Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի
Ձմեռ էր։ Կովերը սառնամանիքից թաքնվել էին գոմում և հանգիստ ննջում էին իրենց ախոռներում։ Միայն մայրիկ Մուն էր կանգնած պատուհանի մոտ և նայում դուրս։
Հանկարծ պատուհանը թակեցին։
Մայրիկ Մուն բացեց և գոմ ներս թողեց ագռավ Կրաքսին:
— Բարև, — ողջունեց մայրիկ Մուն: -Երեխաներին տեսե՞լ ես։
— Իհարկե, — գլխով արեց Կրաքսը: — Շատ անգամներ:
— Ես ի նկատի ունեմ նրանց, ովքեր սահնակով սահում են, — ասաց մայրիկ Մուն: — Տե՛ս, ինչ հիանալի է:
Տիրոջ աղջիկը մեծ արագությամբ սահում էր բլուրից: Ձյունը ցրիվ եկավ բոլոր կողմեր։ Աղջիկը հմտորեն շրջանցում էր բոլոր խոչընդոտները։ Վա՜յ-վա՜յ-վա՜յ, նա քիչ էր մնում հարվածեր փայտին, բայց հաջողվեց շրջանցել: Առջևում ձնակույտ է… Թռի՛չք… Բամ։ Աղջիկը թռավ և վայրէջք կատարեց հեռվում: Ա՜յ քեզ արագություն։ Զգույշ, առջևում ծառի կոճղ է: Աղջիկը փորձեց շրջանցել այն… Սահնակը շրջվեց: Աղջիկը ընկավ ձյան մեջ և բարձր ծիծաղեց։
— Նա ընկա՛վ, — վրդովվեց Կրաքսը։
— Նա ծիծաղում է, — ասաց մայրիկ Մուն: — Մու-ո՜ւ, ինչ զվարճալի է։
— Կա-առ, -բարկացավ Կրաքսը: — Նրանք սահնակ են քշում, թե՞ ձյան մեջ թավալ տալիս: Չեմ հասկանում, ի՞նչ ծիծաղելի բան կա։
— Նրանց դուր է գալիս ընկնել, — ասաց մայրիկ Մուն: — Ընկնելը զվարճալի է:
— Այդ դեպքում նրանց ինչի՞ն է պետք սահնակը, — փնթփնթաց Կրաքսը: — Թող պարզապես պառկեն ձյան մեջ և ծիծաղեն, եթե դա այդքան զվարճալի է:
— Արի գնանք նրանց մոտ, — առաջարկեց մայրիկ Մուն:
— Որտե՞ղ, — հարցրեց Կրաքսը:
— Երեխաների մոտ, բլրակ:
— Երեխաների մոտ, բլրա՞կ, — կնճռոտեց ճակատը Կրաքսը: — Ինչի՞ համար:
— Կխնդրենք նրանցից սահնակը… Նրանք անշուշտ կտան մեզ: Նրանք բարի են։
Կրաքսը թռավ մինչև առաստաղ։
— Ո՛չ, ոչ մի դեպքում, — գոռաց նա ու գլուխը ցնցեց։ — Ոչ մի դեպքում չեմ սահի բլուրից:
— Մու-ո՜ւ, — հառաչեց մայրիկ Մուն: -Իսկ ես մտածում էի, որ մենք միասին կսահենք…
— Ոչ մի դեպքում: Սահել կովի հետ: Ոչ, ավելի լավ է վերադառնամ տուն:
Կրաքսը բացեց պատուհանը։ Նա շատ էր շտապում ու արդեն թևերը բացել էր թռչելու…
— Այո, իհարկե, — ասաց մայրիկ Մուն: -Այդ մասին չմտածեցի։ Դու իրավացի ես, դա անհնար է։
— Անհնա՞ր է, — նորից հարցրեց Կրաքսը և թևերը ծալեց:
— Անհնար է, — կրկնեց մայրիկ Մուն և ավելացրեց, — Սահնակն ունի ղեկ: Բայց ես վարել չեմ կարող, ես ձեռքեր չունեմ: Իսկ ագռավները սահնակով չեն սահում:
— Չե՞ն սահում, — նորից հարցրեց Կրաքսը և նայեց մայրիկ Մուին:
— Դու էլ վարել չգիտես, — ասաց մայրիկ Մուն:
— Ես վարել չգիտե՞մ, — վրդովվեց Կրաքսը, շրջվեց դեպի մայրիկ Մուն և ուղղեց ուսերը:
— Չէ, մեզ չի հաջողվի, — հառաչեց մայրիկ Մուն: -Մեզ հարկավոր չէ սահնակ, քանի որ չենք կարողանում վարել…
— Մենք չե՞նք կարող, — Կրաքսը ուռցրեց դոշը, մաքրեց կոկորդը և ասաց, — մայրիկ Մու, դու գիտե՞ս ովքեր են չվող թռչունները:
— Չվող թռչուննե՞րը, — զարմացավ մայրիկ Մուն։
— Այո, բոլոր արտույտները, պոչգցուկները, սերինոս-մերինոսները…
— Մերինոսնե՞րը:
— Դե, այո, կամ ինչպե՞ս են անվանում այն փոքրիկ թռչուններին, որոնք ձմռանը չվում են ավելի տաք երկրներ: Գիտե՞ս ինչու ագռավները իրենց հետ չեն չվում։
— Ոչ, — թոթովեց ուսերը մայրիկ Մուն: -Ինչո՞ւ:
— Ագռավները մնում են տանը որ սահնակ քշեն, — պատասխանեց Կրաքսը:
— Մու-ո՜ւ , — զարմացավ մայրիկ Մուն: — Իսկապե՞ս դրա համար:
— Այո, — գլխով արեց Կրաքսը: -Մանկուց սահնակ եմ քշում: Բոլոր ագռավները սահնակ են քշում: Առավոտից երեկո։ Ամեն օր։ Ամբողջ ձմեռը: Ու միշտ վարում եմ ես։
— Դա հիանալի է, — ասաց մայրիկ Մուն: -Ուրեմն հիմա էլ կարող ես։
Կրաքսը չհերքեց։ Նա բացեց պատուհանը, դուրս թռավ ու թափահարեց ձախ թևով։
— Իմ հետևի՛ց, դեպի բլուր,- բղավեց նա ու լայն քայլերով գնաց առաջ:
— Տիրոջ երեխաները հենց նոր գնացին տուն, — ասաց մայրիկ Մուն: — Սահնակն ազատ է: Կարող եք գնալ սահել:
— Ես առաջի՛նն եմ, — բղավեց Կրաքսը և տեղավորվեց սահնակի վրա: — Ես առաջի՛նն եմ։ Հրի՛։
— Հրե՞մ, — չհասկացավ մայրիկ Մուն:
— Այո, վազի՛ր ու հրի՛ր, — բղավեց Կրաքսը: — Ավելի ուժե՛ղ։ Ամենակարևորն արագություն հավաքելն է, այդ դեպքում ամեն ինչ կստացվի: Վազի՛ր և հրի՛ր։ Դե՜։
Մայրիկ Մուի համար դժվար էր վազել և հրել: Ոտքերը թաղվում էին, փորը քարշ էր գալիս ձնով։
— Ո՜ւֆ, վազել և հրե՞լ, — հևում էր մայրիկ Մուն: — Չի ստացվում:
— Օ՜, կովի մեկ, — փռնչաց Կրաքսը և թռավ սահնակից: -Դու նստիր, իսկ ես կհրեմ։
Մայրիկ Մուն ծանր նստեց սահնակի վրա: Ճռճռաց, բայց չփլվեց:
— Սովորի՛ր, — բղավեց Կրաքսը և սկսեց ամբողջ ուժով հրել սահնակը:
Այն սկսեց քիչ-քիչ արագություն հավաքել։
— Բռնվի՛ր, պառավիկ, — մայրիկ Մուի հետևից բղավեց Կրաքսը:
— Օ-օ՜, — բացականչեց մայրիկ Մուն: — Ես իջնում եմ բլոիրից: Ա՜յ քեզ բան։ Որքա՜ն արագ։ Բայց ես չեմ կարող ղեկը պտտել։
Բա՛մ։ Նա հարվածեց առաջին փայտին:
— Վա՜յ, ես փայտի վրայով անցա, — ասաց մայրիկ Մուն:
Բա՛մ։ Նա անցավ հաջորդ փայտի վրայով: Բա՛մ։ Եվս մեկին հարվածեց: Էլի ու էլի…
Սահնակըը, առանց շրջվելու, սլանում էր առաջ՝ ուղիղ փայտիկների վրայով։
— Կարծես մայրուղով են սլանում, — բացականչեց մայրիկ Մուն:
Առջևում ձնակույտ երևաց։ Սահնակը թռավ, բայց ոչ շատ բարձր, վայրէջք կատարեց…
Խոր ձյան մեջ շրջվեց։ Մայրիկ Մուն ընկավ և գլորվեց ներքև: Նա գլորվում ու գլորվում էր, և երբ վերջապես կանգ առավ, նմանվեց հսկայական եղջյուրավոր ձյան կույտի։
Կրաքսը վազեց մայրիկ Մուի մոտ և տեսավ, որ նա ծիծաղում է։ Նա թևերը ծալեց կրծքին և խստորեն նայեց նրան։
— Դու տապալեցիր բոլոր փայտերը,- ասաց նա։ — Ամեն մեկը:
— Ինչ զվարճալի է, — մայրիկ Մուն ուրախանում էր:
— Դու բախվեցիր ձնակույտին: Զարմանալի է, որ չես կոտրել սահնակը:
— Ընկնելը շատ զվարճալի է, — պատասխանեց մայրիկ Մուն:
— Այնտեղ, որտեղ ընկել ես, հսկայական փոս է առաջացել, — ասաց Կրաքսը: — Դու չափազանց գեր ես։
— Մու- ո՜ւ, — փնչացրեց մայրիկ Մուն: -Ես չեմ շատ գեր, այլ ձյունն է չափազանց փափուկ։
Կրաքսը շրջվեց և վազեց դեպի բլուրը։
— Հիմա իմ հերթն է, — կռաց նա:
Մայրիկ Մուն ոտքի կանգնեց, թափահարեց ձյունը և սահնակը քարշ տվեց բլրի վրա:
— Իմ պոչը սառել է, — բողոքեց նա:
Մայրիկ Մուի պոչը քարշ էր գալիս նրա հետևից ձյան մեջով, երբ նա սահում էր բլուրից:
— Երբ սահնակ ես քշում, պետք է պոչը հավաքել, — բղավեց Կրաքսը: — Սովորի՛ր ինձնից:
— Հաջորդ անգամ, երբ բլրից կիջնեմ, սահնակի հետևում պոչի համար դահուկ կամրացնեմ, — ասաց մայրիկ Մուն:
Կրաքսը կանգնած էր բլուրի գագաթին և հրամայում էր.
— Մայրյրիկ Մու, ավելի արագ: Բեր սահնակը այստեղ:
Մայրիկ Մուն, հևալով, սահնակը քարշ տվեց բլրի վրա:
Հենց նա բարձրացավ, Կրաքսը հարմարվեց նստատեղի վրա:
— Վազի՛ր և հրի՛ր, — հրամայեց նա: — Հիմա ես քեզ ցույց կտամ ինչպես ճիշտ սահել :
— Կրաքս, կեցցե՛ս…
— Կտեսնես, թե ինչ է իսկական ցատկը:
— Հիմա կվազեմ ու կհրեմ…
— Ավելի արագ: Գլխավորը արագությունն է, — Կրաքսը գլորվեց ցած:
— Զգույշ, այնտեղ կոճղ կա, — կամաց ասաց մայրիկ Մուն:
— Գլխավորը արագությունն է, — բղավում էր Կրաքսը:
Նա շատ արագ էր սլանում։ Շրջանցում էր փայտերը, կտրուկ շրջադարձեր անում և ցած թռնում ձյան փոշու ամպի միջով։
— Շրջադա՛րձ, — հրամայում էր նա։ — Եվս մեկ շրջադարձ: Եվս մեկ։ Գլխավորը արագությունն է։ Ահա թե ինչպես պետք է քշել։ Բոլորդ սովորեք Կրաքսից։ Այսպես։ Ես կարող եմ բաց թողնել ղեկը։ Կարող եմ ընդհանրապես չբռնվեմ: Ես կարող եմ կանգնած վարել: Տեսեք, ես կանգնած եմ սահնակի վրա: Ինչպես նաև կարող են մի ոտքս բարձրացնեմ: Ես կարող եմ պառկած վարել: Տեսեք, ես պառկած եմ գնում: Ես կարող եմ նույնիսկ շրջվել մեջքի վրա: Ես շրջվել եմ մեջքի վրա և գնում եմ։
Սահնակը մոտեցավ ձնակույտին… … վեր ցատկեց և թռավ օդ: Կրաքսը բաց թողեց ղեկը և նույնպես թռավ։ Սահնակն ընկավ, և Կրաքսը նույնպես ցած ընկավ: Ուղիղ ղեկի վրա։
— Ես կանգնած եմ ղեկի վրա և կառավարում եմ սահնակը, — կռաց նա: -Իսկ դու, մայրիկՄու, դու այդպես չես կարող: Ահա, թե ինչպես կարող եմ, — բղավում էր Կրաքսը: — Ես կանգնած եմ ղեկի վրա և վարում եմ: Եվ ոչ մի բանից չեմ բռնվում: Ես նույնիսկ չգիտեի, որ կարող եմ այդպես: Ֆանտաստիկա։ Ես մեջքանց եմ վարում։ Կանգնած ղեկին։ Մեջքանց առաջ եմ գնում և ոչ մի բանից չեմ բռնվում։ Այ քեզ բա՜ն։ Այ սա հասկանում եմ։ Ես քշում եմ մեջքանց, կանգնած ղեկին, ոչ մի բանից չբռնված և փակ աչքերով։ Հիանալի՛ է։ Այ քեզ արագություն։ Ներքևում կոճղ է: Սահնակը լավ բան է: Կո՞ճղ։ Ի՞նչ կոճղ..
— Դու կոճղի վրա բարձրացար,— ասաց մայրիկ Մուն,— ու ընկար հետույքիդ վրա։
— Ես մոռացա թռչել, — կամացուկ պատասխանեց Կրաքսը:
— Ինչպե՞ս ես քեզ զգում։ Հետույքդ ցավո՞ւմ է:
— Ոչ, — մրթմրթաց Կրաքսը և ձեռք տվեց պոչը: -Ես չեմ բախվել։ Ինձ ձյունն է հարվածել։ Նստատեղիս։
— Խե՜ղճ Կրաքս,— ասաց մայրիկ Մուն։ -Ուրեմն մոռացել ես թռչե՞լ:
— Այո, — սրտաճմլիկ հառաչեց Կրաքսը: -Տարօրինակ է, որ այդքան փափուկ ձյունը հարվածում է այդքան ցավոտ։ Տուն գնալու ժամանակն է։
— Տուն գնալու ժամանա՞կն է, — հարցրեց մայրիկ Մուն: -Արդե՞ն։
— Այո, — պատասխանեց Կրաքսը: -Ճանապարհը երկար է:
— Գնալո՞ւ, — զարմացավ մայրիկ Մուն: — Ոտքով ես գնալո՞ւ։
— Այո, — գլխով արեց Կրաքսը: — Նստատեղս մի քիչ ցավում է: Այսօր չեմ կարողանա թռչել: Գնամ պառկեմ իմ բնում։
— Առողջացիր, — ասաց մայրիկ Մուն և ձյան միջով գնաց գոմ:
«Կրաքսը ստիպված էր ոտքով գնալ տուն, — մտածեց մայրիկ Մուն: — Բայց, կարծես, այնքան էլ վշտացած չէր: Կարծում եմ՝ նրան դուր եկավ սահնակ քշել, թեև սկզբում համառ էր և առարկող։ Ինձ էլ դուր եկավ սահել: Բայց ամենից շատ դուր եկավ ընկնել»։
Աղբյուրը.
Комментариев нет:
Отправить комментарий