվեց ամենուրեք: Փոքրիկ աղվեսը վախից հեռու ցատկես և, գրեթե ամեն քայլափոխին՝ ընկնելով ձնակույտերի մեջ, վազեց ավելի հեռու։ Հետո նա շրջվեց՝ նայելու։ Դա ուղղակի ձյան հսկայական կույտ էր, որը վայր էր ընկել եղևնու գագաթից։ Տեսանելի էր, թե ինչպես է ձյունը շարունակում անաղմուկ թափվել եղևնու թավասաղարթ ճյուղերից՝ առաջացնելով օդում բարակ սպիտակ թելեր։
Աղվեսի ձագը մի քիչ էլ ձյան մեջ խաղաց ու վերադարձավ բույն։— Մայրի՛կ,- ասաց նա,- թաթիկներս սառել են: Նրանք դարձել են սառցակտորիկ:
Նա մայր աղվեսին ցույց տվեց վարդագույն բարձիկներով թաց թաթիկները։
—Նրանք հիմա կտաքանան: Իհարկե, այսքան երկար վազել ձյան մեջ: Հիմա, փոքրիկս, շուտով կտաքանաս, — ասաց աղվեսը, բայց մտածեց, որ փոքրիկը կարող է ցրտահարել իր թաթիկները: «Մեղք է։ Երեկոյան պետք է քաղաք գնալ և նրա համար ձեռնոցներ գնել», — որոշեց նա ինքն իրեն:Վրա հասավ սև-մութ երեկոն, որն իր խավարով ծածկեց անտառն ու դաշտերը, ինչպես մի մեծ վերմակ։ Բայց ձյունն այնքան սպիտակ էր, որ նրանից բխող փայլը հնարավոր չէր թաքցվել, ինչով էլ ծածկեիր այն։
Բնից դուրս եկան երկու արծաթե աղվես՝ մայրն ու ձագը։ Փոքրիկ աղվեսը թաքնվեց մոր տաք փորի տակ և, քանի դեռ նրանք քայլում էին, գլուխը շրջում էր այս և այն կողմ ու ապշած աչքերով թարթում:
Առջևում փոքրիկ լույս երևաց։
Տեսնելով այն՝ աղվեսի ձագը հարցրեց.
— Մայրիկ, մի՞թե աստղը կարող է այդքան ցածր փայլել: Նա ընկե՞լ է:
— Դա աստղ չէ, — պատասխանեց մայր աղվեսը և զգաց, որ վախից ոտքերը չեն ենթարկվի իրեն: — Այդ լույսը քաղաքում է վառվում։
Տեսնելով լույսը նա հիշեց մի դեպք, որը տեղի էր ունեցել այս քաղաքում իր և աղվես ընկերուհու հետ։ Այդ օրը, անկախ նրանից, թե ինչպես էր փորձում համոզել իր ընկերուհուն, նա որոշեց ամեն գնով մարդկանցից բադ գողանալ, բայց մարդիկ նկատեցին նրանց ու հետապնդեցին: Աղվեսներին, կյանքի գնով, հաջողվեց փախչել:
— Մայրի՛կ, ինչո՞ւ ես կանգնած մնացել: Եկ գնանք, — լսվեց ներքևից։ Բայց մայր աղվեսը չկարողացավ իրեն ստիպել շարժել։ Այլ ճար չկա, աղվեսիկը մենակ պետք է շարունակի:— Փոքրիկ, տուր ինձ քո թաթիկը, — խնդրեց նա:
Աղվեսիկը իր թաթիկը մեկնեց, մայր աղվեսը վերցրեց այն իր թաթերի մեջ, պահեց մի քիչ, մինչև այն դարձավ մանկական ձեռք՝ գեղեցիկ կլոր ափով։ Աղվեսիկը մի քանի անգամ սեղմեց և բաց թողեց մատները, փորձեց ինքն իրեն կսմթել դրանցով, իսկ վերջում, նույնիսկ, ամեն կողմից հոտոտեց իր նոր ձեռքը։
— Մայրիկ, սա ի՞նչ է: Անհասկանալի է, — նա ուշադիր զննում էր զարմանալի թաթը, որն ավելի տարօրինակ էր թվում արծաթափայլ ձյան մեջ։
— Դա մարդու ձեռք է, — պատասխանեց մայր աղվեսը: -Ինձ լսու՞մ ես, փոքրիկ: Երբ քաղաք գաս, շատ ու շատ տներ կլինեն։ Դուք պետք է գտնես մի տուն, որի ցուցանակի վրա նկարված է գլանագլխարկ՝ բարձր գլխարկ: Երբ ցուցանակով տունը գտնես, թակիր դուռը և քաղաքավարի ասա. «Բարի երեկո»: Եվ երբ ներսում ապրող մարդը բացի դուռը, դու ճեղքից ներս կմտցնես այս՝ մարդկային, թաթը և կասես. « Խնդրում եմ, ձեռնոցներ տվեք ինձ, որոնք կհամապատասխանեն իմ ձեռքին»: Հասկացա՞ր փոքրիկ: Քո իրական թաթը մարդկանց երբեք չպետք է ցույց տաս:
— Ինչո՞ւ ոչ, — հարցրեց փոքրիկ աղվեսը:
— Որովհետև, եթե մարդիկ հասկանան, որ դու աղվես ես, նրանք չեն ցանկանա քեզ ձեռնոցներ վաճառել: Ավելի վատ, նրանք կարող են քեզ բռնել և դնել վանդակի մեջ: Մարդիկ սարսափելի են, և մենք վախենում ենք նրանցից։
Փոքրիկ աղվեսը հոգոց քաշեց:
— Այո, այո, դրա համար նրանց ցույց մի տուր քո աղվեսի թաթը, այլ միայն մարդկայինը, — կրկնեց մայրը և երկու արծաթե մետաղադրամ դրեց աղվեսիկի մարդկային ափի մեջ:Փոքրիկ աղվեսը դանդաղ քայլեց մի մեծ դաշտի միջով, որը ծածկված էր փայլուն ձյունով, իսկ նրա մյուս կողմում քաղաքն էր փայլում լույսերով։ Ճիշտ է, սկզբում միայն մեկ լույս էր երևում, բայց հետո երկու, երեք, և, ահա, առջևում տասը լույս էր վառվում։ Փոքրիկ աղվեսը նայում էր նրանց և մտածում, որ նրանք նման են բազմագույն աստղերի՝ կարմիր, դեղին, կապույտ…
Շուտով նա հասավ քաղաք։
Փողոցներում մարդ չկար, տների դռները ամուր փակված էին։ Միայն մեղմ, տաք լույս էր թափվում լուսավորված պատուհաններից։ Որոշ տների վրա ցուցանակներ էին կախված։ Յուրաքանչյուրի կողքին վառվում էր մի փոքրիկ լապտեր, որի լույսի ներքո կարելի էր տեսնել մակագրությունը: Փոքրիկ աղվեսը անցնում էր տների արանքով և փնտրում էր գլխարկով ցուցանակը։ Նա հանդիպում էր հեծանիվներով, ակնոցներով և ամենատարբեր այլ իրերով, բայց, անկեղծ ասած, նա չէր հասկանում, թե ինչ է այս ամենը նշանակում, քանի որ երբեք քաղաքում չէր եղել։
Որոշ ցուցանակներ բոլորովին նոր տեսք ունեին, իսկ մյուսների վրա ներկը թափված և պղպջակներով էր, ինչպես հին պատը:
Տունը, որը նա փնտրում էր, վերջապես գտնվեց։ Մուտքի վերևում ցուցանակ էր կախված, որը լուսավորում էր էլեկտրական լապտերով։ Նրա կապույտ լույսի ներքո փոքրիկ աղվեսը կարող էր տեսնել մի մեծ գլխարկ: Նա հիշեց մոր ասածը, դուռը թակեց և ասաց. «Բարի երեկո»։
Ներսից ոտնաձայներ լսվեցին, հետո դուռը մի քիչ բացվեց, և պայծառ լույսի բարակ շերտ ընկավ ձյունածածկ մայթին։
Անակնկալից փոքրիկ աղվեսը շփոթվեց և մեկնեց իր սխալ՝ աղվեսի, թաթը ճեղքի մեջ:
—Խնդրում եմ, ձեռնոցներ տվեք ինձ, որոնք կհամապատասխանեն իմ ձեռքին, — ասաց նա, ինչպես նրան մայրն էր սովորեցրել:
«Օ՜, օ՜, օհ, — մտածեց գլխարկագործը: — Սա աղվեսի թաթ է: Ինձ մոտ աղվես է եկել ձեռնոցների հետևից։ Անշուշտ կփորձի ինձ վճարել խոտով և տերևներով»:
Իսկ բարձրաձայն ասաց.
— Խնդրում եմ, նախ վճարիր ինձ:
Փոքրիկ աղվեսը վարպետին տվեց երկու արծաթե մետաղադրամ, որոնք նա ստացել էր մորից։
Գլխարկագործը վերցրեց դրանք ու հարվածեց միմյանց։ Նրանք զրնգացին:
«Իսկական են,- մտածեց վարպետը և դարակից վերցնելով մի զույգ մանկական ձեռնոց՝ դրեց աղվեսիկի թաթիկների մեջ։ Աղվեսի ձագը քաղաքավարի շնորհակալություն հայտնեց ու վերադարձի ճանապարհ ընկավ։«Մայրիկն ասաց, որ մարդիկ սարսափելի են: Բայց նրանք ամենևին էլ սարսափելի չեն, և ես նրանցից չեմ վախենում, — մտածեց նա։ — Ի վերջո, այս մարդն ինձ ոչինչ չարեց, երբ տեսավ իմ իսկական թաթը»: Դրանից հետո փոքրիկ աղվեսը շատ էր ուզում նայել մարդկանց:
Հենց այդ պահին նա անցնում էր պատուհանի մոտով, և հանկարծ այնտեղից մարդկային ձայն լսվեց: Ի՜նչ մեղմ ձայն էր։ Այնքան գեղեցիկ: Այնքան սիրալիր։
Բայու-բայ, քնիր փոքրիկ
Մայրիկի կրծքին:
Բայու-բայ, քնիր փոքրիկ
Մայրիկի ձեռքերում:
Փոքրիկ աղվեսը մտածեց, որ դա երևի մարդու մայրն է օրորոցային երգ երգում իր մարդկային երեխայի համար, քանի որ նրա մայրը նույնպես միշտ երգում էր նման երգ նրա քնելուց առաջ:
Եվ հետո նա լսեց երեխայի ձայնը.
— Մայրիկ, այս գիշեր այնքան ցուրտ է: Հավանաբար անտառում փոքրիկ աղվեսը լաց է լինում, որ սառել է ։
— Մի անհանգստացիր, սիրելիս, փոքրիկ աղվեսն իր բնում նույնպես լսում է այն երգը, որը մայրը երգում է նրան քնելուց առաջ: Ժամանակն է, որ դու էլ քնես։ Հետաքրքիր է, ո՞վ ավելի արագ կքնի, դու, թե՞ աղվեսիկը անտառի բնում։ Կարծում եմ, որ վերջ ի վերջո դու:Այս խոսքերից հետո փոքրիկ աղվեսն ցանկացավ անմիջապես գնալ մոր մոտ։ Եվ նա վազեց որքան կարող էր արագ դեպի այնտեղ, որտեղ նա սպասում էր իրեն։ Մինչ աղվեսի ձագը բացակայում էր, մայր աղվեսն անհանգստությունից իր տեղը չէր գտնում։ Նա շտապեց նրան ընդառաջ, ամուր գրկեց նրան և քիչ էր մնում ուրախությունից լաց լիներ, որ նա վերադարձել է։
Երկուսով նրանք վերադառձան անտառ։ Լուսինը բարձրացավ, աղվեսների վերարկուները փայլում էին լուսնի արծաթագույն լույսի ներքո, իսկ խոր կապույտ ստվերները լցվում էին աղվեսների հետքերով:
— Մայրիկ, գիտես, մարդիկ ամենևին էլ սարսափելի չեն:
— Իչո՞ւ ես այդպես մտածում։
— Որովհետև ես, այնուամենայնիվ, խառնեցի թաթերս, բայց ոչ մեկի մտքով անգամ չանցավ ինձ բռնել։ Ինձ պարզապես տվեցին այս գեղեցիկ տաք ձեռնոցները: — Եվ փոքրիկ աղվեսը ծափ տվեց իր թաթերով, որոնցից յուրաքանչյուրի վրա այժմ մի ձեռնոց կար:
Աղվես մայրը պարզապես շունչ քաշեց և քթի տակ մրմնջաց. «Գուցե մարդիկ իսկապես լավն են: Միգուցե…»:
1933թ.
Աղբյուրը.
Комментариев нет:
Отправить комментарий